Kinoashkharh.am-ը գրում է.
Սերգեյ Փարաջանովի թանգարանում ցուցադրվող կոլաժները և ընդհանրապես հավաքածուն միայն կեսն է այն ժառանգության, որ երբևէ պատկանել է կինոռեժիսորին: Փարաջանովն ամբողջ կյանքում բաժանել է իր ունեցածը, նվիրել` առանց պահ անգամ մտածելու իր նվիրածի արժեքի մասին կամ ում ձեռքն է այն անցնելու: Շատերը հետո մեծ գումարով վաճառել են նվերները, ու այդպես փարաջանովյան մասունքների հետքերը կորել են: Ոմանք էլ վարպետից մնացած հիշատակներն անգին գանձի նման պահում-փայփայում են ու չեն համաձայնի ոչ մի գնով որևէ մեկին վաճառել:
Պատահական առիթով իմացա, որ “Հայֆիլմ” կինոստուդիայի երկարամյա հնչյունային ռեժիսոր Իրեն Օրդուխանյանը փարաջանովյան մասունքներ ունի` նամակներ, կոլաժներ, լուսանկարներ: Դրանք մեծ մասամբ կապված են ամուսնու` անվանի կինոռեժիսոր Ֆրունզե Դովլաթյանի հետ, որի հետ մտերիմ է եղել Սերգեյ Փարաջանովը: Մեր զրույցից պարզվեց նաև, որ հետաքրքիր հուշեր ունի Փարաջանովից նաև Ֆրունզե Դովլաթյանի որդին` Դավիթը:
- Հիշում եմ նրա սցենարները, որոնց տակ իր անուն-ազգանունից բացի, միշտ մի ուրիշ անուն-ազգանուն էլ էր գրում,- պատմում է Դավիթը:- Օրինակ` “Աշուղ Ղարիբի” տակ գրել էր` Սերգեյ Փարաջանով, Դավիթ Աբաշիձե: Բայց նրա երեսն էլ չէր տեսել: Հետո հասկացա, թե ինչու էր այդպես անում. որպեսզի ուրիշներն էլ հոնորար ստանան:
Ես ծանոթացա Փարաջանովի հետ, երբ 9-րդ դասարանում էի: Դիլիջանում էինք` կինեմատոգրաֆիստների տանը: Նա ինձ առաջարկեց նկարահանվել “Աշուղ Ղարիբում”: Ես պետք է մի փոքր դեր կատարեի` աշուղ Ղարիբի գլխավերևի երկու հրեշտակներից մեկը լինեի: Նկարահանումները տեղի էին ունենում Ադրբեջանում: Ի դեպ, մյուս հրեշտակը վրացի էր: Փարաջանովը պատմեց, որ մետրոյում է նրան տեսել, հետևել ու առաջարկել նկարահանվել իր ֆիլմում: Պոլիտեխնիկ ինստիտուտի ուսանողը չի ճանաչել Փարաջանովին, մերժել է: Նա էլ մինչև տղայի տուն հետևից գնացել է ու վերջապես համոզել:
- Ինչո՞ւ հենց քեզ առաջարկեց Փարաջանովը հրեշտակի դերը:
- Կարծում եմ` խուճուճ մազերս էին պատճառը: Երբ տեսա մյուս` վրացի հրեշտակին, անկեղծորեն զարմացա: Ես նրա կրկնօրինակն էի, միայն թե տարիքով մի քիչ փոքր: Ես մինչ այդ նկարահանվել էի մի քանի կարճամետրաժ ու մանկական ֆիլմերում, պատկերացնում էի` ինչ է ուզում ինձնից Փարաջանովը:
- Դա, կարծեմ, այն ժամանակ էր, երբ սկսվեց հայ-ադրբեջանական հակամարտությունը, իսկ դուք, փաստորեն, Ադրբեջանում էիք նկարահանում, վտանգավոր չէ՞ր:
- Դեռ լիովին չէինք գիտակցում` ինչ է կատարվում: Ֆիլմը “Վրացֆիլմինն” էր. խմբի մեծ մասը վրացիներ էին: Փաստորեն լուրջ էր Փարաջանովի, օպերատոր Ալբերտ Յավուրյանի, իմ ու հայկական –յան-ով ավարտվող ազգանունով աշուղ Ղարիբի եզդի դերակատարի հարցը: Ընդ որում, Հայաստանում ոչ ոք չգիտեր, որ մենք Ադրբեջանում նկարահանումներ ենք անում: Հայրս զանգեց ինձ ու ասաց, որ ինքնաթիռի տոմս գնեմ ու առավոտյան վերադառնամ Երևան, իբր մայրս հիվանդացել էր: Հոնորարովս տոմս գնեցի ու թռա Երևան: Տաքսիով գնացի օդանավակայան: Վարորդն ադրբեջանցի էր, բայց դեռ անտեղյակ էր կատարվող դեպքերին: Երբ իմացավ, որ հայ եմ, ցույց տվեց Բաքվում պտտվող տրամվայ-սրճարաններն ու ասաց. “Մենք ձեզնից սովորեցինք այս կուլտուրան: Այսպիսի լավ բաներ շատ արեք, որ մենք էլ ընդօրինակենք”: Այդ պահին ես շատ հպարտ զգացի ինձ: Մի խոսքով, իմ կյանքը փրկված էր: Ադրբեջանական կառավարությունը հոգաց նաև Փարաջանովի, Յավուրյանի ու եզդի դերասանի փրկության հարցը. թիկնապահների ուղեկցությամբ նրանց փախցրին երկրից: Ադրբեջանական իշխանությունները, իհարկե, գիտակցում էին, որ եթե Փարաջանովին մի բան լիներ, ծանր կհատուցեին, դրա համար էլ արագ կազմակերպեցին նրա հեռացումը: Փարաջանովը շատ ծանր տարավ, երբ իմացավ, որ Բաքվում մի տրոլեյբուսի վարորդի են սպանել միայն նրա համար, որ հայ էր: Այդ մարդուն նա ճանաչում էր, մտերմացել էր: Նա հանճար էր, բայց ինձ մի բան դուր չէր գալիս. չհասկացա, թե ինչու ՙԱշուղ Ղարիբը՚ նկարահանեց ադրբեջաներեն: Լերմոնտովի հեքիաթը թուրքական էր, միգուցե այդ պատճառով:
- Ընդհանրապես Փարաջանովն ինչպե՞ս էր վերաբերվում ազգամիջյան նոր սկսվող հակամարտությանը. ինչպե՞ս արձագանքեց:
Զրույցին միջամտում է Դավթի մայրը` Իրեն Օրդուխանյանը, որ դստեր հետ մինչ այդ Փարաջանովի նամակներն էր թերթում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ