Pastinfo.am-ը գրում է.

Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Վարդան Պետրոսյանի գործով դատավարությունը դուրս է եկել զուտ ավտովթարի գործի շրջանակներից:   «Չեմ հավատում, որ մի ավտովթարի գործով դատական նիստը դռնփակ են անում` ելնելով դրա պետական կամ ծառայողական գաղտնիք լինելու հասկացությունից: Պետական կամ ծառայողական գաղտնիք հասկացությունը և դրանց հետ կապված գործերի շրջանակը օրենքով նախատեսված է, այդ հանցագործությունների տեսակները հստակ սահմանված են, և ավտովթարը հաստատ չի ընկնում դրա տակ»,- ասաց փաստաբանը:   Նիկոլայ Բաղդասարյանը նաև տեղեկացրեց, որ վաղը նախանշված դատական նիստի ընթացքում դարձյալ պատրաստվում է ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել դատավոր Յու. Բաղդասարյանին:   «Որովհետև եթե նա որոշում է կայացնում նիստը դռնփակ անցկացնելու, իսկ ես գտնում եմ, որ այդ դատը չպիտի դռնփակ լինի, ստիպված պետք է ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնեմ դատավորին»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը:   Հիշեցնենք` Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում  Վարդան Պետրոսյանի ձերբակալման որոշումը բողոքարկելու հարցով դատական նախորդ նիստում, դատավոր Յու. Բաղդասարյանն արդեն մերժել էր Վարդան Պետրոսյանի փաստաբանի նույնաբովանդակ միջնորդությունը` միաժամանակ բավարարելով դատական նիստերը դռնփակ անցկացնելու մասին հակառակ կողմի միջնորդությունը:   «Պետք է հետևողական լինենք այս հարցում, քանի որ վտանգ կա, որ հետագայում ևս այս գործով նիստերը կարող են դռնփակ անցկացվել,- նշեց Նիկոլայ Բաղդասարյանը` հավելելով,-Դեռ այս նիստը ոչինչ, սա միայն ձերբակալման որոշման հարցն է, բայց չի բացառվում, որ հետագայում` արդեն բուն գործի դատաքննության ժամանակ, հակառակ կողմին ստիպեն միջնորդություն անել` դատը դռնփակ իրականացնելու մասին, և դրա հիման վրա որոշեն դատը դռնփակ անել»:   «Բուն վտանգը այստեղ եմ տեսնում, եթե հիմա այս միջնորդությունը չանեմ, հետո արդեն ռեսուրս չեմ ունենա հետագա քայլերի համար»,- հավելեց փաստաբանը:   Հիշեցնենք` Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում  Վարդան Պետրոսյանի ձերբակալման որոշումը բողոքարկելու հարցով դատական հերթական նիստը կկայանա վաղը` հունվարի 15-ին:   Դատաքննությունը կընթանա դռնփակ կարգով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել