Medialab.am-ը գրում է.

Նախախորհրդարանի անդամ, կինոռեժիսոր  Տիգրան Խզմալյանի հետ «Մեդիալաբը» զրուցել է վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ:

-Պարոն Խզմալյան, հասարակության շրջանում դժգոհության  նոր ալիք է բարձրացել՝ կապված գազի և էլեկտրաէներգիայի գների բարձրացման հետ, քանի որ ձմռան ամիսներին մարդիկ ստիպված են ավելի շատ վճարել: Ինչպե՞ս եք սա գնահատում:

-Սա այն գինն է, որը ժողովուրդը վճարում է կեղծված ընտրությունների համար: Այսինքն՝ հենց դրա համար էր այդ 5-20 հազար ընտրակաշառքը տրվում, հենց դրա համար էին մարդկանց ծեծելով, խաբելով, լցոնումներով առաջ քաշում Հանրապետական կուսակցության պատգամավորներին, թեկնածուին՝ խորհրդարանական և նախագահական ընտրությունների ժամանակ: Դա անհրաժեշտ էր, որոպեսզի այսօր ազգի բռնագաղթը չխոչընդոտվի և կատարվի այն սարսափելի ծրագիրը, որի զոհերը հենց մենք ենք: Այլ բացատրություն սրան չկա: Երբ կոմունալ վճարների թանկացումը կամ կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգը դրվում է որպես գերխնդիր, դա ապացուցում է, որ ժողովուրդը հերթական անգամ խաբվում է: Խնդիրը մասնավոր հարցերը չեն, հիմնախնդիրը համակարգն է, որը ժամանակ առ ժամանակ ծնում է այսպիսի նվաստացուցիչ, ստրկատիրական երևույթներ, որոնց մենք հանդիպում ենք ամեն օր՝ կաշառք, թանկացումներ, կոմունալ վճարների տեսքով պետական թալան, կեսաթոշակային բարեփոխումների անվան ներքո պետական ռեկետ: Սա այն գինն է, որը մենք տալիս ենք մեր լռության, մեր անտարբերության, մեր թևաթափության համար:

-Դուք այն հայտնի գործիչներից եք, ովքեր այս օրերին դեմ են արտահայտվում կենսաթոշակային պարտադիր կուտակային բաղադրիչին, կասե՞ք՝ ինչո՞ւ եք դեմ:

-Հին Հունաստանում արքա Միդասը ուներ հետաքրքիր շնորհ՝ ինչին կպնում էր, դառնում էր ոսկի: Մեզանում իշխանությունն ինչին կպնում է, դառնում է կղանք, կեղտ: Այն, որ կենաթոշակների խնդիրը շատ սուր է, որ ազգը ծերանում է,  որ այդ հարցը պետք է լուծել, դա ակնհայտ է: Ցանկացած իշխանություն, ով էլ գա վաղը, պետք է այդ հարցը լուծի: Բայց խնդիրն այստեղ է՝ ինչո՞ւ ծերացավ ժողովուրդը, ինչո՞ւ երիտասարդները երկրից հեռացան, այստեղ է պետք փնտրել պատասխանը: Այսօրվա առաջարկված լուծումը մարդկանց վստահություն չի ներշնչում մի պարզ պատճառով՝ գումարները հավաքագրվում են ոչ թե պետական, այլ մասնավոր բանկերում: Իսկ մենք չենք կարող մոռանալ մեր պապերի ու հայրերի հետ տեղի ունեցածը, թե ինչպես մասնավոր բանկերում ավանդները մի գեղեցիկ օր հօդս ցնդեցին: Մասնավոր բանկերը, առանց երաշխիք տալու, որ 20-30 տարի հետո մենք կամ մեր երեխաները կստանանք այդ փողերը, գումար են հավաքագրում: Բնականաբար, բնակչությունը ոչ մի ցանկություն և վստահություն չունի այդ գործողության նկատմամբ: Նրանք, ովքեր այսօր գովում են այդ գործողության անհրաժեշտությունը, տարեց մարդիկ են և 25-30 տարի անց նրանք չեն լինի, որ պատասխան տան մեր երեխաներին: Ինչպես պետության դեպքում, այնպես էլ բանկերի, ամենակարևորը վստահությունն է: Եթե բանկը հարուստ է, ունի գումար, բայց չունի վստահություն, այն սնանկանում է: Այդպես սնանկացավ Խորհրդային միությունը. այն ուներ հզոր բանակ, տնտեսություն, բայց այն կորցրեց ամենակարևորը՝ սեփական քաղաքացիների վստահությունը: Մեր իշխանությունն այդ վստահությունը կորցրել է ոչ թե 70 տարի անց, ինչպես Խորհրդային միությունը, այլ անկախացումից 7-10 տարի անց: Հիմա մենք տապակվում ենք և խորտակվում ենք այդ անվստահության, համատարած կեղծիքի և վախի մթնոլորտով:

-Պարոն Խզմալյան, կուտակային բաղադրիչի դեմ քաղացիական նախաձեռնության վերջին բողոքի ակցիային միացան նաև խորհրդարանական 4 ոչ իշխանական խմբակցությունները: Հայտարարվեց, որ սա չտեսնված դեպք էր Հայաստանի պատմության, և հաղթանակ է լինելու: Դուք ի՞նչ կարծիք ունեք այս պայքարի մասին:  Քաղաքական ուժերի միջոցով հնարավո՞ր է հասնել հաղթանակի:

-Մենք ոգևորված ենք հանրության ոչ կուսակցական զանգվածի ակտիվությամբ: Հավատում ենք, որ քաղաքացիական հասարակությունը կտա հարցերի լուծումները, որովհետև կուսակցությունները իրենց գործունեությամբ տարիներ շարունակ ապացուցում են իրենց անգործունեությունն ու իրենց անարդյունավետությունը: Հարյուր փոփոխության փորձերից, որ անում էին ընդդիամադիր կուսակցությունները կամ իրենց ընդդիմադիր անվանող կուսակցությունները, ոչ մեկը չի ճանաչվել և ոչ մի արդյունքի չի բերել: Համակարգը փոխելը ներսից, ինչն այդքան համառորեն պնդում են խորհրդարանական կուսակցությունները, անհնար է: Դրա ապացույցն են այն բոլոր կեղծված ընտրությունները՝ սկսած 1995-96 թվականից: Ուստի, մենք շարունակում ենք հորդորել մեր գործընկերներին, որ եթե իրենք անկեղծ փորձում են պաշտպանել ժողովրդի շահերը, իրենք պետք է պայքարեն ոչ թե համակարգի ներսում, այլ համակարգից դուրս: Դրա համար մենք առաջարկում ենք պարզ ծրագիր՝ ժողովրդի իշխանությունը հաստատել և հրավիրում ենք այդ աշխանտանքին միանալ մեր ընդդիմադիր գործընկերներին: Եթե իրենք շարունակեն համառել և հրաժարվել դուրս գալ համակարգից՝ թողնելով իրենց պաշտոններն ու բարձր աշխատավարձերը Ազգային ժողովում, ժողովուրդը կպայքարի առանց այդ կուսակցությունների:

Մարի Ներսեսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել