Kinoashkharh.am-ը գրում է.
Կինո – գրականություն առնչություններն ի սկզբանե հակասությունների մի շրջանակ են գծել մարդկային քաղաքակրթության պատմության մեջ երկու կարևորագույն արվեստների համար: Չնայած այն իրողությանը, որ առանց ուժեղ գրական հիմքի չի կարող լավ կինո ստեղծվել, կինոարվեստն աստիճանաբար հեռանում է գրականությունից` օրեցօր հիմնավոր դարձնելով կինոյի և գրականության խզման մասին հնչող կարծիքները: Հայ գրականության և ազգային կինոյի փոխհարաբերությունները ևս պարզ չեն եղել ու գրականության հետ խզումն այժմ ակնհայտ է հենց հայաստանյան կինոպրոցեսում: Եվ այսօր ավելի քան արդարացի է տարիներ առաջ բանասիրության ֆակուլտետի ուսանողական լսարանում Հրանտ Մաթևոսյանի արտահայտած մտահոգությունը, թե ինչու վրացիների մոտ լավ գրականությունը վերածվում է հզոր կինոյի, մինչդեռ մեզանում ճիշտ հակառակն է տեղի ունենում: Կինո – գրականություն բարդ փոխհարաբերությունների մասին զրույցը կինոգետ և գրող Դավիթ Մուրադյանի հետ է, որը, հավասարապես և որպես կինոյի, և գրականության մարդ, կարող է իր գնահատականները հնչեցնել քննարկվող խնդիրների մասին:
- Գրականությունը մշտապես սնել է համաշխարհային կինոն: Եվ պատահական չէ, որ կինոյի 117 տարվա պատմության մեջ լավ գրականության էկրանավորումները դարձել են նաև կինոգլուխգործոցներ: Այդ իմաստով ինչպիսի՞ն է մեր գրականության և կինոյի կապը:
- Ամենա “ոչ գրական” հեղինակներից մեկը` Արտավազդ Փելեշյանը, “Մենք” ֆիլմով Չարենց է, “Տարվա եղանակներով”` Թումանյան: Եթե Փելեշյանի “Մենքի” կինոկադրերը ինչ-որ մի մոգական զորությամբ վերածեք բառատեքստի` կստանաք Չարենցի գրած պոեմ, եթե ՙՏարվա եղանակները՚` նույնպես, կստանաք թումանյանական գրականություն: Խոսքս այն մասին է, որ այդ փոխհարաբերությունները հաճախ անուղղակի են, և դա մշակույթի միասնականության կոդն է: Դա գեղարվեստական աշխարհայացքի մեջ է, և այսպիսի խորքային հոգեզգացողության ու կենսամտածողության մակարդակներում աշխատող փոխհարաբերությունը բնորոշ է իսկական կինոարվեստին:
Էլի մի “ոչ գրական” անուն տամ, թեպետ այս դեպքում դա վերաբերում է միայն իր ստեղծագործության հայկական մասին. Փարաջանով: “Նռան գույնը” էկրանավորում չէ, ի տարբերություն “Մոռացված նախնիների ստվերների”, որը, իհարկե, Կոցյուբինսկու ստեղծագործության մեխանիկական էկրանավորումը չէ: ՙՆռան գույնն՚ առաջին հայացքից ոչ մի գրական հիմք չունի, ինքնաստեղծ սցենար է, Փարաջանովի ավելի քան հեղինակային ֆիլմն է, բայց ոչ միայն Սայաթ-Նովայի պոեզիան է թելադրել այդ ֆիլմի կինեմատոգրաֆիական լեզուն, այլև հայ միջնադարյան բանաստեղծությունն ընդհանրապես ապրում է այդ ֆիլմում իբրև գեղարվեստական հյուսվածք, իբրև մտածողություն ու պատկեր:
Կամ` տեսեք, թե ինչ խորությամբ է ռուս դասական գրականությունն իր կնիքը դրել Տարկովսկու գեղարվեստական մտածողության վրա, թեև նա երբեք չի էկրանավորել ո’չ Դոստոևսկի, ո’չ էլ Տոլստոյ: Բայց նրա ֆիլմերը դիտելիս մենք հստակ հասկանում ենք, որ ինքն այդ •րականության զավակն է, որ այդ դպրոցով է անցել:
Սրանք բոլորը հետազոտության արժանի բաներ են. գիտական միտքը դեռևս քիչ է զբաղվել այս “գենետիկական կապերով” և քիչ է փնտրել այդ հետքերը հատկապես մեր կինոյում: Այնպես որ ինձ հաճախ միամիտ են թվում այն խոսակցությունները, թե կինոն կինո է, եթե ազատագրված է գրականությունից: Դա պատրանք է, և փառք Աստծո, եթե մի որևէ ռեժիսոր կարողանում է ստեղծել գրականությունից ազատագրված լինելու պատրանք. ուրեմն նա վարպետաց վարպետ է, որովհետև գրականությունից իրապես ազատագրված կինոն միանգամից դառնում է գեղարվեստորեն աղքատ: Լավ գրականությունն ի բնե կինեմատոգրաֆիական է. երբ կարդում ես, ֆիլմ ես տեսնում: էսօր ունենք գրականությունից ազատագրված էդպիսի ֆիլմեր, և նրանց թերարվեստ լինելու հիմնական պատճառներից մեկն էլ դա է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ