Newsbook.am-ը գրում է.
Այն, ինչ այսօր տեղի է ունենում Գորիսում, կարող ենք համարել մինի-հեղափոխություն: Սուրիկ Խաչատրյանի տապալված խնջույքից հետո, երբ զայրացած ու բորբոքված նախկին «ցարը» փախավ Երևան, գորիսեցիները հասկացան, որ իրենք արդեն ազատագրվում են: Իսկ ազատագրվելու ամենակարևոր քայլը կլինի նոր քաղաքապետի ընտրությունը, քանի որ Լիսկայի «արբանյակ» Նելսոնն արդեն պատրաստվում է հեռանալ: Լիսկայի ձախողված խնջույքը, երբ անգամ թիվ 4 դպրոցի տիկին տնօրենին էին անկողնուց հանել ու 39 աստիճան ջերմությամբ տարել Լիսկայի հավաքին, ապացուցեց, որ գորիսեցիները չեն ուզում Լիսկայի թեկնածուին: Ավելին, համոզված են, որ Լիսկան այլևս ձայն չի ունենա այս քաղաքում, որտեղ մարդիկ սկսել են երեկոները դուրս գալ քաղաք, շրջել հրապարակում: Նախկինում դա արգելված էր, որովհետև երեկոյան ժամերին «գերագույնն» էր հայտնվում հրապարակում՝ քաղաքապետ Նելսոնի, թատրոնի տնօրեն Համլետի ու էլի այլ նազիր-վեզիրների ուղեկցությամբ, հպարտ նայում իր կողմից ոչնչացված ծառերի տեղում բացված հրապարակին: Իսկ հետո արքայազորը շարժվում էր իբրև թե քաղաքապետին պատկանող «Գլորիա» հյուրանոց, որտեղ բոլորը կանգնած հետևում էին, թե ինչպես էր Լիսկան սուրճ խմում: Ի դեպ, նախկին «Գորիս» հյուրանոցի սեփականաշնորհումը տեղի է ունեցել բավական «առեղծվածային» պայմաններում, Լիսկան քաղաքապետ եղած ժամանակ տարհանել էր Ադրբեջանից փախստական դարձած մեր հայրենակիցներին, ու մի գեղեցիկ օր պարզվել էր, որ այդ հյուրանոցը պատկանում է Նելսոնին: Գորիսում բոլորն էլ գիտեն, որ Նելսոնը որևէ առնչություն չունի, որ այդ հյուրանոցը Լիսկայինն է և հիմնանորոգվել է պետական միջոցներով: Դե, Լիսկան մարզին հատկացվող գումարներն իր անձնականը համարելով՝ անում էր սրտի ուզածը: Հիմա գորիսեցիները հույս ունեն, որ մի օր այդ հյուրանոցի «առեղծվածն» էլ կբացահայտվի: Ինչպես կբացահայտվեն այն բազմաթիվ տարածքների հետ կապված պատմությունները, երբ առանց մի լումա վճարելու Լիսկան սեփականաշնորհում էր Գորիսի ատարածքները, անշարժ գույքն ու վաճառքի հանում: «Ազատագրված» գորիսեցիները զարմանքով են նշում, որ արդեն քաղաքում հայտնվել են մարդիկ, որոնք գազալցակայաններ են կառուցում: Նախկինում ևս այս բիզնեսը պատկանել է միայն ու միայն Լիսկային, որը խոչընդոտներ է դրել բոլորի առջև։ Գորիսեցիները վստահ են, որ նորից Ռուսաստանից կվերադառնան այն համաքաղաքացիները, ովքեր մի քանի տարի առաջ եկել և կամենում էին գործարարություն զարգացնել, մինչդեռ Լիսկան բոլորից պահանջում էր 50 տոկոս բաժնեմասը։ Գորիսն իսկապես լիսկաթափվում է: Ուրեմն, կարող է նաև ունենալ նոր ու երիտասարդ քաղաքապետ՝ ոչ լիսկայական ոհմակից։
Մ. Լևոնյան