Ներկայացնում են Մարտիկ Սարգսյանի նամակը «Նուբարաշեն» քրեակտարողական հիմնարկից
2014թ.-ը կալանավորների ազատության տարի
«Կալանավոր» բառը միայն վատ մտքեր է ծնում մեր մեջ, բայց իրականում այդ պիտակի տակ հիմա ազատազրկված են բազում անմեղ և մեծատառով մարդիկ` մտածող, խոհուն, ազգի և ընտանիքի նվիրյալներ: Նրանց վանդակաճաղերի ետևում բռնադատելով՝ մենք ավելի շատ կորցնում ենք՝ իրականում փոխարենը շատ սրիկաների ազատության մեջ թողնելով: Մարդասիրական բոլոր առումներով, մեր անտիկ քրեական օրենքներով, կամակատար իրավական ատյաններով ու թլպատված ներման մանիֆեստներով՝ մենք ի զորու չենք փրկելու նրանց սովալլուկ ընտանիքները, կործանված երջանկությունն և ինտելեկտուալ հարստությունը: Համատարած արտագաղթի հետ միաժամանակ վկա ենք նաև տևական արտագաղթի դեպի կալանավայրեր քշված մեր երկրին պիտանի շատ ու շատ արժանավոր քաղաքացիների՝ դրանով անընդհատ կորստի մատնելով անթիվ արժեքներ: Ուրեմն եկեք ուրախության, թե տխրության պահերին հիշենք նաև մի քանի քառակուսի մետրում անժամկետ վանդակված այս հայ մարդկանց, կիսենք մտովի իրենց ընտանիքներին, տանն ու երկնքին անհուսորեն կարոտող այս թշվառների վիշտը: Հիշենք նրանց ամեն պահ, ամեն ժամ ու օր, կենաց ասելիս, խունկ ու մոմ վառելիս մրմնջանք գոնե մենք մեզ՝ Ազատություն նրանց:
Մարտիկ Սարգսյան, Կալանավոր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից, 14 /01/2014