«Այժմ, Սարգիս Հովսեփյանին պետք է ընդունենք՝ ոչ որպես խաղընկերոջ»Armsport.am-ը գրում է.

Երևանի «Փյունիկը» վերադարձել է ձմեռային արձակուրդից և այսօր՝ հունվարի 10-ին բաց մարզում անցկացրեց Ավանի ֆուտբոլի ակադեմիայում: Թիմը նախապատրաստվում է նոր գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանի գլխավորությամբ:

Մարզման ավարտից հետո, Կամո Հովհաննիսյանը, Աղվան Պպաիկյանն ու Արթուր Յուսպաշյանը խոսեցին մարզումային գործընթացի, ինչպես նաև  մրցաշրջանի երկրորդ հատվածում իրենց նպատակների մասին:

Կամո Հովհաննիսյան - Մարզումներն անցնում են հաճելի պայմաններում, որոնք անցկացվում են միջին ծանրաբեռնվածությամբ: Բնականոն կերպով նախապատրաստվում ենք նոր մրցաշրջանին: Սարգիս Հովսեփյանի գլխավորությամբ, առայժմ, մի քանի մարզում ենք անցկացրել և փոփոխություններն այդքան էլ նկատելի չեն: Այժմ, նրան պետք է ընդունենք՝ ոչ որպես խաղընկերոջ, այլ՝ գլխավոր մարզչի:

Լավատեսորեն ենք նայում մրցաշրջանի երկրորդ հատվածին և ամեն ինչ կանենք, որպեսզի առաջնությունում ավելի բարձր տեղ գրավենք:

Ինչ վերաբերվում է արտասահմանյան  թիմ տեղափոխվելու հավանականությանը, ապա այդ հարցով ոչինչ չեմ կարող ասել, քանի որ դրանով զբաղվում է ակումբի ղեկավարությունը:

Աղվան Պապիկյան - Կարճատև հանգստից հետո, վերադարձել ենք մարզումային գործընթացին և պատրաստվում ենք մրցաշրջանի երկրորդ հատվածին: Մարզավիճակս  կգնահատեմ լավ: Չեմ կարող ասել, թե հիմա ինչու ենք մրցաշարային աղյուսակում ցածր տեղ զբաղեցնում: Մեկնարկում լավ սկսեցինք, սակայն հետագայում պարտություններ կրեցինք: Սա ֆուտբոլ է և ամեն ինչ հնարավոր է: Բոլորը պատրաստ են ներդնել իրենց ամբողջ ուժերը, որպեսզի ավելի հաջող հանդես գանք: Սարգիս Հովսեփյանի գլխավորությամբ մեկ մարզում եմ անցկացրել և տպավորությունները դրական են:

Արթուր Յուսպաշյան - Մարզումային գործընթացն ընթանում է սովորական հունով: Սարգիս Հովսեփյանին արդեն երկար տարիներ ճանաչում ենք: Ընդհանուր առմամբ, տակտիկական նորություններ չկան և խաղում ենք մեզ հոգեհարազատ մարտավարական ոճով:

Ինչ վերաբերվում է մրցաշրջանի երկրորդ հատվածին, ապա չեմ ցանկանում ասել, որ գրավելու ենք առաջին հորիզոնականը: Հիմնական նպատակը կլինի առավելության հասնել ամեն խաղում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել