Կալանավորը նույնպես մարդ է եւ բուժօգնություն ստանալու իրավունք ունի:
«Արթիկ» ՔԿՀ-ում՝ սրտի անբավարարության հետեւանքով մահացել է 38-ամյա կալանավոր Արթուր Գեւորգյանը:
Արթուրի մահը գուցե վրա չհասներ, եթե բժիշկները հավատարիմ մնային Հիպոկրատի երդմանը եւ կալանավայր չհասնեին երկու ժամ ուշացումով:
Մահացածին հետ չես բերի, չես սփոփի նաեւ ընդամենը վեց ամիս հետո նրան սպասող հարազատների անհատակ վիշտը:
Ուղղակի հերթական առիթն է, որպեսզի անդրադարձ կատարվի այն անմարդկային պայմաններին, որոնցում մեր երկրում պահվում են կալանավորները:
Սովետաշենի բերդում. 14 շկոնկա ունեցող խցում՝ բնակվում է 16 կալանավոր, այսինքն՝ պետությունը որոշել է, որ դատարանի վճռից բացի, չգրված օրենքով պետք է պատժի անազատության մեջ հայտնված մարդուն՝ նրան պարտադրելով հերթափոխով քնելու ռեժիմը:
Կալանավորը զբոսնելու իրավունք ունի՝ օրեկան առնվազն մեկ ժամ, սակայն կլյուչնիկի կամայականության հետեւանքով՝ այդ մեկ ժամը կարող է դառնալ երեսուն րոպե:
Կալանավորը բուժսպասարկում ստանալու իրավունք ունի, սակայն դա նույնպես անօգուտ գործ է, որովհետեւ ցանկացած հիվանդության դեպքում՝ նրան դեմ են տալիս ցավազրկող դեղ:
Էլ չեմ խոսում կալանավայրերի սննդի որակի մասին. մատուցվող սննդի 70 %-ը հետ է վերադարձվում եւ պատահական չէ, որ բանտապետերից մի քանիսը անասնաֆերմաներ ունեն, այսինքն, պետության միջոցների, կալանավորի հացի հաշվին՝ բիզնես են զարգացնում:
Մեր տիպի երկրներում բազմաթիվ անմեղներ հայտնվում են բանտերում: Ճակատագրի առաջին հարվածին հաջորդում է մյուսը, երբ հանիրավի ազատազրկվածը դառնում է անօգնական ճաղերի հետեւում:
Կալանավորը նույնպես մարդ է՝ մեզանից մեկը, գուցե՝ ավելի արժանավորը, որը մի օր հասարակություն վերադառնալու իրավունք ունի:
Բանտը չպետք է ասոցացվի նվաստացման կամ գերազմանի հետ, այլ պետք է դառնա յուրահատուկ քավարան, որի միջոցով մարդը վերադառնում է հասարակություն՝ մաքրված, անցյալի հետ հաշիվները մաքրած:



