Մեր արևմտամետ ընդդիմությունը տարբեր պատճառներ է բերում, թե ինչու ժողովուրդը իր հետևից չի գնում ու չի կիսում արժեքները. վախ, ահաբեկում, ընտրակաշառք, հետամնացություն և այլն, և այլն...

Իհարկե, վերոնշյալներն ունեն իրենց դերը, բայց կարծում եմ, որ որոշիչ դերը խաղում է այն մոլի ստրկամտությունն ու երկակի ստանդարտների կիրառությունը, որին ականատես ենք լինում հենց արևմտամետ ընդդիմադիրներից:

Վերցնենք նույն Ուկրաինայի ու Եվրամայդանի օրինակը, որից ոմանք, բառիս բուն իմաստով, քաղաքական էքստազ են ապրում: Ուրեմն նայեք. նախ մերոնք ասում են, որ Եվրամայդանը շատ առողջ ու պետքական բան ա, որովհետև մարդիկ պայքարում են իրենց երկրի սուվերենության համար, իսկ սուվերենությունը բացարձակ արժեք է, և դրա համար էլ մենք պաշտպանում ենք Եվրամայդանին, որովհետև պաշտպանելով Եվրամայդանը, պաշտպանում ենք սուվերենություն ասվածը:
Այս գեղեցիկ տրամաբանական շղթան, սակայն, պարբերաբար բախվում է լուրջ տրամաբանական հակասությունների: Օրինակ, այսօր ԱՄՆ-ի պետդեպարտամենտը հայտարարություն է տարածել, որով պահանջում է, որպեսզի Ուկրաինայի իշխանությունները դուրս բերեն Բերկուտի ստորաբաժանումները Կիևից, իսկ հակառակ դեպքում սպառնում են պատժամիջոցներով: Անկախ նրանից, թե դուք ոնց եք վերաբերում Եվրամայդանին կամ Ուկրաինայի իշխանություններին, ԱՄՆ-ի այս քայլը ամենացինիկական ոտնահարումն է նույն սուվերենության, որովհետև ԱՄՆ-ը չէ, որ պետք է ցուցումներ տա այս կամ այն երկրին, թե ինչ անել և ինչ չանել իր ներքին խնդիրների հետ, բայց արի ու տես, որ սուվերենության մեր սոխակները բերանները ջուր են առնում, ու ես դեռ չեմ տեսել մեկին, ով նույն բոցկլտուն ճառերով քննադատի ԱՄՆ-ին:
Արդյունքում ստացվում է պարզ ու տրիվիալ մի եզրահանգում. մեր արևմտամետ ընդդիմադիրները ոչ թե սուվերենության ու ժողովրդավարության առաջամարտիկներ են, այլ Արևմուտքի` իմա ԱՄՆ-ի շահերի պաշտպաններ: Ոչ բոլորը, իհարկե, բայց դե ճնշող մեծամասնությունը, որովհետև սա այնքան պարզ է, որ նորածինն էլ կհասկանար, ուր մնաց, թե հարյուր տարվա քաղաքական գելերը անիրազեկ լինեին, թե ով` ով է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել