1in.am-ը գրում է.

Գորիսի 1992-1994թթ. քաղաքապետ, տարածաշրջանի ինքնապաշտպանության կոմիտեի համանախագահ Սամվել Հարությունյանը հայտարարություն է տարածել: 

«1970-80-ականների չարամիտ խուլիգան Լիսկան Հայաստանի անկախության հռչակումից հետո ամենաբարձր վերևների հովանավորությամբ իր ճանկած պետական բարձր պաշտոնները առավելագույնս ծառայեցրել է ոչ միայն վիթխարի նյութական հարստություններ դիզելուն, այլև իր տխրահռչակ մականվան փոփոխությանը, անգամ` Գորիսում, Սյունիքում իր անձի պաշտամունքի ձևավորմանը: Արվել է ամեն ինչ, որպեսզի Լիսկան փոխարինվի «ցար» մականվամբ: 

Այդ ելուզակն անգամ հանդգնել է փոփոխություն կատարել Գարեգին Նժդեհին նվիրված երգի տեքստում, այնտեղից հանել մեծն Սպարապետի անունը և երգն ավարտել. «Հուռա, հուռա, քաջ Սուրիկի սուրը շողշողա» տողով: 1995թ. խստագույնս սաստել և արգահատանքի արժանի եմ համարել իմ ներկայությամբ Լիսկայի` նման մեծարման փորձը, շեշտել եմ, որ «Լիսկա» մականունը Սուրիկ Խաչատրյանի ձեռքբերումն է, այն փոփոխության ենթակա չէ, և անբարոյականություն է Գ. Նժդեհին նվիրված երգը սեփականացնելու փորձը: Ցավալի է, որ Լիսկայի հետևողականությունն ունեցել է որոշակի արդյունք, և սյունյաց, մանավանդ գորիսեցի մեծապատիվ մուրացկանների շրջանում ձևավորվել է նրա անձի պաշտամունքը: Տեղին է ասված. «Երկրպագու շուրթերին միշտ էլ կուռք է հարկավոր»: 

Բանը հասել է այնտեղ, որ Սյունիքի մարզում պետական բարձրաստիճան պաշտոնյաները առանց մարզպետի ներկայության չէին հանդգնում ամուսնացնել իրենց զավակներին, որոնց հարսանյաց հանդեսներին բարեմաղթանքներ էին հնչում ոչ այնքան նորապսակների, որքան անձնական ներկայությամբ հարսանիքը զարդարող մերօրյա Քաջ Նազարի հասցեին: Տարիներ շարունակ այդ հարսանյաց հանդեսներն ու նմանաբնույթ միջոցառումները վերածվել են արյունարբու Լիսկային ձոնված ներբողների հրապարակմամբ, մարտնչող քծնանքով, շողոքորթությամբ ու ստորաքարշությամբ վերջինիս փառաբանման շոուների: Սյունյաց ստրուկները քիչ էր մնում իրենց նորահարսների հետ առաջին գիշերվա իրավունքը վստահեին «նորին մեծություն» Լիսկային: Նման ստորացում չի եղել անգամ Լենկ Թեմուրի արշավանքների ժամանակ: 

Անշուշտ, հունիսմեկյան ոճրագործությունը և դրան հաջորդած ամիսներին լիսկայական հրեշավոր ընթացքը ներկայացնող բազմաթիվ հրապարակումները փոխել են բարոյահոգեբանական վիճակը Սյունիքում, որտեղ մեր ազգային ոգուն ու արժանապատվությանը հասցված անարգանքը սկսել է նահանջել, Սյունիքի պետական պաշտոնյաները արդեն անպատվություն են համարում իրենց զավակներին ամուսնացնել Լիսկայի ներկայությամբ: Այդպես է վարվել Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Յուրա Սաֆարյանը, որի օրինակին հետևել է անգամ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի երբեմնի խորհրդական, վերջերս ՀՀ ԱԺ պատգամավոր դարձած Արմեն Կարապետյանը: Չեմ բացառում, որ այս վարակն արդեն տարածվել է Սյունիքի բոլոր պաշտոնյաների շրջանում: Այսպիսով, ի հեճուկս իշխող ռեժիմի, Սյունիքը բնական ընթացքով լիսկաթափվում է, օր օրի պակասում է Լիսկայի հետ շփվողների թիվը: 

Հավանաբար, 1972 թվականին միջնակարգ դպրոցից հեռացված Սուրիկ Խաչատրյանին այսօր ստիպված կվռնդեն Գորիսի պետական համալսարանի կառավարման խորհրդի նախագահի պաշտոնից, իր հորեղբորորդի Սասուն Խաչատրյանը և երբեմնի առաջին տեղակալ Արա Դոլունցն էլ կհեռացվեն նույն համալսարանի Կառավարման խորհրդի անդամությունից: Նշվածի ծանր հետևանքները գիտակցող Լիսկան մտադիր է մոտ առաջիկայում Գորիսում անցկացնել իր համախոհների հավաք և այն դարձնել իր ծանրակշիռ ներկայությունը հավաստող շոու, դրանով իսկ իր հովանավորներին ապացուցել, որ Գորիսը ոչ թե վերադառնալու է հայոց արծվաբույնի կարգավիճակին, այլ շարունակելու է քարշ գալ իբրև ամոթալի լիսկայանոց: 

Կոչով դիմում եմ բոլոր գորիսեցիներին, անգամ Լիսկայի երբեմնի կամակատարներին. մեկընդմիշտ հրաժարվեք անպատիվ ու նսեմ ընթացքից, լիսկայական զուլումից ճիշտ դասեր քաղելու, ազատ և արժանապատիվ ապրելու, լայն հաշվով մեղքերից ազատվելու ձգտումը գերադասեք նախկին ստորացուցիչ հոգեվիճակից և բոյկոտեք, ձախողեք այդ խայտառակ հավաքը: Դրանով դուք կօգնեք ինքներդ ձեզ, կնպաստեք, որ սրընթաց մոտենա սյունյաց չարի վերջը և հավերժի գուսան Աշոտի մարգարեությունը. «Սյունյաց հողը անարատ է, չարի սերմը բույն չի դնի, անարմատ է, մարդն արծիվ է, լեռնածին է, հրահատ է, հազար հողմեր ձեզ չեն մաշի, Սյունյաց սարեր»: 

Աստված օգնական:
Սամվել Հարությունյան, 11 հունվարի, 2014 թ.:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել