1in.am-ը գրում է.
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Աղասի Մկոյանի նախագահությամբ ավարտվել է Նվեր Զարգարյանի և Նելսիկ Սարգսյանի գործի դատավարությունը:
Ջրաշեն գյուղի 22-ամյա բնակիչ Նվեր Զարգարյանն աշխատել է որպես կռունկավար: Նույն գյուղի 21-ամյա բնակիչ Նելսիկ Զարգարյանն աշխատել է ոստիկանության Սպիտակի պահպանության բաժանմունքում՝ որպես ջոկի ոստիկան:
Եթե Նվերին մեղսագրված արարքը բոլորովին կապ չունի կռունկավարի աշխատանքի հետ, ապա Նելսիկը մեղադրվել է այն բանի համար, որ իր աչքի առաջ կատարվող հանցավոր արարքին չի միջամտել, իր մասնագիտական պարտքը չի կատարել:
Ըստ դատական ակտի՝ Նվերը Սպիտակ քաղաքի բնակչուհի Մ.-ին բազմիցս ամուսնության առաջարկություններ է արել ու միշտ մերժվել է:
2013 թվականի սեպտեմբերի 22-ի կեսգիշերին Նվերն իր հավանած աղջկան հանդիպել է Սպիտակի Քըրք Քըրքորյան փողոցում: Գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, ամուսնության նպատակով Մ.-ին բացահայտ առևանգելու ուղղակի դիտավորությամբ նա բռնել է աղջկա ձեռքերից, նրա կամքն անտեսելով՝ հրելով ու քաշքշելով փորձել է նստեցնել իրեն պատկանող «ՎԱԶ-2108» ավտոմեքենան: Սակայն առևանգումը առևանգող Նվերի կամքին հակառակ տեղի չի ունեցել, որովհետև միջամտել են աղջկա ընկերն ու քույրը և կանխել են կռունկավարի հանցավոր գործողությունները, որոնք հետագայում որակվել են որպես առևանգման փորձ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-131 հոդվածի 1-ին մասով:
Առևանգման փորձի պահին Նվերի մեքենայում է եղել ու չի միջամտել ոստիկան Նելսիկը:
Դատական ակտի համաձայն՝ Նելսիկ Սարգսյանը 2013 թվականի սեպտեմբերի 21-ին ներգրավված է եղել շուրջօրյա ծառայության «Սև կակաչ» արտադրական կոոպերատիվի տարադրամի փոխանակման կետում:
Կեսգիշերին նա առանց վերադասի թույլտվության թողել է պահակակետը, իր համագյուղացի Նվեր Զարգարյանի մեքենայով գնացել է Սպիտակ քաղաքի Քըրք Քըրքորյան փողոց, որտեղ Նվերը մտադրված է եղել հանդիպել ու զրուցել իր հավանած աղջկա ընկերոջ հետ:
Նշված փողոցում հանդիպելով հավանած աղջկան՝ Նվերը, ինչպես արդեն նկարագրվել է վերը, փորձել է առևանգել նրան:
Երբ առևանգումը խափանվել է, Նվերն ու իր բարեկամ Կարենը վեճի են բռնվել աղջկա ընկերոջ հետ, հայհոյելով ծեծի են ենթարկել նրան: Նվերը նաև բռունցքով հարվածել ու վնասել է ծեծվողի «Ֆոլքսվագեն վենտո» ավտոմեքենայի դիմապակին:
Այս ամենին ականատես ոստիկան Նելսիկ Սարգսյանը, կրելով ոստիկանի համազգեստ, «ընկերոջ՝ Նվերի հետ ունեցած մտերիմ փոխհարաբերությունները պահպանելու, համգյուղացիների մոտ վատ համբավ չստեղծելու, նրանց աչքից չընկնելու անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ չի կատարել իր ծառայողական պարտականությունները, չի միջամտել ու չի պաշտպանել ոտնձգության ենթարկված քաղաքացիների առողջությունը, պատիվը, իրավունքներն ու օրինական շահերը, չի կանխել ու խափանել իր ներկայությամբ ակնհայտ կատարվող հանցագործությունները»:
Նելսիկ Սարգսյանի կատարած հանցավոր արարքը որակվել է ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով:
Գործը դատաքննվել է արագացված ընթացակարգով:
Դատարանը հաշվի է առել, որ Նվեր Զարգարյանի խնամքին են վատառողջ մայրը և երկու քույրերը, ինչպես նաև այն, որ նա հաշտվել է տուժողի հետ:
Ամբաստանյալների պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքներ ի հայտ չեն բերվել:
Նվեր Զարգարյանը մեղավոր է ճանաչվել ու դատապարտվել 2 տարի ազատազրկման: Նրա նկատմամբ պայմանական դատապարտություն է կիրառվել ու սահմանվել 1 տարի փորձաշրջան:
Կալանքի տակ գտնվող Նվերը անհապաղ ազատ է արձակվել դատարանի դահլիճում:
Նելսիկ Սարգսյանը մեղավոր է ճանաչվել ու դատապարտվել 200 հազար դրամ տուգանքի:



