Lragir.am-ը գրում է.

Չինաստանի միջազգային առևտրի ծավալն առաջին անգամ գերազանցել է 4 տրիլիոն դոլարի սահմանագիծը: 2013 թվականի արդյունքներով, ՉԺՀ արտահանումն ու ներմուծումն աճել են 7.6%-ով՝ հասնելով 4.16 տրիլիոն դոլարի, գրում է Սինխուա գործակալությունը:

Անցյալ տարվա արդյունքներով, Չինաստանը, ըստ ամենայնի, շրջանցել է ԱՄՆ-ին արտահանման և ներմուծման ծավալներով՝ դառնալով խոշորագույն առևտրային տերությունը: Այս մասին Ֆրանս Պրեսին ասել է Չինաստանի մաքսային ծառայության մամուլի քարտուղար Ձեն Յուեշենը: Չնայած ԱՄՆ տվյալները դեռ չեն հրապարակվել, չինական կողմը մեծ է համարում հավանականությունը, որ շրջանցել են Միացյալ Նահանգներին:

Ըստ Ֆայնենշլ Թայմզի, 2013թ առաջին 11 ամիսների կտրվածքով ԱՄՆ արտահանում-ներմուծումը կազմել է 3.57 տրիլիոն դոլար: 2013 թվականին Չինաստանն արտահանել է 2.21 տրիլիոն դոլարի ապրանք, ներմուծել՝ 1.95 տրիլիոնի: Երկրի առևտրային պրոֆիցիտն աճել է 12.8%-ով՝ կազմելով մոտ 260 միլիարդ դոլար:

Բլումբերգ գործակալության ավելի վաղ հրապարակած տվյալների համաձայն ևս Չինաստանը շրջանցել է ԱՄՆ-ին: Ըստ գործակալության՝ ԱՄՆ ցուցանիշը 3.82 տրիլիոն դոլար է, Չինաստանինը՝ 3.87 տրիլիոն: Ավելի ուշ չինական կողմը հերքել է Բլումբերգի տվյալները:

Չինաստանում վիճակագրական տվյալների հավաքումն ու գնահատականը հաճախ քննադատության է ենթարկվում միջազգային և տեղացի փորձագետների կողմից: Անցյալ օգոստոսին Շենչժենի համալսարանի պրոֆեսոր Քրիստոֆեր Բոլդինգը եզրակացություն է արել, որ իրականում Չինաստանի տնտեսության ծավալը հայտարարվածից փոքր է 1 տրիլիոն դոլարով: Հոկտեմբերին էլ չինական լրատվամիջոցները գրել են, որ շրջանային իշխանությունները, հնարավոր է, տնտեսական ցուցանիշներն ուռճացրել են 610 միլիարդ դոլարով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել