Hayeli.am-ը գրում է.
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և վարչապետ Տիգրան Սարգսյանի միջև սկիզբ առած հրապարակային բանավեճի էստաֆետը փոխանցվում է ՀՀԿ-ի երկրորդ էշելոնին: Վերջին երկու օրերին Քոչարյանի հակադարձումներին քաղաքական գնահատականներ տալու նախաձեռնությամբ նախ աչքի ընկան կարկառուներիտհանրապետականները, ապա նաև դեռևս Քոչարյանի ժամանակներից կառավարությունում բարձր պաշտոններ զբաղեցնողները: Սա թերևս նշանակում է, որ իշխանությունը, նախագահի գլխավորությամբ, ընդունել է մարտահրավերը ու պատրաստ է շարունակել բանավեճը:
Քոչարայանի գրասենյակն իր հերթին տարածել է հայտարարություն՝ տեղեկացնելով, որ առաջիկայում կլինի նոր հարցազրույց Ռոբերտ Քոչարյանի հետ:
Ըստ էության, Սերժ Սարգսյանին Քոչարյանի վերադարձի գաղափարը առայժմ չի ոգևորել, և նա հրահանգել է ՀՀԿ-ին հակադարձել նախկին նախագահին՝ մի կողմից պաշտպանելով վարչապետին, մյուս կողմից փորձելով հաշտության եզրեր գտնել Քոչարյանի հետ: Հանրապետականի կողմից մինչև այժմ հնչեցված պատասխաններն ավելի շատ հենց այս տրամաբանության շրջանակում էին: Ճիշտ կարկառուն երիտհանրապետականներից ոմանց այդպես էլ չհաջողվեց խորքային գնահատական հնչեցնել, սակայն հիմնական մոտիվացիան այն էր,որ Քոչարյանն արդեն թատերաբեմից հեռացած գործիչ է: Այս գաղափարն, ըստ էության, նախօրեին զարգացրել էին Շարմազանովն ու Կարեն Ավագյանը, ապա նաև Արմեն Աշոտյանը:
«Կարիք չկա 1998-2008թթ. ժամանակահատվածի վերլուծությունների գնահատականները ներկայացնել, որովհետև որևէ ներքաղաքական ենթատեքստ այդ գնահատականների մեջ չկա: Այս ժամանակահատվածում ՀՀԿ-ն եղել է կառավարման համակարգի հենասյուներից մեկը: Այդ տարիները մեր վերելքի տարիներն էին, մեր ընդհանուր պատմությունն է և կարիք չկա նման սուր գնահատականների: Նախ՝ Քոչարյանն ինքն է հայտարարել, որ երեք դեպքում կվերադառնա քաղաքականություն՝ երկրի օրհասական վիճակ, հասարակական պահանջ և անձնական որոշում: Երրորդի մասին չգիտեմ, իսկ առաջին երկուսն, ակնհայտ է, որ չկա: Այս դիսկուսը ավելի շատ քաղաքական դիսկուս է, բոլոր քաղաքական գործիչները հիշում են տնտեսության մասին այն դեպքում, երբ քաղաքական նպատակներ են ունենում»,- ասել է Աշոտյանը՝ կարծիք հայտնելով, թե 2018-ը Քոչարյանի վերադարձի համար լավագույն ժամանակը չէ նաև արտաքին քաղաքական առումով, որովետև առկա տարածաշրջանային փասիանսը չի ենթադրում ներքին քաղաքական վերադասավորում:
Երիտասարդ հանրապետականներից Հովհաննես Սահակյանն էլ <<Ազատություն>> ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել էր, թե Քոչարյանի վերադարձի հարցը ՀՀԿ-ի քաղաքական օրակարգում ներառված չէ: «Եթե մենք խոսում ենք 300 միլիոնի մասին կամ խոսում ենք գաղտնի պահելու մասին, նմանատիպ մի շարք փաստարկներ մենք էլ ունենք, որ կարող ենք բարձրաձայնել, խոսել. եթե ես չեմ սխալվում, նույն էներգետիկ բլոկի համակարգի վաճառքի ժամանակ, երբ խոսքը գնում էր 98 միլիոնի մասին, և մի գիշերվա ընթացքում դարձավ չգիտես ինչու 114 միլիոն»,- հայ-ռուսական գազային պայմանագրի առնչությամբ Քոչարյանի քննադատությանն ի պատասխան՝ ասել է Հովհաննես Սահակյանը:
Շատ ավելի հուժկու էր էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հակահարձակումը. Tert.am–ի ն տված հարցազրույցում նա Ռոբերտ Քոչարյանին հիշեցրել էր նրա օրոք կնքված <<Գույք՝ պարտքի դիմաց>> տխրահռչակ պայմանագիրն ու շեշտել, որ հայ-ռուսական գազային պայմանգիրը <<շահեկանորեն տարբերվում է>> <<Գույք՝ պարտքի դիմաց>> գործարքից: <<Ցանկանում եմ նաև ավելացնել, որ պարոն Քոչարյանի կողմից նախաձեռնված <<Գույք՝ պարտքի դիմաց>> գործարքից այս գործարքը, մեղմ ասած, շահեկանորեն տարբերվում է: Տարբերվում է ոչ միայն նրանով, որ գոյացած պարտքի կեսն իր վրա վերցրեց ռուսական կողմը, կամ նրանով, որ երկարատև ժամանակահատվածի համար գազի գնի կանխատեսելի լինելը լուրջ ձեռքբերում է տնտեսության մեջ ներդրումների խթանման համար, այլ որ սա իսկապես մեր երկրի շահերից բխող ու լուրջ մշակված գործարք է, որն իր հետևից ոչ թե թողնելու է այդպես էլ կենդանանալու հնարավորություն չստացած մահացած հսկա ձեռնարկություններ, այլ իրականում կյանք է տալու բազմաթիվ նախաձեռնությունների>>,- ասել է նախարարը:
Մովսիսյանը, փաստորեն, Քոչարյանին ակնարկել է, թե նա բոլորովին խոսելու տեղ չունի, որովհետև ռուսական կողմին հանձնած 5 ձեռնարկություններից 3-ը այսօր անգործության են մատնված: Արմեն Մովսիսյանը նախարարական պորտֆելն ստացել է Ռոբերտ Քոչարյանի տարիներին ու, ըստ էության, իշխանական շրջանակներում ընկալկվում է որպես երկրորդ նախագահի կադր:
Եթե երիտասարդ հանրապետականների <<ինքնապաշտպանության>> հարձակողական տակտիկան երկրորդ նախագահի հանդեպ ինչ-որ տեղ հասկանալի և սպասելի է եղել, ապա նույնը սեփական կադրերից Քոչարյանն, ըստ էության, չի սպասել: Թերևս սա է պատճառը, որ Քոչարյանի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ հատուկ շետվում է, որ առաջիկայում մանրամասնորեն անդրադարձ կարվի Արմեն Մովսիսյանի հարցազրույցին: