1in.am-ը գրում է.

Նորվեգիայի հիվանդանոցներից մեկում սրտի վիրահատության ժամանակ բժիշկները վառել են հիվանդին, որի պատճառով, չնայած արդեն ներարկված անզգայացնող դեղամիջոցներին, հիվանդն արթնացել է: 

Բացված վերքի ախտահանման համար օգտագործվող սպիրտային հեղուկի բռնկման պատճառով հիվանդը երրորդ աստիճանի այրվածքներ է ստացել: Ինչպես հաղորդում է բրիտանական Mail Online տաբլոիդը՝ վիրաբույժները վիրահատությունն էլեկտրական նշտարի միջոցով են անցկացրել: Դեպքը տեղի է ունեցել Հյուսիսային Նորվեգիայի Թրոմս քաղաքի համալսարանական հիվանդանոցում: 

«Խոսքը բավական հազվադեպ դեպքի մասին է,- ասել է հիվանդանոցի մենեջերը,- դա խոսում է այն մասին, որ չնայած ժամանակակից բժշկության ձեռքբերումները զգալի են և թեթևացնում են բժիշկների աշխատանքը, սակայն նախկինի պես հարկավոր է չափազանց զգույշ և ուշադիր լինել»: 

Նա ասել է, որ իր 26-ամյա բժշկական կարիերայի ընթացքում այդպիսի դեպքի ականատես չի եղել: Սակայն հարկ է նշել, որ նման դեպքերն այնքան էլ հազվադեպ չեն: Միայն ԱՄՆ-ում անցած տարի նմանատիպ մոտ 100 դեպք է տեղի ունեցել: 

Մասնագետներն ասում են, որ հրկիզումը հաճախ տեղի է ունենում այն պատճառով, որ էլեկտրական գործիքը կամ լազերն այրում են թթվածինը: Սակայն, չնայած վտանգավորությանը, այդ գործիքները բժշկության մեջ ավելի ու ավելի շատ են օգտագործվում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել