Երբ 1946թ. մեր ընտանիքը ստացել է այս հողակտորը, որտեղ ես ապրում եմ, այն կոչվել է թուրքի բաղեր, և թուրք պահակը հողը հանձնելիս ասել է պապիս, որ մեր այս թթենին 150 տարեկան է: Այդ տարիներից ի վեր այն մեր տան թալիսմանն է: Ու երբ արդեն 90-ականների սկզբին այդ մասում սկսեցինք նոր տուն կառուցել, դժվար ընտրության առջև կանգնեցինք: Թթենին խանգարում էր ավելի ընդարձակ տուն ունենալ: Կառուցեցինք՝ առանց նրանք վնասելու, այնպես, ինչպես տրված է ներքևի նկարում: Կառուցվեց այսպես, որպեսզի չվնասվի մեր այգու արդեն 200 տարեկան թթենին՝ իմ մանկության ընկերն ու վկան: Եվ այդ պատճառով այն ավելի փոքր եղավ, քան կարող էր լինել: Դրանք այն տարիներն էին, երբ Հայաստանում ծառերն անխնա հատվում էին: Ես այդ ժամանակ մուշտակով էի քնում ու արթնանում: Շատ խելացի ու հասկացող է մեր թթենին, և այնքան հաստաբուն, որ «ցուրտ ու մութի» ժամանակ թույլ տվեց, որ տեղ-տեղ նրա կեղևը հանենք ու տաքանանք: Նա այդ տարիներին ամեն տարի թարմացնում էր իր հաստ, շատ հաստ կեղևը ու փրկում մեզ, քանի որ մենք էլ իրեն էինք կյանք շնորհել:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/suzanne.simonyan/posts/10202823133241542?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել