Ջասուր Սումերինլի. Ադրբեջանական բանակում շարունակվում է դրամաշորթությունը զինվորներիցPanarmenian.net-ը գրում է.

Չնայած վերջին շրջանում պաշտպանության ոլորտում կորուստների որոշակի նվազմանը, ինքնասպանությունների աճի մտահոգիչ միտումն ադրբեջանական բանակում ու զինվորների մահացության դեպքերը ոչ կանոնադրական հարաբերությունների հետևանքով չեն դադարում: Այդ մասին հայտարարել է «Դոկտրին» Ռազմական լրագրողական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ջասուր Սումերինլին՝ ամփոփելով 2013 թվականի արդյունքները:

Նա նշել է, որ անցած տարի Ադրբեջանի կորուստները պաշտպանության ու անվտանգության ոլորտում կազմել են 81 զինծառայող, 70 մարդ մահացել է մարտական պայմաններում:

2012 և 2011 թթ. կարուստները կազմել են 99 զինծառայող, որից 78-ը՝ ոչ մարտական, և 99 զինծառայող, որից 85-ը՝ ոչ մարտական:

Ընդ որում ինքնասպանությունների թիվը 2013-ին եղել է 16, (2012 թ. 19, իսկ 2011-ին՝ 12): «Պաշտպանության նախարարի փոփոխությունը 2013 թ. հոկտեմբերի 22-ին հույս ներշնչեց, որ բացասական երևույթները կարող են վերացվել: Սակայն նոր տարվա առաջին երկու շաբաթներին 4 ինքնասպանություն տեղի ունեցավ: Դա ինքնասպանությունների ամենաբարձր մակարդակն է վերջին 11 տարում»,-ասել է Սումերինլին՝ հավելելով, որ նոր նախարարը շուրջ 100 նոր նշանակում է կատարել:

Սակայն նշանակվածների մեծ մասը ՊՆ կոռումպացված հիերարխիայի նախկին անդամներ են, որոնք ազատվել էին աշխատանքից նախկին նախարար Սաֆար Աբիևի ու Գլխավոր շտաբի պետ Նեջմեթին Սադիղովի միջև դիմակայության արդյունքում:

Ըստ Սումերինլիի, այդ կադրերը չեն համապատասխանում ՆԱՏՕ-ի չափանիշներին: «Բանակում շարունակվում է դրամահավաքը զինվորներից, թեև ոչ այնքան բացահայտ, որքան Աբիևի օրոք: Սակայն, դրական է դարձել համակարգը, երբ զինվորը կարող է բողոքել միանգամից պաշտպանության նախարարությանը: Բացասական է այն, որ իր պաշտոնն է պահպանել Վագիֆ Մամեդովը՝ անձնակազմի հետ աշխատանքի վարչության պետը»,-ասել է Սումերինլին: Նոր նախարարը երեք ամսում ոչ մի անգամ մամլո ասուլիս չի անցկացրել, փոփոխություններ չի մտցրել ՊՆ մամլո ծառայության աշխատանքում:

Սումերինլին դրական է համարել քաղաքացիական անձանց ներգրավումը խոհանոցային աշխատանքներին ու զորամասերի մաքրման աշխատանքներին:

Հանդիպման ժամանակ փորձագետները կարծիք են հայտնել, որ զինվորների մահացության դեպքերը կանխելու ու մարտունակությունը բարձրացնելու համար հարկավոր է ապահովել թափանցիկ զորակոչ, որպեսզի բանակում հայտնվեն ֆիզիկապես և հոգեպես առողջ մարդիկ: Առաջարկվել է նաև զինծառայության ժամկետը կրճատել մինչև 6-9 ամիս, դնելով այն պրոֆեսիոնալ հիմքերի վրա, լուծել սպաների սոցիալական ու բնակարանային պայմանները, բարձրացնել նրանց աշխատավարձը: Հարկավոր է հոգեբանների ու կրոնականների ներգրավել անձնակազմի հետ աշխատանքում:

Ըստ «Դոկտրինի», Ադրբեջանի ԶՈւ 2003-2013 թթ. կորցրել են 728 զինծառայող, այդ թվում 186-ը՝ մարտական պայմաններում, իսկ 542-ը՝ ոչ մարտական կորուստներն են, հայտնում է «Թուրան» գործակալությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել