Մարդկային զգացմունքների սպեկտրը ինչքան էլ լայն լինի, միևնույն է այն անսահման չէ: Մարդուն հուզելու և գրածի վրա ուշադրությունը սևեռելու համար պետք է նրա հուզական աշխարհում եղած լարերից մեկի հետ ռեզոնանսի մեջ մտնի գրողը: Ինչպես ասեցի մարդու հուզական սպեկտրը անսահման չէ, հետևաբար գրական հնարավոր ազդակները ևս սահմանափակ են և, վերջիվերջո, գալու է մի պահ, երբ այլևս որևէ նոր բան ասելը կդառնա անհնարին, բոլոր հուզական նյուանսները կսպառվեն տեսականորեն, և գրողը ստիպված կլինի գնալ կրկնության ճանապարհով բովանդակային առումով, իսկ որպեսզի գոնե մի կաթիլ նորություն հաղորդի իր ասելիքին ստիպված կլինի ձևերի հետ խաղալու, որովհետև ձևերը, իրոք, անսպառ են իրենց այլակերպությունների մեջ: Այս նույն երևույթը շատ ավելի ակնառու է կերպարվեստում` գեղանկարչության և քանդակագործության ասպարեզներում: Նույն բանը տեղի ունի նաև երաժշտական արվեստում, երբ նոր մեղեդի այլևս դժվար է հնարել, քանի որ ձայնային տատանումների ողջ հաճախային սպեկտրը վեր ու վար արված է կամ կարվի: Ապագայի արվեստագետների փրկության ճանապարհը մարդկային կարճ հիշողությունը կլինի, երբ մարդիկ հիմնովին կմոռանան նախկին մեծ վարպետների ստեղծագործությունները և նոր վարպետների ստեղծանը կլինի նոր բան իրենց համար, որովհետև իրենք չեն հիշի, որ շատ դարեր առաջ արդեն այդ լարի վրա մի գերազանց վարպետ նվագել է նույն մեղեդին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել