Ներկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված.
«Երբ խոսք է գնում խաղի կանոնների մասին, այստեղ, ինձ թվում է, հնարավոր չէ առանց որոշակի պեդանտիզմի, տառակերության, ձևական մոտեցման։ Հակառակ դեպքռւմ բացառություններն ավելի շատ կլինեն, քան օրենքները։ Մոտավորապես այսպես. ընդհանրապես պատգամավորը չպիտի գործարարությամբ զբաղվի, բայց եթե նա ՀՀԿ-ից է կամ ԲՀԿ-ից՝ կարելի է։ Ընդհանրապես պաշտոնյան չպիտի բիզնեսին «տանիք կանգնի», բայց եթե նա բարձրաստիճան ոստիկան է, ապա ընդունելի է։ Սովորաբար փայտերով և պայթուցիկ նյութերով երթ անելը լավ չէ, բայց եթե խոսքը հայրենիքի փրկության մասին է, ապա շատ էլ լավ է։ Որպես կանոն, հանրային վայրերում չի կարելի հայհոյել, բայց եթե դա «մեր ախպեր Շմայսն է», ապա` ոչինչ, կռված տղա է։ Ընդհանրապես լրագրողը պետք է լուսաբանի իրադարձությունը, ոչ թե մասնակցի դրան, բայց երկրի համար ճակատագրական պահերին պիտի մասնակցի։ Օրենքով արգելված է խոչընդոտել լրագրողների աշխատանքը, բայց եթե խոսքը Տարոն Մարգարյանի թեկնածուական թեզի պաշտպանության մասին է, ապա թույլատրելի է։ Սովորաբար դատապարտելի է պատգամավորների քվեարկության քարտերը գողանալը, բայց պետական հանցագործությունը կանխելու համար միանգամայն ողջունելի է: Ընդհանուր առմամբ մարդ սպանելը հանցագործություն է, բայց եթե դա անում է մեր «մյուս ախպեր» Լիսկայի որդին, դա հանցագործություն չէ:
Մի խոսքով՝ ամեն քայլափոխի կանգնած է այն, փոխաբերական իմաստով, «գաիշնիկը», որին կարելի է մահանա բռնել՝ այս կամ այն կանոնները խախտելու համար։ Մինչդեռ ձևակերպումը պետք է լինի կատեգորիկ. եթե չի կարելի, ուրեմն չի կարելի ԵՐԲԵՔ։
Իտալացի Ֆաշիստների առաջնորդ Բենիտո Մուսոլինիին, ըստ որոշ աղբյուրների, մի թևավոր խոսք է պատկանում՝ «Յուրայիններին` ամեն ինչ, օտարներին՝ ըստ օրենքի»։ Ունիվերսալ բանաձև է հետամնաց երկրների համար»,–գրում է թերթի խմբագիր Արամ Աբրահամյանը:
Խմբագրականն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։