1in.am-ը գրում է.

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի կրտսեր քույրը կզբաղվի Աշխատանքային կուսակցության ֆինանսական հարցերով՝ անցած տարվա դեկտեմբերին մահապատժի ենթարկված հորաքրոջ ամուսնու՝ Չան Սոն Տհեկի փոխարեն: Այս մասին հայտնում է հարավկորեական «Չոսոն իլբո» թերթը՝ հղում անելով Հարավային Կորեայում Հյուսիսի մտավոր զորակցության խմբին: Ըստ շշուկների՝ Կիմ Չեն Ինի քույրը՝ Կիմ Ե Չժոն, դարձել է Աշխատանքային կուսակցության 54-րդ բաժնի ղեկավար: Այն նախկինում ղեկավարել է Չան Սոն Տհեկը:

Այդ բաժինը պատասխանատու է Կորեայի ժողովրդական բանակին ածխի, էլեկտրականության, վառելիքի, հագուստի և առաջին անհրաժեշտության այլ իրերի մատակարարման համար: 

Աղբյուրի փոխանցմամբ՝ փոխմարշալ Չխվե Ռեն Խեն խնդրել է Կիմ Չեն Ինին այդ գործառույթը վերադարձնել ռազմական գերատեսչությանը, որից վերցվել էր 2012-ին, սակայն խնդրանքը մերժվել է:

Ինչպես հայտնում է հյուսիսկորեամետ խումբը, Կիմ Ե Չժոն սկսել է ղեկավարել «Տեսոն» ու «Միավորում և զարգացում» բանկերը, վերահսկել մի շարք զբոսաշրջային, երկաթուղային և այլ նախագծեր, որոնցից մի քանիսը նախկինում ղեկավարել է առաջնորդի հորաքույրը՝ Կիմ Գյոն Հին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել