1in.am-ը գրում է.

Ֆրանսիայի ազգային գրադարանի արխիվի հազարավոր փաստաթղթեր վնասվել են կույուղու խողովակի ճեղքման հետևանքով: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում կատարելով գրադարանի տնօրինությանը:

Նախնական տվյալներով՝ վնաս է հասցվել 10-12 հազար արխիվային միավորի, ինչպես նաև միկրոֆիլմերի հավաքածուի: «Տեղի ունեցածի մասշտաբները գնահատելը դեռևս դժվար է, յուրաքանչյուր փաստաթուղթ վնասվել է տարբեր կերպ»,- ասել են տնօրինությունում:

Խողովակը վնասվել էր անցած հանգստյան օրերին «Գրականություն և արվեստ» սրահից ոչ հեռու: Այնտեղ պահպանվում է հարուստ հավաքածու, ներառյալ փաստաթղթեր, որոնք տպվել են Ֆրանսիայում՝ սկսած XVI դարից: Միջադեպի հետևանքով ընթերցողների համար մուտքը սրահ ժամանակավորապես սահմանափակվել է:

Ֆրանսիայի ազգային գրադարանը հանդիսանում է աշխարհում ֆրանսալեզու գրականության ամենաամբողջական պահոցը: Տարեկան այնտեղ մոտ 1.5 մլն ընթերցող է այցելում:

Գրադարանը հայտնի է իր վիրտուալ արխիվով, որը ներառում է մոտ 2.5 մլն թվայնացված փաստաթղթեր: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել