«Դիմացինի հանդեպ ուշադիր լինելով` մարդը կարող է նկատել նրա վարքի փոփոխությունները: Եթե մարդը սկսում է մեկուսանալ շրջապատից, իր սիրելի մարդկանցից, սկսում է հրաժարվել իր հոբիներից` սա կարող է նշանակել, որ մարդը գտնվում է նախաինքնասպանության հոգեվիճակում։ Այդ հոգեվիճակը կարող է երկարաձգվել մինչև մեկուկես տարի։
«Առավոտի» հետ զրույցում այս մասին ասաց Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական հետազոտման կենտրոնի տնօրեն, սոցիոլոգ Կամո Վարդանյանը։
Պարոն Վարդանյանը գտնում է, որ շատ կարևոր է ինքնասպանության դեպքերի ճիշտ մեկնաբանումը ԶԼՄ-ների կողմից։ Մասնագետը սխալ է համարում մինչև վերջ չճշտված տվյալների հրապարակումը, բացի այդ, ըստ նրա` արգելվում է խոսել ինքնասպանության ձևի մասին, քանի որ դա կարող է խթան հանդիսանալ դեպրեսիայի, նախաինքնասպանության հոգեվիճակում գտնվող անձի համար, որպեսզի նա իրագործի իր ծրագրած ինքնասպանությունը. «Ինչպես նաև լուրերի հաղորդման ժամանակ չի կարելի տեղի ունեցած վթարի մանրամասները նշել. օրինակ՝ ինչ մակնիշի մեքենա է եղել, ինչ գույնի, որ փողոցում է եղել, օրվա որ հատվածում։ Քանի որ այդ մարդը, որի մոտ համընկնում են այդ տվյալները, գտնվում է պոտենցիալ ագրեսիայի ազդեցության տակ»։
Ըստ պարոն Վարդանյանի՝ ուշադիր լինելով դիմացինի հանդեմ՝ մարդիկ նկատում են այդ փոփոխությունները։ Մասնագետի ներկայացմամբ՝ ինքնասպանության ձգտումները կարող են արտահայտվել տարբեր ձևերով, օրինակ՝ մարդը կարող է անել այսպիսի արտահայտություն՝ «Ես հոգնել եմ կյանքից», «Ես այլևս չեմ կարող դիմանալ», «Ես ուզում եմ քնել ու երբեք չարթնանալ» և այլն։ Այսինքն՝ անձի մոտ գերակշռում է դեպրեսիվ հոգեվիճակը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։