1in.am-ը գրում է.
Հայազգի վարորդ Հրաչյա Հարությունյանի գործով դատական նիստը կկայանա փետրվարին: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նրա աները՝ Վիկտոր Մարտիրոսյանը:
Մեր զրուցակիցը ցավով նշեց, որ իրենց սպասումներին հակառակ՝ համաներումը Հ․ Հարությունյանի վրա չի տարածվում:
«Ռուսաստանում օրենք է դարձել դատավարությունը հետաձգել անընդհատ, հիմա էլ ասում են, թե իբր քննությունը լիովին չի ավարտվել, դրա համար անընդհատ հետաձգում են»,- ասաց Մարտիրոսյանը:
Նա հավելեց, որ Հրաչյա Հարությունյանը ռուսերեն լավ չի հասկանում, հաճախ թարգմանչի խնդիր է ունենում, որն իրեն, բարեբախտաբար, հատկացնում են․ «Երբեմն չի հասկանում, թե փաստաթղթերի մեջ ինչ է գրված՝ դա է խնդիրը, իսկ առողջականն այս պահին նորմալ է՝ սրտի հետ կապված խնդիրներ ունի, բուժումը շարունակվում է»:
Հրաչյա Հարությունյանի աներն ընդգծեց, որ իր փեսայի կողմից մեղքն ընդունելը հաճախ ոչ այնքան ճշգրիտ է մեկնաբանվում․ «Նա մեղքն ընդունել է այնքանով, որ մեքենան իրեն չի ենթարկվել, հոծ գծով է գնացել: Հիմա իրեն բավարար աջակցություն տրվում է, ամեն ինչ էլ անում են՝ սպասում ենք, տեսնենք՝ ինչ կլինի»:



