1in.am-ը գրում է.
Մոսկվայի «Սպարտակ»-ի հարձակվող Յուրա Մովսիսյանը միացել է Իսպանիայում նախապատրաստական հավաք անցկացնող իր թիմակիցներ Սալվատորե Բոկետիին, Սերգեյ Բրիզգալովին, Սերդար Տասկիին ու Ռոմուլոյին և վերսկսել է իր մարզումները: Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստն այսօր իր առաջին մարզումն է անցկացրել Պիրենեյան թերակղզում:
«Ես լավ տրամադրություն և աշխատելու մեծ ցանկություն ունեմ: Ուրախ եմ, որ կրկին հանդիպեցի ու զրուցեցի տղաների հետ` նրանց հետ միասին միանալով մարզումներին: Այսօր մարզվել ենք խաղադաշտում. մեծ տարբերություն կա գնդակով ու առանց դրա վարժությունների միջև: Բնականաբար, դեռ չեմ հավաքել օպտիմալ մարզավիճակ, բայց արդեն մոտ ժամանակներս կառաջադիմեմ այդ հարցում: Այսօր նախատեսված է ևս մեկ մարզում` մարզումային սրահում: Այսպիսի ծրագրով կմարզվենք մինչև հունվարի 24-ը, երբ կմեկնենք Աբու-Դաբի` թիմի առաջին ձմեռային հավաքին:
Արձակուրդիս մեծ մասն ընտանիքիս հետ անցկացրել եմ Լոս-Անջելեսում: Շատ գոհ եմ նրանից, թե ինչպես անցավ արձակուրդս: Սակայն ես ժամանակ չեմ կորցրել. վիրահատությունից արդեն մեկ շաբաթ անց, որը տեղի ունեցավ ԱՄՆ-ում, մարզվել եմ ֆիզիոթերապևտի հետ, որպեսզի ապաքինվեմ հնարավորինս արագ: Հուսով եմ` արդեն մոտ ապագայում կկարողանամ մարզվել ընդհանուր խմբի հետ»,- ասել է Մովսիսյանն ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում: