Kinoashkharh.am-ը գրում է.
2013-ը Պերճ Զեյթունցյանի համար հոբելյանական է. հուլիսի 18-ին կնշվի գրողի 75-ամյակը: Երբ փորձեցի զրույցը սկսել հենց հոբելյանից, ասաց. «Իզուր հիշեցրիք այդ մասին, ես մոռացել էի, գիտեք, 75-ամյակն առանձնապես ուրախալի բան չէ, ուրեմն չխոսենք տխուր բաների մասին»: Շրջանցեցինք միայն հոբելյանի թեման, խոսեցինք կինոյի, թատրոնի ու անկախ Հայաստանի առաջին մշակույթի նախարարի իրականացրած ու անավարտ ծրագրերի մասին, և իհարկե, թե ինչու այդքան բարդ ընթացք ունեցան Պերճ Զեյթունցյանի ու հայկական կինոյի փոխհարաբերությունները:
-Երբ ավարտելով Մոսկվայի սցենարական բարձրագույն դասընթացը` վերադարձաք Երևան, ենթադրվում էր, որ լիովին նվիրվելու եք կինոյին, բայց ամենևին այդպես չեղավ:
- Իմ բախտը կինոյում չի բերել` ի տարբերություն թատրոնի: Թատրոնում 11 ներկայացում եմ ունեցել. քիչ բան չէ: Բախտի բան է, գիտեք, նայած թե ինչպես է ճակատագիրը տնօրինում:
- Ասում եք, որ կինոյում Ձեր բախտը չի բերել: Բայց օրինակ` «Երևանյան օրերի խրոնիկա» ֆիլմի դեպքում կարելի է նաև հակառակը պնդել, քանի որ Ձեր սցենարն էկրանավորել է Ֆրունզե Դովլաթյանը, թեև դարձյալ իրավացի եք, քանի որ գիտեմ` ժամանակին դաժանաբար կրճատել և խեղաթյուրել են ֆիլմը:
- Այո, այն ժամանակ 45 րոպե կրճատվեց. կատակ բան չէ: Բայց նույնիսկ այդպես բարբարոսաբար կրճատվելուց հետո դիտվում էր և անգամ հիմա էլ է նայվում: Գիտեք, երկու անգամ ցուցադրվեց ռուսական «Կուլտուրա» հեռուստաալիքով, իսկ էնտեղ գիտեք, թե ինչ ֆիլմեր են ցուցադրում, ընտրովի, քանի որ բարձրաճաշակ ալիք է: Ուրախ եմ, որ այդ ընտրովի ֆիլմերի մեջ մտավ մեր ֆիլմը:
- Խորհրդային կինոյի պատմության մեջ շատ էին այն ֆիլմերը, որոնք կաʹմ արգելված էին ու տասնյակ տարիներ մնացին դարակներում, կաʹմ էլ խեղվել են գրաքննիչների ջանքերով: Բայց գորբաչովյան ազատականացման շրջանում շատերը վերականգնեցին իրենց ֆիլմերը: Մի՞թե չէր պահպանվել «Երևանյան օրերի խրոնիկայի» ամբողջական տարբերակը:
- Այն ժամանակ վայրենաբար այրեցին նեգատիվները: Այո, շատ ռեժիսորներ պահել էին նեգատիվները և պերեստրոյկայից հետո վերականգնեցին, բայց մենք չունեցանք այդ բախտը: Եվ էն մարդիկ, ովքեր ժամանակին վատ էին խոսել մեր ֆիլմի մասին, բարեբախտաբար, տարիներ հետո հրապարակավ մամուլում խոստովանեցին, որ իրենք սխալվել են, ընդունեցին, որ դա լավ ֆիլմ էր: Անուններ, իհարկե, չեմ տա, բայց նրանք արեցին իրենց սև գործը: Հետո, երբ ընդունեցին իրենց սխալը, ուշ էր արդեն: Բայց, անկեղծ ասած, իմ բոլոր ֆիլմերից չէ, որ նույնքան գոհ եմ, որքան «Երևանյան օրերի խրոնիկայից»: Մյուս դեպքերում ես հեղինակ չեմ տեսնում: Եվ առհասարակ կինոյում գրողը լիարժեք հեղինակ չէ, հեղինակը ռեժիսորն է: Եվ պատահական չէ ,որ ասում են` Գոդարի, Ֆելինիի կինոն, չեն ասում` Գուերայի ֆիլմը: Իսկ թատրոնում այդպես չէ, ասում են Չեխովի «Երեք քույրերը»: Գիտեք, խոսքը ասել-չասելու, անուն տալու-չտալու մասին չէ, այլ այն մասին, թե գրողը ինչ դեր ունի կինոյում և ինչ` թատրոնում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ