Հին եբրայական մի սուրբ գրքի մեջ ասված է. «Եթե սպանես մի մարդու՝ խորտակած կլինես մի ամբողջ աշխարհ»: Այս ճշմարտությունը բացահայտվում է մանավանդ բացառիկ, տաղանդավոր, ճանաչված, սիրված անհատականությունների կյանքով և գործունեությամբ:
Մեզ համար առեղծվածային, անհասկանալի օրենքներով Աստված իր շնորհները առատապես բաշխում է ընտրյալներին: Այսպես է որ ծնունդ են առնում բոլոր ժողովուրդների կյանքում, բոլոր ժողովուրդների պատմության մեծերը, տաղանդները, հանճարները, արվեստագետները, գրողները…
Մեզ համար, բնականաբար, շատ ցավալի և ծանր էր այս տարվա այն կորուստները, որ ունեցանք մենք՝ բոլորս…
Նրանք ունեին իրենց անցած ուղին, իրենց հետքը, իրենց վաստակը և սիրված ու հարգված էին իբրև Հայաստանի քաղաքացի, իբրև հայրենասեր, բայց մանավանդ ստեղծագործող՝ գրող, ճարտարապետ, քանդակագործ, թատերական գործիչ:
Երբ մահը գալիս է հանկարծ, անսպասելի, անժամանակ՝ չես հավատում…Ոչ էլ կարողանում ես հաշտվել դրա հետ: Մենք պետք է մխիթարվենք այն մտքով, որ նրանք կան և կմնան կենդանի՝ մեր և գալիք սերունդների գիտակցության մեջ:
Փա՛ռք և լու՛յս, և սե՛ր, և պաշտամունք մեր ազգի արժանավոր որդիների անթառամ հիշատակին…



