Ինչպես տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքը, քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ: Բազմաթիվ քաղաքացիներ արդեն հասցրել են այս կամ այն ձև իրենց բացասական վերաբերմունքն արտահայտել վերջինիս առնչությամբ: Չեմ կարծում, որ անգամ Տարոն Մարգարյանի շրջապատում կգտնվեն մարդիկ, ում կուրախացնի այս լուրը, առավել ևս, որ այն չի տեղավորվում ոչ մի տրամաբանության շրջանակներում: Օրինակ, երբ Հանրապետության նախագահը (ով ի դեպ երկար տարիներ եղել է շախմատի սիրահար, և այդ մասին տեղյակ է եղել նաև հանրությունը) դառնում է շախմատի ֆեդերացիայի նախագահ, շատերին դուր չի գալիս, սակայն մյուս կողմից ամբողջ աշխարհին ի ցույց է դրվում, որ շախմատի զարգացումը երկրում դրված է պետական մակարդակի վրա, և որ վերջինիս զարգացմամբ հետաքրքրված է անգամ նախագահը: Սակայն, երբ Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ է դառնում քաղաքապետը, ում հանրությունը, մեղմ ասած, որպես ինտելեկտուալի չի ընկալում, դեռ ավելին, շատերը կասկածում են, որ նա տիրապետում է շախմատի քայլերին և կարող է շախմատ խաղալ գոնե 11-12 տարեկան սկսնակ շախմատիստների հետ, այստեղ արդեն արժեզրկվում է անգամ շախմատի զարգացմանն ուղղված պետական մոտեցումը և ֆեդերացիայի նախագահի կոչումը դառնում է ընդամենը զուտ հետաքրքրություն կամ ամբիցիաների բավարարման հարց:

Հ.Գ.
Քաղաքապետ Տարոն Մարգարյանի PR-շիկները կարծես միտումնավոր բացասական վարկանիշ են ապահովում նրա համար, քանզի լավ PR-շիկները նման պարագայում պետք է երկար համոզեին քաղաքապետին, որ այս պաշտոնն իրեն հարկավոր չէ և միայն բացասաբար է ազդելու արդեն իսկ կտրուկ անկում ապրած վարկանիշի վրա: Պատկերացնո՞ւմ եք՝ որքան կբարձրանար Տարոն Մարգարյանի վարկանիշը, եթե քաղաքապետարանն այսօր հայտարարություն տարածեր, որ Տարոն Մարգարյանը հրաժարվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել