Քահանա. «Հայաստանում պետք է ստեղծվի կրոնական ոստիկանություն»Aravot.am-ը գրում է.

Հունվարի 13-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի անվանակոչության տոնը, իսկ 14-ին՝ Սուրբ Հովհաննես Մկրտչի կամ Կարապետի ծննդյան տոնը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Տեր Կարապետ քահանա Կարապետյանը: Անդրադառնալով Սուրբ Կարապետի տոնի խորհրդին՝ քահանան նախ անդրադարձավ եկեղեցու գլխավոր առաքելությանը՝ մարդու մեջ արթնացնել աստվածային այն գեղեցիկը, որ հոգևորն է. «Պետք է հոգուց սկսենք մաքրվել. եթե մարդու հոգին մաքուր չէ, նրա արած գործը չի կարող մաքուր լինել: Եվ, անշուշտ, եկեղեցական որևէ տոն ինքնանպատակ չէ: Սրբոց բոլոր տոները միտված են նրան, որ մեր մեջ արթնանա մարդը, ազնվությունը, որ մեր մեջ ծնվի Քրիստոս: Այսինքն՝ սրբերին նվիրված յուրաքանչյուր տոն նշելով՝մենք մեր մեջ վերակենդանացնում ենք սրբի կերպարը, հաղորդակից ենք դառնում սրբի կենցաղավարությանը, այլ խոսքով ասած՝ նրա բարեխոսությանն անդրադառնալով՝ մեր մեջ արթնանում է սրբի, տվյալ դեպքում Հովհաննես Մկրտչի ազնիվ, մաքուր ու սուրբ կերպարը, որն ապաշխարհություն էր քարոզում»: Տեր Կարապետի խոսքով՝ հունվարյան տոներին Հայ առաքելական եկեղեցի այցելածների թիվը մեծ է եղել. «Պետք է ասել, որ այս առումով տարեցտարի զգալի աճ է նկատվում: Հունվարի 5-ին կատարեցինք ճրագալույցի սուրբ պատարագ, ճրագներ տարվեցին տներ, որպեսզի Հիսուս Քրիստոսի լույսը լուսավորի նաև մեր ընտանիքներին: Այնուհետև հունվարի 6-ին՝ Հիսուս Քրիստոսի ծննդյան օրը, մատուցվեց սուրբ և անմահ պատարագ»: Քահանան տեղեկացրեց նաև, որ հիմա տնօրհնեքի շրջան է, և ովքեր ցանկանում են, որ իրենց տունն օրհնվի, քահանաներն այցելում են նրանց, օրհնում աղը, հացը, ջուրը: «Տունն օրհնվում է, որպեսզի Քրիստոս ծնվի յուրաքանչյուր տան մեջ»,- պարզաբանեց Տեր Կարապետ քահանան: Անդրադարձ եղավ նաև աղանդներին, թե ինչպես է եկեղեցին պայքարում դրանց դեմ: Քահանան, տեղին չհամարելով «պայքար» բառը, ասաց, որ աղանդների դեմ պայքար՝ որպես այդպիսին, չկա, և «եթե պայքար, ուրեմն՝ գաղափարական և քաղաքակիրթ պայքար»,- ընդգծեց նա: Տեր Կարապետն այստեղ կարևորում է այն հանգամանքը, թե որքանով ենք մենք հայ եկեղեցու կողքին. «Եթե եկեղեցու հետևորդները շատ լինեն, աղանդները, պարզապես չեն կարողանա գոյատևել: Իսկ աղանդների դեմ կարող է պայքարել յուրաքանչյուրը. եթե մենք մեր դուռը չենք բացում աղանդի դեմ, դա արդեն իսկ պայքար է»,- համոզված է քահանան: Նրա կարծիքով, աղանդավորության մասին ավելի շատ խոսում են, քան իրականում կա. «Հիսուս Քրիստոսի ժամանակ էլ կային աղանդներ: Դրանք միշտ էլ եղել են: Դա նման է կեղծ և իսկական դրամի: Երբ թողարկվում է իսկական դրամը, հաջորդ պահին արդեն այն կեղծվում է, այսինքն՝ կեղծը կա, և մաքրամաքուր կրոնից բացի, կա նաև կեղծ կրոն, որը աղանդն է»: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել