
Սթիվեն Հոքինգի ամենաանհավանական կանխատեսումները
Մոլորակների յուրացում
Սթիվեն Հոքինգը համարում է, որ մարդկությունը պետք է ձեռնամուխ լինի այլ մոլորակները յուրացնելու գործին, որովհետև առաջիկա հարյուրամյակում Երկրի վրա ապրելը բավականին խնդրահարույց կլինի և դրա հիմնական պատճառն, ըստ գիտնականի, ռեսուրսների սղությունն է:
Տեխնոլոգիական զարգացման մակարդակը, իհարկե, է թույլ կտա որոշակիորեն բարելավել իրավիճակը, օրինակ կլիմայի առումով, բայց խնդիրը այն է, որ ավերելու ձգտումը մարդու գեներում է: Դա կարող է բերել գլոբալ ճգնաժամի` Կարիբյան ճգնաժամի օրինակով, պարզապես շատ ավելի կործանարար հետևանքներով:
Այդ իսկ պատճառով, Հոքինգը ամեն կերպ աջակցում է տիեզերքը յուրացնելու մարդկության ձգտմանը: Միևնույն ժամանակ, Հոքինգը համարում է, որ երկրացիներիս համար դեռևս ցանկալի չէ այլմոլորակային բանականության հետ բախվելը, քանի որ դրա արդյունքում մենք ինքներս կարող ենք գաղութացվել:
Համակարգչային վիրուսներ
Հոքինգը կանխատեսում է, որ ապագայում գիտնականները կենսաբանական համակարգիչներ կստեղծեն, և դրանց հետ կապված, վիրուսները կվերածվեն ինքնուրույն կյանքի տեսակի, որոնք վտանգավոր կլինեն մարդկանց համար: Ընդ որում, մարդկությունը այս վտանգը հաղթահարել չի կարողանա, կարծում է հայտնի գիտնականը: Ըստ Հոքինգի՝ այդ պատուհասից միակ փրկությունը կրկին պետք է փնտրենք այլ մոլորակներ գաղութացնելու մեջ՝ այն էլ Արեգակնային համակարգից դուրս:
Արմագեդոն չի լինելու
Ընդհանուր առմամբ, հոքինգը լավատեսորեն է տրամադրված և ավելի լավատեսական սցենարին է հակված: «Մի տարբերակով մենք ինքներս մեզ կոչնչացնենք որևէ տեխնոգեն արհավիրքի արդյունքում, ինչպիսին, օրինակ, միջուկային պատերազմն է, և այդ կերպ կլուծենք մեր բոլոր խնդիրները: Եթե մենք ամբողջովին չոչնչացնենք իրար, ապա մեզ մնում է վերադառնալ բարբարոսության` պրիմիտիվ ու դաժան բարբարոսության, որը հիշեցնում է «Տերմինատոր» ֆիլմի առաջին կադրերը»: Գիտնականն ավելացնում է, սակայն, որ մենք բոլոր հնարավորություններն ունենք խուսափելու ինչպես Արմագեդոնից, այնպես էլ նոր միջնադարից:
Ժամանակի շրջադարձ
Հոքինգի կանխատեսումով՝ 10 միլիարդ տարի հետո տիեզերքի ընդլայնումը կդադարի և կհետևի դրա խտացումը, ինչի արդյունքում տեղի կունենա «ժամանակի խտացում». ժամանակը կսկսի հակառակ ուղղությամբ հոսել, և իրադարձությունները կսկսեն զարգանալ հետընթաց՝ ասես ձայնագրությունը հետ տալու ժամանակ: Հոքինգը խոստովանում է, սակայն, որ իրականում չգիտի, թե ինչի կհանգեցնի տիեզերքի խտացումը:
Մարդու էվոլյուցիա
Սթիվեն Հոքինգը ամենևին էլ չի կիսում այն կարծիքը, որ էվոլյուցիայի գագաթնակետը մարդն է, և հավատում է, որ մարդ արարածի հետագա զարգացումն էվոլյուցիոն ուղու վրա տեղի կունենա տեխնիկական միջոցների շնորհիվ. «Մարդկային էմբրիոնների զարգացումը մարդկային մարմնից դուրս կբերի նրան, որ մարդիկ ավելի մեծ ուղեղ ու ավելի հզոր ինտելեկտ կունենան»:
Այդ կերպ կսկսվի պլանավորվող էվոլյուցիայի դարաշրջանը, որը կապված կլինի գենային ինժեներիայի զարգացման հետ: Դրա շնորհիվ՝ մեր սերունդները կունենան կատարյալ առողջություն և երկարակյաց կլինեն, իսկ մարդկային կյանքի միջին տևողությունը կհասնի 120 տարվա: Սակայն այս դրական կանխատեսումն ունի նաև իր բացասական կողմը: Հոքինգի կարծիքով՝ գենային ինժեներիայի չվերահսկվող զարգացումը կարող է ծնել մուտոնտ-վիրուսների, որոնք մեծ վտանգ կներկայացնեն մարդկության համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



