1in.am-ը գրում է.
Պանամայի նախագահ Ռիկարդո Մարտինելին չորեքշաբթի հայտարարել է, որ երաշխավորում է Պանամայի ջրանցքի վերակառուցման ավարտը, ինչպես նաև այդ աշխատանքներն իրականացնող ընկերությունների հետ վեճում ջրային ուղու հարցերով զբաղվող վարչակազմի շահերի պաշտպանությունը: Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն:
Հաղորդվել է, որ ընկերությունների միջազգային կոնսորցիումը Պանամայի իշխանություններից պահանջել է վճարել 1.6 մլրդ դոլարի չափով վերակառուցման հավելյալ ծախսերը, հակառակ դեպքում աշխատանքները հունվարի 20-ից կարող են դադարեցվել:
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ հակամարտող կողմերը պայմանավորվել են աշխատանքները շարունակելու համար հավելյալ միջոցների հնարավոր ներդրման մասին, սակայն ներդրման հստակ չափ չի համաձայնեցվել:
«Ինչ էլ որ լինի, Պանաման կավարտի (ջրանցքի) ընդլայնումը»,- ասել է Մարտինելին:
Նրա խոսքով՝ ներկայում ջրանցքի ղեկավարությունը բանակցություններ է անցկացնում ընկերությունների հետ՝ երկուստեք ընդունելի արդյունքի հասնելու համար:
Ներկայում Պանամայի ջրանցքի ընդլայնմանն ուղղված ավարտուն աշխատանքների մակարդակը գնահատվում է ավելի քան 70 տոկոս, իսկ նոր ջրարգելակների կառուցման աշխատանքներինը՝ 64 տոկոս: Աշխատանքների ավարտը նախատեսված է մինչև 2015-ի ապրիլ: Սկզբում վերակառուցման արժեքը գնահատվել է 5.3 միլիարդ դոլար:



