Եվրո 2012: Խումբ C: Իսպանիա-Խորվաթիա և Իտալիա-Իռլանդիա
Իսպանիա-Խորվաթիա: Իսպանացիները C խմբի առաջատարներն են և Եվրո 2012-ի հաղթողի գլխավոր ֆավորիտը, իսկ Խորվաթիան այն թիմն է, ով ոչ մի անգամ անձնատուր չի լինում ու պայքարում է հաղթանակի համար մինչև վերջ: Խորվաթիայի հավաքականի խաղն իր բարձր որակով այս տարի առանձնանում է, զգացվում է մարզչական կազմակերպվածությունը, ինչին էլ գումարվում է բարձրակարգ ֆուտբոլիստների առկայությունը թիմում: Այս ամենը բավարար հիմք են, որ Խորվաթիային համարենք ոչ թույլ մրցակից աշխարհի և եվրոպայի ներկայիս չեմպիոնների համար:
Սակայն այս խաղը չէր կարևորվի, եթե մի հանգամանք ամբողջ ֆուտբոլասեր հանրության ուշադրությունը չսևեռեր այս խաղի վրա: Եթե այս հանդիպումն ավարտվի ոչ ոքի` 2:2, ապա Խորվաթիան և Իսպանիան կանցնեն հաջորդ փուլ:
Այս պահին Իսպանիան եւ Խորվաթիան ունեն 4-ական միավոր, իսկ Իտալիան` 2: Եթե հանդիպումն ավարտվի 2:2` Իտալիան ստիպված կլինի վերադառնալ հայրենիք:
Իսկապես իտալացիներն անհագնգստանալու հիմք ունեն: Մեկ անգամ արդեն 2004թ. Եվրոպայի առաջնությունում դանիացիներն ու շվեդները երդվեցին, որ հանդիպումը ազնիվ է լինելու, այսինքն, չի ավարտվի 2:2 եւ ավելի գոլառատ ոչ-ոքիով, որի դեպքում քառորդ եզրափակիչ դուրս կգային այդ երկու թիմերը: Սակայն իրականում սկանդինավյան համերաշխությունն իր գործն արեց եւ հանդիպումը շատ «դրամատիկ եւ թեժ» պայքարում ավարտվեց 2:2: Ու Իտալիան դուրս մնաց:
Իտալացի մի շարք վերլուծաբաններ հենց խորվաթների լավ խաղն են փաստարկ բերում որպես պատճառ, որը կստիպի Իսպանիային գնալ պայմավորվածության և առանց մեծ ուժեր վատնելու շարունակել պայքարը փլեյ օֆում:
Սակայն Իսպանիայի հավաքականը, որը եկել է ԵՎՐՈ-ի հաղթողի տիտղոսը նվաճելու, չեմ կարծում, որ կգնա նման քայլի... Իսպանիայի հավաքականի կարգի թիմի համար սազական չի լինի պայմանավորված հանդիպման անցկացումը, ինչը նրանք ևս գիտակցում են, ուստի կարծում եմ այս տարի չի կրկնվի «սկանդինավյան արկածները» Իտալիայի հանավաքականի գլխին:
Դե ինչ, սպասենք ֆուտբոլային արդար մրցակցության:
Նյութի աղբյուր՝ http://www.igreg.ru/2012/06/fair-play-22.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել