Lragir.am-ը գրում է.
«Արնի Քնսալթ» փաստաբանական գրասենյակի փոխտնօրեն, իրավաբան Արա Ղազարյանի հետ զրուցել ենք Վարդան Պետրոսյանի գործի քննության շուրջ
Վարդան Պետրոսյանի գործի քննության հետ կապված ունեք մի շարք նկատառումներ: Կներկայացնե՞ք:
Վարդան Պետրոսյանի գործով հանրությանը մատուցվում է բավական շատ տեղեկատվություն նրա պաշտպանի կողմից։ Ոստի հարց է առաջանում, թե արդյոք արդարացված է տեղեկատվության նման առատ հոսքը, եթե հրապարակային դատական փուլը դեռ սկսված չէ։ Հանրությունն ունի տեղեկատվություն ստանալու իրավունք՝ ընդ որում՝ օբյեկտիվ տեղեկատվություն։ Այս իմաստով պետք է հիշել, որ տեղեկություններ ստանալու, ընդհանրապես ազատ խոսքի իրավունքը հետապնդում է երեք նպատակ՝ հնարավորություն տալ մասնակցել ժողովրդավարական ինքնակարգավորման գործընթացին, այլ կերպ՝ հանրային վերահսկողության իրականացում պետական մարմինների գործունեության վրա, երկրորդ՝ անձի ինքնազարգացում, ինքնադրսևորում և երրորդ՝ ճշմարտության բացահայտում։ Ահա այս երրորդի (ճշմարտության բացահայտման) նպատակով է, որ հանրությունը Սահմանադրության 3-րդ հոդվածի ուժով իրավունք ունի ստանալ տեղեկատվություն նախաքննության մասին։ Այդուհանդերձ, պետք է հիշել, որ նախաքննությունն իր բնույթով մի գործընթաց է, որտեղ դեռ խոսում են ենթադրությունների լեզվով, մի պրոցես կամ տիրույթ, որտեղ տեղեկությունները (փաստերը, ապացույցները, իրեղեն ապացույցները և այլն) դեռ ստուգված չեն, մեծ հաշվով դրանք դեռ մտահանգումներ են, եզրահանգումներ, ենթադրություններ, սակայն դեռ ոչ ապացույց՝ ճշմարտություն։ Քրեական դատավարության ոսկե կանոնը նշում է, որ ճշմարտությունը բացահայտվում է, այսինքն ապացույցները ստուգվում են միայն հրապարակային դատավարության փուլում՝ մրցակցային դատավարության պայմաններում։ Այսինքն՝ անհրաժեշտ է հնարավորինս քիչ ինֆորմացիա տալ հանրությանը նախաքննության փուլի մասին, քանի որ այն, ինչ ասվում կամ կատարվում է նախաքննության փուլում, դեռ ճշմարտություն չէ, դեռ պետք է ստուգվի, մինչդեռ հանրությունը մատուցված տեղեկատվությունն ընդունում է որպես ճշմարտություն։
Նշվածը մեծ հաշվով առաջին պայմանն է, իսկ երկրորդ պայմանը տուժողի շահերն են, նրանց արժանապատվությունը և անձնական կյանքի իրավունքը։ Վերջինս ներառում է նաև անձի ֆիզիկական և հոգեբանական անձեռնմխելիությունը։ Ինֆորմացիայի նման առատ հոսքը տուժողներին ենթարկում է կրկնակի վիկտիմիզացիայի, հոգեկան տառապանքների։ Ոստի, սա նույնպես գործոն է, որը ցանկալի է, որպեսզի հաշվի առնվի Վարդան Պետրոսյանի, նրա պաշտպանի և, ընդհանուր առմամբ, լրատվամիջոցների կողմից՝ հատկապես, որ նման խնդրանքով հրապարակավ հանդես է եկել տուժող կողմը։
Վարդան Պետրոսյանի գործով, կարծում եք, ինֆորմացիոն դոզաները շա՞տ էին:
Ոչ թե շատ են, այլ աննախադեպ շատ: Հանրությունը չի տիրապետում և պարտավոր էլ չի տիրապետել իրավաբանության, քրեական դատավարության նուրբ ծալքերին և այդ պատճառով ամեն մատուցվածն ընդունվում է արդեն որպես de facto ճշմարտություն, մինչդեռ փաստական հանգամանքները, հավաքված ապացույցները, նյութերը, դրանց վերաբերելիությունը, արժանահավատությունը, օրինականությունը դեռ պետք է ստուգվեն դատարանում՝ հանրության վերահսկող աչքի ներքո, արդարության և հրապարակայնության բոլոր պահանջների պահպանմամբ, մրցակցային դատավարության կանոններով և դատական ճանաչողության միջոցով: Մենք այս պահին, փաստորեն, կարդում ենք դեռ չստուգված «ճշմարտություն»։
Դա է պատճառը, որ, օրինակ, եվրոպական փաստաթղթերում միշտ խոսվում է այն մասին, որ պետք է չափազանց զգուշորեն լուսաբանել նախաքննությունը, և դա բոլորին է վերաբերում՝ սկսած լրագրողներից, վերջացրած պաշտպաններով:
Վարդան Պետրոսյանի կալանքի ժամկետը արդյոք պետք է երկարաձգեին, մի՞թե ընդգծված բացասական վերաբերմունք չէ սա:
Իմ կարծիքը ես հայտնել եմ հենց սկզբում, որ որևէ անհրաժեշտություն չկար Վարդան Պետրոսյանի և՛ կալանքի նշանակման, և՛ կալանքի ժամկետի երկարաձգման համար, հատկապես որ դատարանի որոշման հիմքում ընկած որոշ հիմնավորումներ բախվում են եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի հետ: Օրինակ՝ կալանքի ժամկետը երկարաձգելիս, ըստ փաստաբանի տրամադրած տեղեկատվության, այնտեղ հղում է կատարվում այն հանգամանքի վրա, որ դեռ պետք է կատարվեն ինչ-ինչ քննչական գործողություններ, մինչդեռ Կամո Փիրուզյանի գործով վճռում Եվրադատարանը հստակորեն նոր նախադեպային դրույթ է սահմանել առ այն, որ այնպիսի հիմնավորումներ, ինչպիսին են, օրինակ, քննչական գործողություններ կատարելու անհրաժեշտությունը, չի կարող դրվել խափանման միջոց կալանքի հիմքում։ Այստեղ մենք տեսնում ենք հակասություն առաջին ատյանի դատարանի որոշման և եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի միջև:
Տրամաբանությունից դուրս չէ՞ իրավապահ մարմինների հիմնավորումն առ այն, որ կալանքը երկարաձգում են, քանի որ Վարդան Պետրոսյանը կարող է կատարել նոր հանցագործություն:
Իմ կարծիքով, այստեղ մենք գործ ունենք դատական ավանդույթի հետ։ Երբ նման արտահայտություն է նշվում դատական որոշման մեջ, ես սովորաբար մտածում եմ, որ դատարանը մտահոգ է, որ մեղադրյալի ազատության մեջ մնալու դեպքում տուժողի հարազատները կարող են քայլեր ձեռնարկել վրեժխնդիր լինելու նպատակով, և արդյունքում նոր հանցագործություն կարող է տեղի ունենալ։ Այդուհանդերձ, նման պատճառաբանությունն օբյեկտիվորեն չի կարող կալանքի հիմք հանդիսանալ, և այդ պատճառով էլ դատարանն այդ մասին չի նշում իր որոշման մեջ։ Սակայն կրկնում եմ, որ սա իմ կարծիքն է, մինչդեռ դատարանը չի հստակեցրել, թե ինչու է կարծում, որ ազատ մնալու դեպքում մեղադրյալը կկատարեր նոր հանցագործություն։
Շատերը սա հիմնավորում են քաղաքական միջամտությամբ:
Չեմ կարծում։ Վարդան Պետրոսյանը երբեք աչքի չի ընկել քաղաքական այլախոհությամբ, ավելի շուտ երբեմն դրսևորել է քաղաքացիական ակտիվիզմ և երբեմն էլ իր սցենարներին սրություն հաղորդելու նպատակով դրանք համեմել է որոշ չափազանցված քննադատություններով իշխանությունների հասցեին, այդուհանդերձ, նա հաջողությամբ տեղավորվում էր իշխանությունների և ընդդիմության միջև, և մենք չենք կարող ասել, որ նա, օրինակ, Երվանդ Մանարյան էր, ով պարբերաբար մասնակցում էր ընդդիմության հանրահավաքներին, արտահայտում ռադիկալ քաղաքական հայացքներ, կոշտ քննդատության ենթարկում իշխանություններին հրապարակային ելույթներով: Իհարկե, որոշ աղերսներ ունեցավ Րաֆֆի Հովհաննիսյանի ղեկավարած շարժմանը, բայց վերջինս այնուհետ ապացուցեց, որ ինքը իշխանությունների համար վտանգ չի ներկայացնում: Այնպես որ, ես այստեղ քաղաքական հիմք չեմ տեսնում:
Ամենաշատը քննիչի աշխատանքը քննադատվեց: Պաշտպանը մեկ անգամ չէ, որ բարձրացրեց այս խնդիրը: Մի՞թե ճիշտ չէ հենց սկզբից խնդրի մասին բարձրաձայնելը:
Ինքս պրոցեսին չեմ մասնակցում, որ գնահատեմ: Կարող եմ ասել, որ խախտումներ, շեղումներ միշտ էլ լինում են նախաքննության փուլում, բայց դրանք պետք է լինեն էական, որպեսզի ընդհանուր առմամբ ազդեն արդար դատաքննության իրավունքի վրա: Ի դեպ, «էական» բառը քրեադատավարական կատեգորիա է, դա ամրագրված է Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքում և եվրոպական դատարանի նախադեպային իրավունքում, այսինքն՝ դատավարության օրենքով սահմանված կարգից որևէ շեղում ինքնին դեռ չի հանգեցնում արդար դատաքննության իրավունքի խախտմանը, եթե դա իր բնույթով էական շեղում կամ խախտում չէ։ Իսկ էական ասելով հասկանում ենք, առաջին, այնպիսի խախտում, որն ինքնին կարող է ազդել գործի ելքի վրա, երկրորդ, այնպիսի իրավունքի խախտում, որը սահմանադրական իրավունք է, այսինքն ուղղակիորեն ամրագրված է Սահմանադրությամբ: Հիմա քննիչի կողմից թույլ տրված խախտումները կարո՞ղ են ազդել գործի ելքի վրա, թե ոչ, կարող է միայն պաշտպանն ասել: Եթե ասում է, մենք նրան չհավատալու հիմքեր չունենք, սակայն երբ նախաքննությանը հաջորդի հրապարակային դատաքննության փուլը, որտեղ բոլոր կողմերը մրցակցային դատավարության պայմաններում կունենան «խոսելու» հավասար հնարավորություններ, ճշմարտությունը, ինչից մենք սկսեցինք մեր զրույցը, կբացահայտվի: Այս իմաստով անընդունելի է տարածված պրակտիկան, երբ էպիզոդիկ բնույթի և ոչ էական խախտումները ներկայացվում են որպես «աշխարհի վերջ», դավադրության տեսություն, քաղաքական հետապնդում, կոռուպցիոն դրսևորում, իշխանությունների վրեժխնդրություն, և այլն:
Վարդան Պետրոսյանի գործով լրատվության հոսքը կարելի է համեմատել մեկ այլ, նույնպես հանրային մեծ հետաքրքրություն ներկայացրած գործի՝ Սյունիքի նախկին մարզպետի տան հետ կապված դեպքի հետ։ Այդուհանդերձ, կա մեկ էական տարբերություն։ Այս գործում պաշտպանը՝ Հայկ Ալումյանը, տեղեկատվության իր ձեռքի տակ գտնվող ամբողջ հոսքը՝ հայտնի տեսագրության ամբողջական տարբերակը, հանրային դաշտ դուրս բերեց միայն այն բանից հետո, երբ հասկացավ, որ հրապարակային դատաքննություն չի լինելու, որ հանրության համար տեսանելի ճշմարտության բացահայտման գործընթաց այլևս տեղի չի ունենալու (իսկ արդարադատությունը ոչ միայն պետք է իրականացվի, այլ նաև տեսանելի լինի, թե ինչպես է իրականացվում): Եվ քրեական գործ չհարուցելու մասին որոշումից հետո իրեն այլևս ոչինչ չէր մնում, քան իր տրամադրության տակ եղած նյութը հանձնել հանրության դատին՝ քանի որ ոչ միայն ինքն ուներ տեղեկատվություն տարածելու իրավունք, այլ նաև հանրությունն ուներ օբյեկտիվ տեղեկատվություն ստանալու իրավունք, և այդ ճանապարհին օբյեկտիվ որևէ խոչընդոտ (օրինակ՝ նախաքննական գաղտնիքը պահպանելու պարտականությունը) այլևս չէր մնացել։
Այս երկու գործերը հանրության ուշադրության կենտրոնում են, և չկար մեկը, որ չնշեր՝ իշխանությունն ակնհայտ խնայեց Սուրեն Խաչատրյանին, մինչդեռ Վարդան Պետրոսյանի նկատմամբ այսքան դաժան գտնվեց:
Եթե Սուրեն Խաչատրյանի փոխարեն լիներ սիրված դերասան Վարդան Պետրոսյանը, արդյոք հանրությունը նույն կարծիքը կարտահայտեր… կարծում եմ կգերակայեր հետևյալ կարծիքը, որ կայացված որոշումն արդարացի էր, քանի որ հարձակում էր տեղի ունեցել տան վրա, ընտանիքի վրա, և քանի որ վտանգվել էր քաղաքացիների ֆիզիկական անձեռնմխելիությունը, ընտանիքի անձեռնմխելիությունը, մարդիկ դիմել էին ինքնապաշտպանության, որն անհրաժեշտ ինքնապաշտպանություն էր: Ցավոք, Սուրեն Խաչատրյանը հանրության աչքում հեղինակություն չվայելող քաղաքական գործիչ է, և մասամբ դա է պատճառը, որ հնչեցին կարծիքներ, որ նախաքննությունը կանխակալ է եղել։ Մասամբ էլ այն պատճառով, որ անպատասխան մնաց մի կարևոր հարց, թե ինչպես էին գոյացել գետնի վրայից թռչող կայծերը, որը գուցե այս գործի բացահայտման համար առանցքային նշանակության հարց էր։
Ամփոփելով թեման, ուզում եմ նշել, որ մեր հասարակությունում դեռ չի ձևավորվել իրավական մշակույթ նախաքննության կամ դատաքննության լուսաբանման առումով։ Մեծ հաշվով, նույնիսկ ցանկություն էլ չեմ տեսնում նման մշակույթ ձևավորելու ուղղությամբ։ Լրատվական տեքստերում գրեթե բացակայում է «ենթադրաբար» բառը՝ ցանկացած հետաքննություն, նախաքննություն ու դատաքննություն լուսաբանվում է որպես արդեն հաստատված ճշմարտություն առ այն, որ տվյալ անձը կատարել է իրեն մեղսագրվող հանցագործությունը։ Հանրապետության թիվ 1 Պապարացին իրեն հատուկ բարոյախրատական ոճով ամեն օր ու ամեն ժամ իր հեռուստատեսային սքեթչերով ու ինտերնետային անոնսներով խախտում է ճանապարհային երթևեկության զոհ դարձած քաղաքացիների սահմանադրական իրավունքները՝ արժանապատվությունը, անձնական կյանքի իրավունքը և անմեղության կանխավարկածը։ Ցավալին այն է, որ այդ մարդիկ կարծում են, որ կարելի է Սահմանադրությունը կարել իրենց հագով։



