Նորակոչիկ 18-ամյա Մհեր Խլղաթյանի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով ձերբակալվել է դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Հրաչ Սամվելի Մնացականյանը: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց ՊՆ քննչական ծառայության լրատվության հետ կապերի բաժնի սպա Մերի Սարգսյանը:
Հիշեցնենք՝ մինչ այդ ձերբակալվել էին ևս երկու անձինք` նույն զորամասի ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վահե Արմենի Օհանյանը և նույն զորամասի բուժծառայության պետ, կապիտան Արման Դավիթի Թադևոսյանը: Նրանք բոլորն էլ ձերբակալվել են ՀՀ քրեական օրենսգրքի 358 պրիմ 1 հոդվածի, 3-րդ մասի, 1-ին կետով նախատեսված հանցանքը կատարելու կասկածանքով`«մի խումբ անձանց կողմից զորամասում կամ զինվորական ծառայություն կրելու այլ վայրում ստորադասին (ենթակային) ծեծելը կամ նրա նկատմամբ այլ բռնություն գործադրելը»:
Ավելի վաղ, Panorama.am-ը խոսել էր Մհեր Խլղաթյանի մոր` տիկին Գոհարի հետ, որը մեզ հետ զրույցում ասել էր, որ իր որդուն «գազանաբար, դաժանաբար ծեծել են»:
«Երեխուն ծեծել են գազանաբար, դաժանաբար ու թողել են անտերության մեջ ու մի քանի օր էդ վիճակում: Սկզբում երեխու մոտ գրիպ է առաջացել, վեց-յոթ օր մնացել է բուժկետում, հետո ասել են՝ դու համապատասխան բուժում ստացել ես, դու սիմուլյացիա ես անում, չես ուզում ծառայես, գնա ծառայության: Երեխեն ասել է՝ վատ է զգում, նրա մոտ նոր սկսվող թոքաբորբ է եղել, էդ բժիշկ կոչվածները չեն հասկացել: Ու սկսել են ծեծել: Դրանից հետո տեսել են, որ երեխեն խելքի չի գալիս, վախեցել են և էդ զորամասի բժիշկ կոչվածը` Արման անունով, զանգեց մեզ ու ասաց, որ ձեր երեխան մեզ չի ենթարկվում, ձեր երեխու փսիխիկան նորմալ չի ու ներկայացրեց էնպես, որ իբր մեր երեխեն սիմուլյացիա է անում ու չի ուզում ծառայել», -պատմել էր տիկին Գոհարը:
Նյութի աղբյուր՝ http://anushanahit.livejournal.com/757821.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել