Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումն այսօր լուրջ քննարկման և հասարակական ընդվզման առիթ է դարձել: Բոլորը քննադատում են և համարում են այս բարեփոխումը աննպատակահարմար ներկայիս սոցիալ-տնտեսական հանգամանքներում, սակայն մի բան է, երբ հասարակական տարբեր շերտերն են իրենց ոչ մասնագիտական, երբեմն էլ մասնագիտական մոտեցումներն արտահայտում այս մոդելի վերաբերյալ, և միանգամայն այլ բան է, երբ կառավարությունն է հիմնավորում այս բարեփախման անհրաժեշտությունն ու նպատակահարմարությունը: Այսպիսով, ծանոթանալով Կենսաթոշակային բարեփոխումների հանրային իրազեկման աշխատանքային խմբի կողմից թողարկված ձեռնարկին, բախվում ենք մի քանի ուշագրավ փաստերի հետ:
Առաջին կարևորագույն պատճառներից մեկը, որ փաստորեն ստիպել է կառավարությանը ձեռնամուխ լինել իրականացնել տվյալ բարեփոխումը, պարզվում է՝ կրում է ժողովրդագրական կոմպոնենտ, և այդ ժողովրդագրական խնդիրը ոչ այնքան կապվում է երկրից վերջին շրջանում ահագնացող թվերի հասնող արտագաղթի, այլև Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո արձանագրված «ծնելիության բումի» և 90-ական թվականներին աշխատունակ տարիքի բնակչության ակտիվ արտահոսքի հետ: Դրան ի հավելումն, ասվում է, որ այդ «ծնելիության բումի» սերունդն է առաջիկա տարիների ընթացքում համալրելու կենսաթոշակառուների շարքերը։ Այսինքն, փոխանակ կառավարությունը քայլեր ձեռնարկի դեմոգրաֆիկ պատկերն ուղղելու վերաբերյալ, իրեն ադապտացնում է ստեղծված իրավիճակին և, ի վերջո, մեզ այս կուտակային համակարգի միջոցով համոզում են, որ մենք այս գումարները կուտակելու ենք մեզ, այլ ոչ թե մեկ ուրիշի համար:
Հաջորդ խոչընդոտը գործող բաշխողական համակարգը «կայուն պահելու» հարցում, տնտեսական է: Այսպիսով, ըստ կառավարության, անձի կողմից կատարված պարտադիր սոցիալական վճարումների և նրան ապագայում վճարվող կենսաթոշակի միջև ուղղակի կապի բացակայության հետևանքով աշխատողները շահագրգռված չեն վճարումներ կատարել մի համակարգին, որն ի վիճակի չէ ապահովել աղքատության գծից բարձր կենսաթոշակ։ Այս մտքի հետ, թերևս, կարելի է մասամբ համաձայնել, բայց սրան հաջորդող մյուսի հետ, մեղմ ասած, ոչ: «Գործատուները նույնպես խուսափում են պարտադիր սոցվճարումներ կատարելուց՝ թաքցնելով աշխատատեղերի իրական քանակն ու թերհաշվառելով իրականում վճարված աշխատավարձերի մեծությունը»։ Սրան հաջորդում է հարց կառավարությանը՝ արդյո՞ք հենց այս նոր համակարգը չէ, որ ոչ միայն կդրդի գործատուներին թաքցնել աշխատատեղերի իրական քանակն ու վճարվող աշխատավարձերի մեծությունը: Ներկայիս սոցիալական ծանր վիճակում ոչ միայն կթաքցվեն աշխատավարձերի մեծությունը, այլև ընդհանրապես կմեծանա ստվերում աշխատող մարդկանց թիվը:
Հարց է առաջանում՝ ինչո՞ւ նրանք, ովքեր ստանում են ավելի քիչ աշխատավարձ, պետք է վճարեն 5%, իսկ նրանք, ովքեր 500.000-ից ավելի՝ 10-ը: Կառավարությունը մի կողմից պնդում է, որ սա ոչ հարկ է, ոչ էլ տուրք, բայց մյուս կողմից, այսպես ասած, քիչ թե շատ բարվոք պայմաններում ապրող մարդկանցից (հիմնականում ՏՏ ոլորտի աշխատակիցներից) պահանջում են տասնորդ վճարել այն դեպքում, երբ կառավարությունը չի պատրաստվում այն 5%-ը, որ իր կողմից պետք է վճարի քաղաքացու ֆոնդին, վճարում կատարել տվյալ խմբի մարդկանց սոցֆոնդին:
Հետո, եթե կառավարությունը պնդում է, որ այս համակարգը շատ լավն է, ապա ինչո՞ւ է այն կամավորության սկզբունքով զինծառայողների և գյուղացիական տնտեսություն ունեցողների համար: Կառավարությունն, ի՞նչ է, չի՞ անհանգստանում իր այդ խավի քաղաքացիների ապագայի մասին:
Դեռ շատ ուրիշ կարևոր հարցեր կարելի է բարձրացնել այս «բարեփոխման» կապակցությամբ, սակայն չեմ կարծում, որ այստեղ հիմնականում մտահոգիչը մարդկանց համար այս համակարգի լավ կամ վատ լինելն է: Մարդիկ պարզապես կորցրել են իրենց վստահությունը իշխանությունների և ընդհանրապես պետության հանդեպ, և մեծ հաշվով, շատերը լուրջ կասկածներ ունեն, որ այս ֆոնդից նրանք, ի վերջո, մոտ 30 տարի հետո կկարողանան օգտվել: