Aysor.am-ը գրում է.

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը արդարացել է անչափահասի բռնաբարության գործով մեղադրվողներին: Այս մասինAysor.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:

Կարեն Ստեփանյանին և Մկրտիչ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2012թ.-ի հոկտեմբերի 7-ի լույս 8-ի գիշերը` ժամը 02:00-ի սահմաններում Տավուշի մարզի Հաղարծին գյուղի հարակից անտառամասում «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայում, անչափահաս Մ. Բ.-ի կամքին հակառակ, դանակի ցուցադրմամբ և դրանով վերջինիս սպանելու` բռնություն գործադրելու սպառնալիքով, նրա հետ ունեցել են սեռական հարաբերություն: 

Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 138 Հոդվածի 2-րդ Մասի 3-րդ կետի հատկանիշներով:

Գործի դատաքննությամբ դատարանը հաստատված է համարել, որ գործով ամբաստանյալ Կարեն Ստեփանյանը 2012թ. սեպտեմբերին համացանցի միջոցով ծանոթացել է գործով տուժողի հետ, որն այդ ժամանակ սովորում էր Տավուշի մարզի Հաղարծին գյուղի ավագ դպրոցում:

Որոշ ժամանակ անց նրանք որոշել են հանդիպել և 2012թ. հոկտեմբեր ամսին, գիշերը, ժամի 02:00-ի սահմաններում, հանդիպել են գործով տուժողի տատի տան մոտ: Նրանք սկսել են հաճախակի հանդիպել, շփվել հեռախոսով և մտերմացել են: Այնուհետև որոշել են ամուսնանալ, երբ աղջիկը դպրոցն ավարտի: Այդ ընթացքում Ռուսաստանի Դաշնությունից Հաղարծին է վերադարձել Կարենի ընկերը` գործով մյուս ամբաստանյալ Մկրտիչ Հովհաննիսյանը, որի հետ Կարենը ծանոթացրել է տուժողին, սակայն նրանց միջև որևէ հարաբերություն չի եղել:

Հանդիպումներից մեկի ընթացքում Կարենն ու տուժողը ունեցել են սեռական հարաբերություն, որից հետո նրանց մտերմությունը որոշ չափով սառել է: Վախենալով, որ Կարենն իր հետ ամուսնանալու մտադրությունը փոխել է, տուժողը 2013թ. հունվարի 30-ին իր ընտանիքի անդամներին հայտնել է, թե իբր 2012թ. հոկտեմբերի 7-ի գիշերը, ժամը 02:00-ի սահմաններում, Կարենը` դանակի սպառնալիքով, իսկ հոկտեմբերի 2-րդ կեսին, նույնպես գիշերվա ժամը 02:00-ի սահմաններում` Մկրտիչ Հովհաննիսյանը, դարձյալ դանակի սպառնալիքով` տարբեր ավտոմեքենաներում, բռնաբարել են իրեն: Տուժողի ծնողների պահանջով իրենք և Կարենի ծնողները հանդիպել են իրար` իրենց երեխաների հետագա համատեղ կյանքի մասին պայմանավորվելու, սակայն համաձայնության չեն եկել և տուժողը, ծնողների հետ, որոշել է, որ պետք է հանցագործության մասին հաղորդում տալ:

31.01.2013թ. տրված հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցվել և ամբաստանյալներ Կարեն Արարատի Ստեփանյանին և Մկրտիչ Աշոտի Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 138 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:
Դատաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա հերքվեց հանցագործության դեպքը, որի պատճառով մեղադրողը հրաժարվեց մեղադրանքից` հայտարարելով քրեական հետապնդումը դադարեցնելու իր դիրքորոշման մասին:

Վերլուծելով դատաքննությամբ ձեռք բերված ապացույցները և հիմք ընդունելով մեղադրանքից հրաժարվելու մասին մեղադրողի դիրքորոշումը, դատարանը գտել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 138 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով առաջադրված մեղադրանքում Կարեն Ստեփանյանին և Մկրտիչ Հովհաննիսյանին պետք է արդարացնել` հանցագործության դեպքի բացակայության հիմքով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել