Life.panorama.am-ը գրում է.

Լևոն Խեչոյանի ու Արմեն Մազմանյանի հիշատակին…

Բնական է, որ մարդը մի օր աշխարհ է գալիս, մի օր էլ պետք է հեռանա… Բայց երբ անժամանակ է այդ հեռացումը, ափսոսանքն ու ցավը ավելի խորն են… Ընդամենը մեկ օրում զրկվեցինք երկու մտավորականներից, ազատատենչ  ու հերոս մտավորականներից, ովքեր իրնեց ձեռքին ոչ միայն գրիչ ունեին, այլ նաև զենք՝ հայրենիքը պաշտպանելու համար…

Շատ բան խոսել նրանց մասին՝ չէի ցանկանա, քանզի, երբեմն, բառերն ավելորդ են… Արձակագիր Լևոն Խեչոյանի և ռեժիսոր Արմեն Մազմանյանի մասին հուշերովLife.panorama.am-ի հետ կիսվեցին գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանը և դերասանուհի, Արմեն Մազմանյանի երբեմնի ուսանողուհի Աննա Հարությունյանը… Գնացողի հետևից շատերը կցանկանան դրական արտահայտվել, բայց ո՞վ կարող է ավելի լավ ճանաչել, օբյեկտիվ ու անշահախնդիր բնութագիր տալ ընկերոջն ու գործընկերոջը, ուսուցչին, եթե ոչ այն մարդիկ, ովքեր միշտ եղել են նրանց կողքին, խրախուսել ու խրախուսվել…

 

 Էդուարդ Միլիտոնյանը` Լևոն Խեչոյանի մասին

Լևոն Խեչոյանը հազվագյուտ երևույթներից էր, որի խոսքն ու գրվածքը միմյանց շատ նման էին: Խոսում էր ընդհատ, հանգիստ, շեշտադրումներով, միշտ նպատակամղված ինչ-որ լարվածություն կար նրա բանավոր խոսքի մեջ: Այդ լարվածությունը նկատել եմ նաև նրա արձակ էջերում… Ստեղծագործությունների մեջ բառեր, արտահայտություններ էր կրկնում՝ գուցե խոսքը ավելի թանձրացնելու համար…

Ասեմ, որ նա ճշգրիտ, արդարամիտ մարդ էր և իր ճշմարտությունը միշտ պաշտպանում էր… Չգիտեմ, այդ պահին այդ ճշմարտությունը կընդունվե՞ր, դա իսկապե՞ս լիարժեք ճշմարտություն էր, թե՞ չէ, բայց ինքը հավատում էր իր ճշմարտությանը և պաշտպանում էր՝ զինվորի պես ամուր իր դիրքում կանգնած…

…Պատերազմական տարիներին մարտական գործողությունների մասնակից է եղել, «Սասուն» ջոկատի անդամ է եղել, ու, ինչպես պատերազմի դաշտում, այնպես էլ գրական միջավայրում պաշտպանում էր սեփական ճշմարտությունը…

Դիրքերը՝ ամուր, պինդ, հաստատակամ… Անվերջ նորություններ փնտրող  գրողներից էր: Որպես գրող՝ բերեց նաև պատմական վեպի իր ըմբռնումը. «Արշակ արքա, Դրաստամատ ներքինի» վեպը հենց դրա առհավատչյան էր…

Ջավախեցի լինելով՝ Ջավախքի ներքին լարված կյանքն էր բերում նաև: Ճիշտ է, դրանք, այսպես ասած՝ տեղայնական բնույթ չէին կրում, բայց կար այդ լարվածությունը, ոչ հայրենի երկրում ապրողի գոյավիճակները մերթընդմերթ հայտնվում էին նրա պատմվածքներում…

Նրա վերջին գիրքը, որի վրա աշխատում էր, դեռ լույս չի տեսել, բայց մոտ ժամանակներս լույս կտեսնի: Կոչվում է «Մհերի դռան գիրքը»… Կարծում եմ՝ նոր երևույթ կլինի, որովհետև երկար տարիներ աշխատում էր վրան… Մեկ-մեկ խոսում էր այդ մասին, բայց ինքը շատ չէր սիրում ներկայացնել իր գործերը: Ավելի գաղտնի քողով էր պարուրված… Բայց այն աշխատանքը, այն ջիղը, որ ներդնում էր իր գրվածքներում, միշտ հուշում էր, որ, անպայման, լավ գործ կլինի…

Վերջին օրերին ի վիճակի չէր զրուցելու… Ամսի 1-ին և 6-ին իր մոտ եմ եղել, բայց արդեն զրուցելու ուժ չուներ… Փոքրիկ զրույց ունեցանք մի 15 օր առաջ…

Գուցե վերջին մեկ-երկու տարիներին հավատացել է իր բուժմանը, ոչինչ չեմ կարող ասել… Բայց յուրաքանչյուր ճշմարիտ գրող իր ինտուիցիայով ընկալում, զգում է, քան արտահայտվում… Շատ-շատերը հասկանում են իրավիճակի բարդությունը, բայց դե հույսը լինում է, իհարկե…

Միասին շատ ճանապարհ ենք անցել, հանդիպումներ ենք ունեցել տարբեր երկրներում… Լևոնը քչախոս էր, չէր ընկնում այնպիսի դրվագների մեջ, որոնք հետո կարող ես հումորով հիշել… Ավելի զուսպ, կողքից դիտող կերպար էր…

Իմ պապերը Մուշից Հրազդան են եկել, ինքն էլ Հրազդանում էր աշխատում, մշակույթի և կրթության վարչության պետն էր: 90-91 թվականներին, երբ գնում էինք Հրազդան, մշտապես հանդիպում էինք նրան… Հենց իր կաբինետում ստեղծել էինք Հրազդանի գրական ստուդիա: Հենց գնում էի, միասին այդ ստուդիան էինք վարում… Շատ էր ուզում, որ Հրազդանում մշակութային, գրական կյանք լինի, մարդիկ հրավիրվեն, հանդիպումներ կազմակերպվեն… Միշտ էլ փորձել է լավ, բարի, գեղեցիկ բան անել…

 Աննա Հարությունյանը՝ Արմեն Մազմանյանի մասին 

«Լռիր և խոսիր այն ժամանակ,երբ խոսքդ լռությունից իմաստուն կլինի». ահա նրա անգին պատգամներից մեկը, որը, թերևս, առաջին անգամ կխախտեմ իր իսկ մասին խոսելու նպատակով: Նրա մասին ետին թվով խոսելն իսկ սոսկալի է, բայց գոնե նման կերպով կկարողանամ ընթերցողին ներկայացնել իմ անեղծ հիշողությունները բարձրագույն ՄԱՐԴՈւ, իրական ԱՐՎԵՍՏԱԳԵՏԻ, ՄԵԾ ՈՒՍՈՒՑՉԻ՝ ԱՐՄԵՆ ՄԱԶՄԱՆՅԱՆԻ ՄԱՍԻՆ:

Ամեն անգամ, կլիներ փորձ թե ներկայացում, տոն էր մեզ համար նրա գալը թատրոն: Եթե ներկայացում պիտի խաղայինք, ապա մոռանում եին ողջ հանդիսատեսին և խաղում միայն նրա համար… Իսկ ներկայացումից հետո նա երբեք անտարբեր չէր անցնում ոչ ոքիս կողքով… Միշտ շոյող մի բառ էր ասում,ապա բոլորիս հավաքում ու խորհուրդներ տալիս կերպարի և ողջ ներկայացման հետ կապված: Եվ եթե նույնիսկ դժգոհություն էր ունենում, ապա դրան էնպես նուրբ ու հումորով էր մոտենում, որ ոչ ոք չէր էլ նեղսրտում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել