Kinoashkharh.am-ը գրում է.
Իտալահայ գրող, Պադուայի համալսարանի բանասիրական ֆակուլտետի վաստակավոր պրոֆեսոր, ակադեմիկոս Անտոնիա Արսլանը, որին 2004 թ. համաշխարհային ճանաչում բերեց արդեն 200 լեզուներով թարգմանված “Արտույտների ագարակը” վեպը, Հայաստանում էր` մասնակցելու Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու արարողության բացմանը, ինչպես նաև իր նոր` “Զմյուռնիայի ճանապարհը” վեպի հայերեն թարգմանության շնորհանդեսին: Տիկին Արսլանի հետ չէր կարող հանդիպում չփնտրել նաև “Կինոաշխարհը», քանի որ նրա գրքի հիման վրա է նկարահանվել Մեծ եղեռնին նվիրված հաջողված ֆիլմերից մեկը: Ուստի մեր զրույցը ոչ միայն նրա երկերի, այլև գրականություն-կինո առնչությունների մասին էր:
- “Զմյուռնիայի ճանապարհը” վեպը, ի տարբերություն նախորդի`”Արտույտների ագարակի”, որի շարունակությունն է, առաջին հերթին հայերեն թարգմանվեց: Այդ հարցում արդյոք որոշի՞չ էր հայ ընթերցողի ու մշակութային շրջանակների` Ձեր գրականությանն արդեն ծանոթ լինելը:
- “Արտույտների ագարակը” գերազանց թարգմանել է Սոնա Հարությունյանը, և երբ Իտալիայում տպագրվեց “Զմյուռնիայի ճանապարհը” վեպը, Սոնայի հետ խոսեցինք այն թարգմանելու մասին: Իսկ Հայաստանի մշակույթի նախարարությունը նախաձեռնեց թարգմանության և հրատարակման հովանավորությունը` ցանկություն հայտնելով, որ գիրքը ներկայացվի 2012 թվականին ի պատիվ Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու:
- Քանի որ այս վեպն “Արտույտների ագարակի” շարունակությունն է և նույն մարդիկ համագործակցում են նաև “Զմյուռնիայի ճանապարհը” վեպի առնչությամբ, հնարավո՞ր է, որ այս վեպն էլ վերածվի ֆիլմի, և արդյոք Տավիանիներն այն կհեղինակե՞ն:
- Առայժմ ոչ: Համենայն դեպս Տավիանիների պարագայում` ոչ: Նրանք ասում են, որ իրենց շատ ծեր են զգում, չնայած այս տարի Պաոլո և Վիտորիո Տավիանիները մի ֆիլմ էին նկարահանել` “Կեսարը պետք է մեռնի”, որը Բեռլինի կինոփառատոնում “Ոսկե արջ” մրցանակ ստացավ: Ինձ ասացին, որ դա նրանց կարիերայի վերջին ֆիլմն էր:
- Ինչպիսի՞ն եք տեսնում Ձեր գրականության և կինոյի կապը, եթե նկատի ունենանք, որ համաշխարհային կինոյում արձանագրվում է գրական հիմքի թուլություն:
- Ֆիլմը թույլ կստացվի, եթե ռեժիսորը ջանա շատ մոտ մնալ գրքին, գրական հիմքին: Եթե ֆիլմը չափազանց մոտ է գրքի կառույցին, դատապարտված է ձախողման: Երբ Պադուայի համալսարանում իտալական գրականություն էի դասավանդում, նույնն էի ասում ուսանողներիս: Ֆիլմը պետք է ռեժիսորների մտքի ու պատկերացումների ազատ արտահայտում լինի: Իտալացի հեղինակ Ջուզեպե Տոմազի դի Լամպեդուզայի գրած “Ընձառյուծ” (Il Gattopardo) պատմավեպը, որ ներկայացնում է 1800-ականների միջավայրը, գլուխգործոց է: Այդ վեպի հիման վրա ֆիլմ է նկարահանել Լուկինո Վիսկոնտին: Ֆիլմն էլ գլուխգործոց է: Մինչդեռ գիրքն ու ֆիլմը միանգամայն տարբեր բաներ են:
- Տիկին Արսլան, եթե ծանոթ եք Հայաստանում, նաև սփյուռքում գործող հայ կինոռեժիսորներին, կա՞ մեկը, որի հեղինակմամբ կուզեիք տեսնել նոր վեպի` “Զմյուռնիայի ճանապարհի” հիման վրա նկարահանված ֆիլմ:
- Ճանաչում եմ Ռոբերտ Գետիկյանին և հավանում նրա գործը: Գիտեմ Էգոյանին և Արսինե Խանջյանին, գիտեք` նա խաղացել է “Արտույտների ագարակում”, և Տավիանիների հետ նրա համագործակցությանը ես եմ նպաստել: Իհարկե, գերազանց կլիներ, եթե Անրի Վերնոյը դեռ մեզ հետ լիներ: Հայաստանաբնակ ռեժիսորներին դեռ չեմ ճանաչում: Բնականաբար, մեծ, լավ, ազդեցիկ ֆիլմ նկարահանելու կարիք կա: “Զմյուռնիայի ճանապարհը” վեպում, բացի Զմյուռնիայի հոյակապ տեսարաններից, խնդիր կլինի նկարահանել պապերիս քաղաքի` Խարբերդի, որ գրքում փոքրիկ քաղաք եմ անվանում, եկեղեցու հրդեհումը, երբ հայերը, իրավիճակն անելանելի համարելով, եկեղեցու հետ այրվել են: Այնպես որ այս տեսարանները ստանալու համար մեծ ռեժիսոր պիտի լինի: Ի դեպ, փախուստի և հրդեհի պատկերները կան իմ վեպերում: Այդ թեման կա նաև այս տարի հունվարին Իտալիայում լույս տեսած “Մշո գիրքը” գործում, որը հյուսված է Մշո Ճառընտիրի պատմության շուրջ: Այն սկսվում է հրդեհի պատմությամբ և, ըստ էության, փախուստի, տեղահանության պատմություն է: Ասեմ նաև, որ մեկ ամսում “Մշո գրքի” երեք վերահրատարակություն եղավ` դեռևս 40 հազար տպաքանակով:
- Ամեն դեպքում երեք վերահրատարակությունն արդեն փաստումն է գրքի հանդեպ հրատարակչի, հետևաբար նաև ընթերցողի հետաքրքրության:
- Իհարկե: Մի քանի ամսից` սեպտեմբերին “Մշո գրքի” փափուկ կազմով հատուկ հրատարակություն կլինի, ինչը հնարավորություն կտա այն ավելի ցածր գնով` 10 եվրոյով Իտալիայի հանրակրթական դպրոցներին տրամադրել:
- Իտալիայի կառավարությա՞ն որոշումն է դա, թե՞ ընտրության իրավունքը դպրոցներինն է:
- Չէ, չէ, նախարարությունը ոչինչ չի որոշել, դա դպրոցների նախաձեռնությունն է: “Մշո գրքով” Իտալիայի 8-րդ դասարանցիներին Առաջին համաշխարհային պատերազմի պատմության համատեքստում կներկայացվի Հայոց ցեղասպանությունը: Հունվարի 27-ը Հոլոքոսթի զոհերի հիշատակման օրն է, որին Իտալիայի դպրոցականները նախապատրաստվում են հատուկ գրականությամբ: Նույն կերպ, ապրիլի 24-ին ընդառաջ, դպրոցներն աշակերտությանը կնախապատրաստեն Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչմանը` օգտագործելուվ “Մշո գիրքը”:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ