1in.am-ը գրում է.
ԵՄ երկրներում ապրելու իրավունքն ու եվրոպացի ներգաղթյալների սոցիալական վճարների ստացումը կախված կլինեն աշխատանքի որոնման հարցում նրանց հաջողություններից: Այս մասին հայտնել է զբաղվածության, սոցիալական հարցերի և սոցիալական ինտեգրման քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Լասլո Անդորը՝ փոխանցում է Deutsche Welle-ն:
Նա Բրյուսելում ներկայացրել է նոր ուղեցույց, որով կսահմանվի սոցիալական վճարների ստացման գործազուրկ ներգաղթյալների իրավունքը:
Սովորաբար եվրոպացի ներգաղթյալների՝ ԵՄ այլ երկրում ապրելու իրավունքը սահմանափակվում է 5 տարով, եթե մարդը չի կարողանում աշխատանք գտնել: Ինչպես նշել է Անդորը, բացակայում է նորմը, համաձայն որի՝ որևէ երկրում 6 ամիս ապրելուց հետո ներգաղթյալն ավտոմատ կերպով ստանում է կեցության իրավունք: Եվրահանձնակատարի կարծիքով՝ 6 ամիսը բավարար ժամանակ է՝ պարզելու, թե ներգաղթյալն աշխատանք գտնելու իրական շանսեր ունի՞, թե՞ ոչ:
Բացի այդ, եվրահանձնակատարը պաշտոնյաներին առաջարկել է առանձին իրավիճակներում գնահատել այլ չափորոշիչներ՝ ընտանիքի կազմը, սեփական բնակարանի առկայությունը կամ ներգաղթյալի հասարակական գործունեությունը:
Նոր ուղեցույցը Եվրահանձնաժողովի արձագանքն է աղքատության պատճառով եվրոպական միգրացիայի հարցում հասարակության անհանգստության հանդեպ: 2014-ի հունվարի 1-ից Բուլղարիան և Ռումինիան ստացել են ԵՄ սահմաններում բնակության վայրի և աշխատավայրի ազատ ընտրության իրավունք: Քաղաքական գործիչները մտավախություն ունեն, որ արդյունքում Գերմանիայում կամ այլ հարուստ երկրներում կարող են հաստատվել անորակ մասնագետներ, ովքեր հետաքրքրված են միայն սոցիալական նպաստների ստացմամբ:



