1in.am-ը գրում է.

Սիրիայի ներքին զինված հակամարտությունը վիթխարի վնաս է հասցրել այդ երկրի գյուղատնտեսությանը և երբեմնի զարգացած ենթակառուցվածքին, այդ թվում՝ առողջապահության ոլորտին: Այս մասին Քուվեյթում Սիրիայի դոնոր երկրների երկրորդ միջազգային համաժողովի բացմանը հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը՝ փոխանցում է RIA Novosti-ն:

«Սիրիան երբեմնի առողջապահության զարգացած ենթակառուցվածք է ունեցել: Այժմ (հիվանդանոցների ) 40 տոկոսը չի գործում: Որոշ շրջաններում բժիշկների կեսը ստիպված են եղել փախչել այն ժամանակ, երբ ամենից շատն էին անհրաժեշտ»,- ասել է Պան Գի Մունը:

Նա հավելել է, որ ավելի քան 2 մլն երեխաներ Սիրիայում չեն սովորում դպրոցներում, հազարավորները մատնված են սովի ու ցրտահարության, հասանելիություն չունեն խմելու մաքուր ջրի: Պոլիոմելիտը վերադարձել է տարածաշրջան: 

«Մեկ տարի առաջ մենք հավաքվել էինք այստեղ, և իրավիճակը Սիրիայում ծայրաստիճան լուրջ էր: Մեկ տարի անց մենք կանգնել ենք տարածաշրջանային ճգնաժամի առջև, մարդասիրական ճգնաժամի»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:

Հանդիպման գերնպատակն է 2014-ին սիրիացիների օգնության համար հավաքել 6.5 մլրդ դոլար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել