• Հեռուստապրոդյուսերն այն մասնագետն է, որը պատրաստում/արտադրում է հեռուստահաղորդումներ և պատասխանատու է ալիքի եթերային քաղաքականության համար /եթերի պրոդյուսեր/: Ալիքի համար ընտրելով կամ առաջարկելով այս կամ այն հաղորդումը, հեռուստապրոդյուսերը ձևավորում է ալիքի ոճը: Առանձին հաղորդումների կամ նախագծերի արտադրությամբ զբաղվում են նախագծերի պրոդյուսերները:
  • Ամեն խոշոր հեռուստաընկերությունում կան մասնագիտացած ստորաբաժանումներ, որոնք արտադրում են ժամանցային, մշակութային և լրատվական հաղորդումներ: Սակայն ալիքներն իրենց հեռարձակած հաղորդումների մի մասը ոչ թե արտադրում են սեփական ուժերով, այլ գնում  են մասնավոր ստուդիաներից: Փոքր ստուդիայի ղեկավարը հաճախ ստիպված է լինում անել ամեն ինչ` լինել խմբագիր, ռեժիսոր, պրոդյուսեր: Նա նաև գեներացնում է նոր գաղափարներ ու ինքն էլ համոզում է գնորդ-ալիքին, որ իր առաջարկած նոր հեռուստապրոյեկտը կլինի դիտվող ու գովազդաբեր:
  • Եթե մասնավոր հեռուստաստուդիայի կամ հեռուստաալիքի պրոդյուսերին դուր է գալիս նոր հաղորդման գաղափարը, նա դա առաջարկում է ստուդիայի կամ ալիքի տնօրենին/մենեջերին: Դրական արձագանքի դեպքում հեռուստապրոդյուսերը նշում է գաղափարի իրականացման փուլերը, ժամկետները, ծախսերը: Հարկ եղած դեպքում պրոդյուսերը փնտրում է ինվեստորներ կամ կոմերցիոն արդյունավետությունը հաշվարկում է գովազդի միջոցով:
  • Հաղորդման վրա աշխատելիս, պրոդյուսերը հետևում է ամբողջ ընթացքին, թիմի հետ քննարկում է ստեղծագործական և ադմինիստրատիվ խնդիրները, հարկ եղած դեպքում փոփոխում է պլանը: Երբ հաղորման պատրաստումը մոտենում է ավարտին, նա կազմակերպում է գովազդային արշավ:

 

Անհրաժեշտ մասնագիտական հմտությունները և գիտելիքը

·        Հակում ինովացիոն գաղափարներին և ամեն նորին

·        Ինֆորմացիոն հոսքերում կողմնորոշվելու ունակություն

·        Ոչ զգացմունքային վերաբերմունք հաջողության և անհաջողության հանդեպ

·        Տնտեսագիտության բնագավառի գիտելիք, հաշվապահության մասին պատկերացում

·        Հեղինակային իրավունքի և գովազդի հիմունքների մասին պատկերացում

·        Կազմակերպելու, ղեկավարելու և կանխատեսելու ունակություն

·        Հեռուստասպեցիֆիկայի իմացություն

·        Հեռուստալսարանի ակնկալիքների և հետաքրքրությունների գնահատում

·        Հեռուստապրոյեկտի հեռանկարի կամ ծախսատարության գնահատում

Անձնական հատկանիշներ

 

·        Լավ երևակայություն

·        Օրիգինալ, ոչ ստանդարտ մտածողություն

·        Կրեատիվություն

·        Ինտուիցիա

·        Ճշտապահություն

·        Շփվելու ունակություն

·        Կազմակերպվածություն

·        Սթրեսներին դիմանալու ունակություն

·        Անելանելի իրավիճակում լուծում գտնելու ունակություն

·        Չհանձնվելու ունակություն

 

Աշխատավայրը

·        Հեռուստահեռարձակող ընկերություն

·        Հեռուստաարտադրող ընկերություն

·        Պրոդյուսերական կենտրոն

 

Կարիերան

Հեռուստապրոդյուսերի կարիերան կարելի է սկսել բուհի վերջին կուրսերում: Դրա համար պետք է հետևել մի քանի հեռուստաալիքների եթերային քաղաքականությանը և ընտրել, թե որ ալիքի ոճն է համապատասխանում սեփական հավակնություններին: Կամ կարելի է աշխատանքի մտնել հեռուստաարտադրող ընկերությունում` մասնավոր ստուդիայում/փրոդաքշնում/: Հաստիքը կարող է կոչվել տարբեր կերպ` պրոդյուսերի ասիստենտ կամ ռեժիսորի օգնական: Փորձ ձեռք բերելուց հետո հնարավոր է վեր բարձրանալ և դառնալ որևէ հաղորդման պրոդյուսեր: Կարիերայի հաջորդ էտապը գործադիր պրոդյուսերի գործն է, որը կապված է փաստաթղթերի, պայմանագրերի, հաշվեհամարների հետ:  

Հեռուստապրոդյուսերի մասնագիտությունը պահանջում է մշտապես սովորել որևէ նոր բան, անընդհատ հղկել ու բարձրացնել որակավորումը: Հեռուստապրոդյուսերի աշխատավարձը կապված է նրա փորձառության, հայտնիության, հաջողակության հետ և այն հաղորդումների մասայականության հետ, որոնց ստեղծմանը մասնակցել է այդ հեռուստապրոդյուսերը:

Հեռուստապրոդյուսերը նաև սեփական արտադրանքի հեռուստափրոմոութերն է, քանի որ նաև զբաղված է շուկայում իր հեռուստաարտադրանքի կամ հեռուստածառայությունների առաջխաղացմանը նպաստելով: Նա պետք է քաջատեղյակ լինի հեռուստամասնագետների շուկայում տեղի ունեցած փոփոխություններին, պետք է ակտիվ լինի նաև վիրտուալ տարածքում`սոցցանցերում մասնակցելով հեռուստաալիքի ֆան-խմբերի ստեղծմանն ու առանձին հաղորդումների անոնսային արշավներին, բլոգոսֆերային քննարկումներին և յություբային հոսքերին:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել