Kinoashkharh.am-ը գրում է.
Ութ տարի է, ինչ Ռուսաստանում ընդհատվել է կինոյի թանգարանի գործառությունը: Բայց այս տարի սառույցը շարժվել է. ոլորտի պաշտոնյաները նոր շենք են խոստանում թանգարանին, գործնական քննարկումներ են ծավալվում նաև Պետերբուրգում կինոյի թանգարան հիմնադրելու մասին: Սա առիթ էր, որ կինոգետներն ու կինոսիրողները հայացքները կրկին հառեին եվրոպական նման հաստատություններին և ուսումնասիրեին նրանց փորձը: «Կինոաշխարհը» որոշեց ներկայացնել նրանց դիտարկումներն իր ընթերցողներին` նկատի ունենալով, որ մենք էլ կինոյի թանգարանի կամ ֆիլմադարանի ստեղծման ու ձախողման բավական դրամատիկ պատմություն ունենք: Արժե ևս մեկ անգամ վերհիշել, թե ինչպես են քաղաքակիրթ երկրներում գուրգուրում իրենց կինոժառանգությունը:
Ֆրանսիական սինեմատեկը (Cinémathèque française)
Աշխարհի խոշորագույն սինեմատեկը. հիմնադրվել է 1936 թ. շնորհիվ կինոգետ Անրի Լանգլուայի և ռեժիսոր Ժորժ Ֆրանժյուի ջանքերի, որոնք մինչ այդ ղեկավարում էին իրենց կինոակումբը: Նրանք առաջիններից էին աշխարհում, որ սկսեցին զբաղվել ֆիլմերի պահպանմամբ ու արխիվացմամբ: Ժապավենները հարկ էր փրկել հատկապես Գերմանիայի իշխանություններից: Սակայն փոքրիկ դահլիճը` 60 հոգու համար, նրանք ձեռք բերեցին միայն 12 տարի անց: Այդ ժամանակվանից ի վեր Սինեմատեկը բազմիցս է փոխել իր «բնակության» վայրը: Նրա պատմության մեջ ամենադրամատիկ միջադեպը 1968-ին էր: Այն ժամանակվա մշակույթի նախարար Անդրե Մալրոն փորձեց Լանգլուային թոշակի ուղարկել, ինչը հանգեցրեց 1968-ի մայիսյան բողոքի ցույցերին (դրանցով է սկսվում «Երազողները» ֆիլմը): Ներկայիս Սինեմատեկը 8 տարի առաջ տեղավորվել է Փարիզի արևելքում` մի քանի կինոդահլիճներ, ցուցադրության տարածություններ և գրադարան ունեցող ընդարձակ շենքում: Այն ղեկավարում է Սերժ Տուբիանան` Cahiers du cinéma-ի նախկին խմբագիրը: Ցուցադրությունների ծրագիրն այնքան հագեցած ու բազմաբնույթ է (մասնավորապես` գոյություն ունի առանձին Cinéma bis շարքը` նվիրված էրոտիկային, ֆանտաստիկային և «բ» դասի կինոյին), որ աշխարհի խոշորագույն կինոփառատոներն իրենց հետահայացը ծրագրում են` հետևելով Սինեմատիկի ծրագրերին:
Պորտուգալական սինեմատեկը (Cinemateca Portuguesa)
Աշխարհի հնագույն սինեմատեկներից մեկը. հիմնադրվել է 1948 թ., նրա ենթակայության տակ է ANIM ազգային արխիվը: Ֆիլմերի ցուցադրության համար նախատեսված է երկու դահլիճ` 227 և 47 տեղերով: Մեծ գրախանութ ունի և «39 աստիճան» սրճարանը, որ անվանակոչվել է ի պատիվ Հիչքոքի նշանավոր կինոնկարի (այդքան աստիճաններ էլ տանում են այնտեղ): Թերևս լավագույն տարիները Սինեմատեկի պատմության մեջ 1991-2009 թթ. են: Այն ժամանակ հաստատությունը ղեկավարում էր պորտուգալացի ամենաոգեշնչված կինոգետը (և դերասան)` Ժուան Բեռնար դա Կոստան: Սինեմատեկում աշխատում են շատ նշանավոր ռեժիսորներ, օրինակ` Մանուել Մոզուշն աշխատում է արխիվում, իսկ Ռիտա Ազեվեդու Գոմեշը երկար տարիներ զբաղվում է կինոյի մասին գրքերի ձևավորմամբ: Հիմա Պորտուգալիայում սոսկալի ճգնաժամ է, որ հարվածել է առանձնապես մշակույթին (մշակույթի նախարարությունն ընդհանրապես վերացվել է), ինչն անդրադարձել է նաև Սինեմատեկի վրա: Փող չկա ծրագրերի գրքույկների տպագրության և էլեկտրոնային ենթագրերի համար: Վերջերս խոսակցություններ կային առհասարակ հնարավոր փակման մասին, բայց ցանկալի է հուսալ, որ ամեն ինչ կհաղթահարվի: Հարևանությամբ գտնվում է D’Oliva ռեստորանը, որ մինչև վերջերս պատկանում էր Պորտուգալիայի ամենանշանավոր ռեժիսոր Մանոելա դի Օլիվեյրայի թոռանը. այդտեղից Սինեմատեկն անվճար վայֆայ է օգտագործում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ