Նոր տարին սկսվել է հին շնչով: Վերջին մի քանի օրերի խրոնիկա:
Երեկ Լևոն Տեր-Պետրոսյանի ծնունդն էր. շնորհավորում եմ ու առողջություն եմ ցանկանում նրան: Լևոն Տեր-Պետրոսյանը դարձավ 68+1՞, թե՝ +2 տարեկան: Փաստորեն ինքն իր համար կանգնեցրեց ժամանակը և ամեն տարի էլ մնալու է 68 տարեկան: Իմ կարծիքով կարելի է թեզ գրել և վերնագրել «Ինչպե՞ս կարելի է կանգնեցնել ժամանակը և մնալ 68 տարեկան»:
Իսկ դուք մտածում էիք, որ Զարուհի Փոստանջյանը ձեզ հենց այնպես կթողնի ու կգնա: Նա զգուշացրել է, որ արտակարգ իրավիճակների դեպքում պարտադիր ետ է վերադառնալու: Հաշվի առնելով նրա ամբիցիաները, իռացիոնալ պահվածքն ու գաղափարները՝ դժվար է պատկերացնել, թե նրա համարը ի՞նչը կարող է արտակարգ իրավիճակ համարվել: Մի խոսքով, նրա ետվերադարձին սպասեք ամեն վայրկյան:
Հին տարին գնաց, բայց մեզ մնացին սառույցները: Մայթերին կրկին տեղ-տեղ կարելի է նկատել ասֆալտ, որի վրայով և փորձում են քայլել մեր քաղաքացիները, որպեսզի անհավանական թռիչքներ չկատարեն սառույցների վրա և օդում:
Արդեն մի քանի օր է չեն հանդարտվում կրքերը՝ կապված Եվրատեսիլի հետ: Սկզբի համար մարդիկ բողոքում էին, որ Արամն է ներկայացնելու Հայաստանը, հիմա էլ դեռ հստակ երգը չլսած, արդեն երգից են բողոքում: Ժողովուրդ ջան գոնե երգը լսենք, մարսենք, հետո նոր սկսենք բողոքել, ժամանակից առաջ մի ընկեք էլի:



