Kinoashkharh.am-ը գրում է.
Օրերս Մարտին Սկորսեզեն L‘espresso հանդեսում հրապարակել է բաց նամակ իր 14-ամյա դստերը` Ֆրանչեսկային: Էպիստոլյար ժանրին դիմելու շարժառիթը ժամանակակից կինեմատոգրաֆի դրությունն է:
Թանկագին Ֆրանչեսկա,
Իմ նամակը` ուղղված քեզ, նվիրված է ապագային: Ես նայում են ապագային սեփական աշխարհի պրիզմայով, կինոյի պրիզմայով, որը միշտ էլ եղել է նրա կենտրոնը:
Վերջին տարիներին ես հասկացա, որ կինոյի գաղափարը, որի հետ մեծացել եմ, որն արտահայտված է այն ֆիլմերում, որոնք ցույց եմ տվել քեզ, երբ դու դեռ երեխա էիր, և որը փթթում էր փարթամ գույներով, երբ ես անում էի առաջին քայլերը որպես ռեժիսոր, առ ոչինչ է դառնում: Ես նկատի չունեմ այն ֆիլմերը, որոնք նոր են թողարկվել, նկատի ունեմ նրանք, որոնք դեռ նոր պիտի էկրան բարձրանան:
Ես կոչ չեմ անում հուսահատության գիրկն ընկնել: Ես սա գրում եմ ոչ բնավ պաշտպանվելու համար: Հակառակը` կարծում եմ, որ ապագան հիանալի է:
Մենք միշտ էլ իմացել ենք, որ կինոն բիզնես է, և կինոյի արվեստը հնարավոր է այնքանով, որքանով այն համարժեք է շուկայի պահանջներին: Մեզնից որևէ մեկը, որ սկսել է 1960-ականների և 1970-ականներին, այդ առումով պատրանքներ չուներ: Մենք գիտեինք, որ յուրաքանչյուր նախագծի համար, որը թանկ էր մեզ համար, հարկ կլինի մի լավ քրտնել: Մենք հասկանում էինք նաև, որ ժամանակ առ ժամանակ շատ դժվար կլինի: Եվ ես կարծում եմ, որ ինչ-որ մակարդակում մենք գիտակցում էինք, որ ֆիլմի նկարահանման գործընթացի յուրաքանչյուր չնախատեսված կամ անկանխատեսելի տարր երբևէ կհանգի նվազագույնի, գուցեև զրոյի: Ամենաանկանխատեսելի տա՞րրը: Կինոն: Եվ նրանք, ովքեր ստեղծում են այն:
Ես չեմ ուզում կրկնել բիզնեսում տեղի ունեցող փոփոխություններին վերաբերող այն թեզերը, որոնք ինձնից առաջ բազմիցս ասվել ու գրվել են: Ինձ ոգեշնչում են բացառությունները ընդհանուր կանոններից: Ուես Անդերսոնը, Ռիչարդ Լինկլեյթերը, Դևիդ Ֆինչերը, Ալեքսանդր Փեյնը, Քոեն եղբայրները, Ջեյմս Գրեյը և Պոլ Թոմաս Անդերսոնը կարողանում են անել իրենց կինոն, և Պոլին հաջողվել է ոչ միայն նկարել «Վարպետը» 70-միլիմետրանոց ժապավենով, այլև ժապավենով ցույց տալ մի քանի քաղաքներում: Բոլորը, ովքեր կինոյի հետ գործ ունեն, պետք է գոհ լինեն իրերի նման դրությունից:
Ինձ հուզում են նաև այն ստեղծագործողների հաջողությունները, որոնք շարունակում են իրենց կինոն նկարել ամբողջ աշխարհում` Ֆրանսիայում, Հարավային Կորեայում, Անգլիայում, Ճապոնիայում, Աֆրիկայում: Ավելի ու ավելի դժվար է դառնում, բայց նրանք առաջվա պես նոր ֆիլմեր են երևան հանում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ