Նախորդ տարվա վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ Հայաստանը ներառված է այն երկրների շարքում, որոնց քաղաքացիները Շենգենյան վիզան ստանում են մեծ դժվարություններով: Ցանկացած մարդու թերևս պետք է հետաքրքրի, թե այդ ինչով ենք մենք արժանացել նման վերաբերմունքի՝ կանգնելով մի շարք հետամնաց, չկայացած կամ էլ ահաբեկչության հետ կապ ունեցող երկրների հետ կողք-կողքի: Շտապեմ Ձեզ հանգստացնել, ասելով, որ մենք պաշտոնապես չենք հայտնվել եվրոպացիների համար անցանկալի ցուցակի մեջ, և վիզաների հետ կապված այս դժվարությունները կապված չեն մեր պետություն այդքան տխուր վիճակում լինելու հետ: Այս ամենն ունի շատ ավելի պարզ բացատրություն, քան կարելի է պատկերացնել: Ես առանձնացնում եմ առնվազն մեկ պատճառ, իսկ ոմանք՝ երկու: Առաջինը պայմանավորված է սուբյեկտիվ, իսկ երկրորդն՝ օբյեկտիվ հանգամանքներով:
Առաջին և իմ կարծիքով ամենակարևոր պատճառը, որը կարող է և շատերը չիմանան և մի փոքր էլ զարմանք ապրեն, շատ պարզ է, և կապված է մեր իշխանությունների հետ: Որոշ օտարերկրյա դիվանագետներն առանձնազրույցների ժամանակ այս հարցին ի պատասխան ասում են, որ մեր իշխանությունները պաշտոնական նոտայով խնդրել են, որ ՀՀ քաղաքացիներին վիզաների տրամադրումը սահմանափակվի: Սա արվում է, որպեսզի հնարավոր լինի քիչ թե շատ զսպել Հայաստանի առանցքային խնդրի՝ արտագաղթի մասշտաբները: Սա կարող է մի քիչ պրիմիտիվ հնչել, բայց սա այն վերջին հուսահատ քայլն է, որ մեր իշխանությունները դիմում են իրավիճակը մեղմելու համար: Արդարության համար պետք է նշել, որ այս մեթոդին դիմել են՝ սկսած 90-ականներից:
Երկրորդ և ինձ համար ոչ այնքան համոզիչ պատճառը մինչ այս տարվա հունվարը ԵՄ երկրների հետ ունեցած բարդեցված վիզային համակարգն է: Շատերը պատրանքներ ունեն, որ ԵՄ-ի և Հայաստանի միջև վիզային ռեժիմի պարզեցման և վերաինտեգրման համաձայնագրի՝ ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո, այսիքն այս տարվանից հետո, Եվրոպան իր դռներն է բացելու ՀՀ քաղաքացիների համար: Մեծ ցավով, բայց ամենայն պատասխանատվությամբ, շտապեմ տեղեկացնել, որ այդ համաձայնագիրը ոչ թե դյուրացնելու է վիզա ստանալը, որպես այդպիսին, այլ դյուրացնելու է այդ վիզան ստանալու ընթացակարգը, այն էլ ՀՀ ոչ բոլոր քաղաքացիների համար: Այսինքն, նրանք, ովքեր մեծ հույսեր էին կապում այդ համաձայնագրի հետ, կարող են ուրախանալ, որ նախկին 60 եվրոյի փոխարեն այժմ պետք է վճարեն 35 եվրո, բայց դրա հետ մեկտեղ էլ ունենան նույն ապրումները պատասխանին սպասելիս:
Այսպիսով, սա է այն դառը ճշմրտությունը, որի առջև կանգնած ենք մենք բոլորս: Փոխարենը լուծումներ մշակենք Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը շտկելու, դրա արդյունքում ժողովրդագրական պատկերը բարելավելու և վերջապես արտագաղթը կանխելու ուղղությամբ, մենք խնդրում ենք օտարերկրյա պետություններին ըմբռնումով մոտենալ մեր խնդիրներին և «դատապարտել» մեր ազգաբնակչությանը Հայաստանի մեջ: Սս նույնիսկ վիրավորական է: Այնպիսի տպավորություն է՝ կարծես Հյուսիսային Կորեայում ենք ապրում: Դրան զուգահեռ էլ թոզ է փչվում մեր քաղաքացիների աչքերին, թե իբր ավելի ենք մերձենում Եվրոպային՝ մի քանի անգամ գերագնահատելով այդ համաձայնագիրը: Ինչ խոսք, այդ երկկողմ փաստաթուղթը վատ բան չէ և դեռ մի բան էլ լավ բան է, բայց գերագնահատել այն բնավ ճիշտ չէ:
Հ.Գ. Ի դեպ այդ համաձայնագրի երկրորդ մասին ոչ ոք պատշաճ ուշադրություն չի դարձնում և այն ոչ մի կերպ չի լուսաբանվում, մինչդեռ երկրոդ մասով Հայաստանը պարտավորվում է ետ ընդունել ԵՄ տարածքում բնակվող անօրինական միգրանտներին: