— Շատ լավ, շատ կայֆ ա անցնում։
— Հավեսո՞վ եք պարապում։
— Հա, լրիվ։
— Դիմանո՞ւմ եք։
— Երբ բարձունք գրավել էինք սովորում, տղերքից երկուսը նագրուզկից վատացան, բայց հետո դզվան։
«Տղերքը»՝ մտավոր մասնագիտությունների տեր, 25–35 տարեկան, մեծ մասամբ չծառայած մարդիկ են։ Նրանց ոչ ոք չի ստիպել իրենց օրինական արձակուրդի երկու շաբաթը ծախսել ամառային արևի տակ սարերում վազվզելու վրա։ Ոչ ոք չի ստիպել գնել համազգեստ, երկարաճիտ կոշիկ («բածինկա»), քնապարկեր, ուսապարկեր, գումար հավաքել սննդի ու ճանապարհածախսի համար։
Ուղղակի տղերքը հասկանում են, որ Հայաստանը մի տարածաշրջանում է, ուր ամեն պահին կարող են ակտիվ մարտական գործողություններ վերսկսվել։ Եւ իրենց (շատ համեստ) հնարավորությունների սահմաններում փորձում են պատրաստ լինել նման զարգացումների։
* * *
Մեկ տարի է, ինչ ընկերներով փորձում ենք նախաբանակային ու ռեզերվիստական պատրաստության խմբակ ստեղծել։ Որովհետև փաստացի պատերազմող՝ այն էլ թվաքանակով ավելի մեծ հակառակորդի դեմ պատերազմող երկրում, կռվին կազմ-պատրաստ չլինելը հավասարազոր է ինքնասպանության։ Ուզածներս մեծ բան չէ. երեկոյան ժամերին՝ մարզադահլիճ, հանգստյան օրերին՝ քաղաքից դուրս արշավների մեկնելու տրանսպորտ/վառելիք, մարզիչներին վճարելու գումար, օդամղիչ հրացաններ՝ կրակելու հիմնական հմտությունները յուրացնելու համար, պարբերաբար էլ՝ մարտական զենքով հրաձգան գնալու հնարավորություն։
Պարզվեց՝ բարդ գործ ենք բռնել։ Ինչպես հալվային կարոտ մնացած Նասրեդինի մասին անեկդոտում. «Տանը կամ ալյուր չկա, կամ յուղ, կամ էլ ես տանը չեմ լինում»։ Մարզիչ, մարզադահլիճ, մարզվողներ. չեք պատկերացնի, թե Երևանում ինչ խուճուճ խնդիր է այս երեք բաղադրիչները ժամանակի նույն պահին իրար հետ հանդիպեցնելը, մանավանդ երբ խոսքը ոչ թե ինչ-որ էկզոտիկ արևելյան մարտարվեստի մասին է, այլ շատերի համար «անհասկանալի» ռազմական պատրաստության, իսկ առկա դրամական միջոցներն էլ, մեղմ ասած, համեստ են։
Վերոհիշյալ «սար գնալ» կազմակերպելն էլ երևի չստացվեր, եթե վերջերս չսրվեր իրավիճակը շփման գծում։ Տավուշում ու Արցախում սահմանային մարտերը զգաստացրին, կարելի է ասել իրական ու շոշափելի դարձրին պատերազմի վերսկսման սպառնալիքը, ստիպեցին տեղից շարժվել։
* * *
Ի՞նչ է մտածում միջին վիճակագրական հայ ծնողը, որի որդին պիտի շուտով զինծառայության անցնի։ Հիմնականում. «Ո՞նց անենք՝ դասավորենք երեխուն մի հանգիստ տեղ»։ Դեռ չեմ հանդիպել զորակոչային տարիքի որդի ունեցող ծնողի, որ մտահոգված լինի իր զավակի ֆիզպատրաստությամբ, որը ստիպի իր տղային սպորտով լրջորեն զբաղվել, էլ չեմ ասում՝ հրաձգության գնալ։ Ավելի շուտ ստիպելով կտանեն երեխուն դաշնամուրի, չիներենի կամ շախմատի, քան լողի կամ ըմբշամարտի։
Անշուշտ մեղքի «առյուծի բաժինը» պետությանն է. սպորտով զբաղվելը պիտի լինի հասանելի ցանկացած եկամտով ընտանիքից երեխաների համար ու պիտի քարոզվի և խրախուսվի բոլոր հնարավոր միջոցներով։ Պիտի իրագործվի նախաբանակային պատրաստության լուրջ քաղաքականություն։ Գուցե՝ բարձրդասարանցիների համար նախաբանակային պատրաստության անվճար ամառային ճամբարների կամ ինչ-որ խմբակների տեսքով, չգիտեմ։
Օրինակ՝ ԽՍՀՄ-ում երիտասարդության նախաբանակային պատրաստության հսկայական համակարգ էր գործում. պիոներպալատների ավիամոդելավորման ու ռադիոսիրողական խմբակներից սկսած, ալպինիստական սեկցիաներով ու պիոներական ճամբարներով վերջացրած ամեն ինչ մարտունակ մոբիլիզացիոն ռեզերվի ստեղծմանն էր ուղղված։ (Ինչը բացարձակապես չէր խանգարում միաժամանակ լավ ջութակահարներ կամ շախմատիստներ պատրաստելու գործընթացին...)։ Ամերիկայում էլ սքաութական շարժումը ոչ այլ ինչ էր, քան պատանիների ու աղջիկների ռազմամարզական պատրաստության համակարգ։
Վերադառնալով մեր իրականությանը... Բնականաբար երկրի շարքային բնակիչն էլ մեծ հաշվով թքած ունի այդ ամենի վրա։ Ծնողը կաշվից դուրս կգա երեխայի համար «կամպուտռ» կամ «այֆոն» ճարելու համար, բայց եթե առաջարկես ամսական 10000 դրամ ծախսել որդուն զինծառայությանը ֆիզիկապես պատրաստելու համար, երկար կմտածի և ամենայն հավանականությամբ կհրաժարվի։
Այն մասին, որ թմրած ենք ու կտրված մեզ շրջապատող իրականությունից, օր առաջ էի գրել։ Բայց միայն փաստ արձանագրելը քիչ է, պետք է փորձել ինչ-որ բան անել։ Որպես առաջին քայլ՝ գոնե մեկ խմբակ կամ ակումբ ստեղծել, աշխատացնել։ Եթե ստացվեց, ապա հաջողված փորձը հետո հնարավոր կլինի տարածել Հայաստանով մեկ։
Հ.Գ. Երեկոյան տղերքի հետ խոսեցի։ Ասացին, որ չիմանալով՝ գյուղացիներից մեկի արտն են տրորել։ Ստիպված մի շիշ օղի են առել ու գնում են «մեղքը քավելու» :)