Lragir.am-ը գրում է.
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանն այսօրվա նիստում բավարարել է մեղադրող դատախազի միջնորդությունն ու որոշել, որ դերասան Վարդան Պետրոսյանի գործով դատական նիստերը պետք է այսուհետ անցկացվեն դռնփակ: Այս մասին Lragir.am-ին տեղեկացրեց Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:

 Որոշման կայացումից հետո դատարանի դահլիճից լրագրողները դուրս են հրավիրվել: «Ըստ օրենքի՝ որոշակի գործեր կարող են անցկացվել դռնփակ, որոնք վերաբերում են պետական գաղտնիքին, նմանատիպ գործեր: Այս գործը չի դասվում այս կատեգորիայի գործերի շարքը, հետևաբար պետք է դռնբաց քննվեր: Դատախազը միջնորդություն ներկայացրեց, սակայն որևէ իրավական հիմք չներկայացրեց: Մենք մի քանի անգամ խնդրեցինք, ասացինք՝ ներկայացրեք, ո՞ր օրենքի համաձայն դուք պետք է դատական նիստը դռնփակ անեք: Իրենք, անտեսելով օրենքի պահանջը, որոշում կայացրեցին դռնփակ նիստ անել»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը:

 Նա նշեց, որ դատարանի այս որոշման պատճառն իրականում Վարդան Պետրոսյանի գործով թույլ տրված անօրինականությունները թաքցնելն է: «Ես կարծում եմ, որ իրական դրդապատճառն այն է, որ իրենք իրականում չունեն որևէ իրավական հիմք՝ ներկայացնելու, որ Վարդան Պետրոսյանը դուրս գրվելով հիվանդանոցից՝ դիմել է փախուստի: Վարդան Պետրոսյանը հիվանդանոցից դուրս գրվելով՝ գնացել է այն բնակարանաը, որտեղ ինքը վերջին 10 տարվա մեջ բնակվում էր: Իրենց ձեռնտու չէ այս պահին, որ հանրությունն իրազեկված լինի, որ Վարդան Պետրոսյանը փախուստի չի դիմել, և նրա ձերբակալությունը եղել է  անօրինական»,- ընդգծեց փաստաբանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել