Սարգիս Փարաջանյանը՝ նույն ինքը մեծանուն կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովը, այսօր իննսուն տարեկան կդառնար: Նա ծնվել է Թբիլիսիում՝ հայերի ընտանիքում: Դեռ մանկուց նա հետաքրքրություն էր ցուցաբերում արվեստի հանդեպ և զբաղվում էր նկարչությամբ, ջութակով, բալետով և դաշնամուրով: 1945 թ.-ին նա ընդունվեց Մոսկվայի կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտ: Երկու տարի անց Փարաջանովին մեղադրեցին նույնասեռականության մեջ, և նա ստիպված եղավ մի քանի ամիս բանտում անցկացնել: 1950 թ.-ին նա ամուսնացավ երիտասարդ թաթարուհու հետ, սակայն թաթարուհու ազգականները շուտով սպանեցին նրան՝ օտարազգի մարդու հետ ամուսնանալու համար: Փարաջանովի երկրորդ կինը ուկրաինուհի Սվետլանա Շերբատյուկն էր: Նրանք մի որդի ունեցան, սակայն 12 տարվա համատեղ կյանքից հետո, ամուսնալուծվեցին:

Փարաջանովի ստեղծագործական գործունեությունը ևս բուռն էր ընթանում: Նա մեկը մյուսի հետևից ֆիլմեր էր թողարկում, որոնք արժանանում էին ժամանակի ամենահեղինակավոր մրցանակներին: Այնուամենայնիվ, խորհրդային իշխանությունները չէին հանդուրժում Փարաջանովի ազատամտությունը, որն արտացոլվում էր նրա ստեղծագործություններում: Նրա ստեղծագործություններից շատերը, այդ թվում նրա գլուխգործոց «Նռան գույնը», երկար ժամանակ արգելված էին: 1973 թ.-ին Կիևում Փարաջանովին ձերբակալեցին, իսկ 1974 թ.-ին դատապարտեցին 5 տարվա ազատազրկման: Անգամ բանտում նա չդադարեց ստեղծագործել. նա այնտեղ ստեղծում էր ցնցող կոլաժներ և նկարներ: 1977 թ. դեկտեմբերի 31-ին մի շարք մշակութային գործիչների, մասնավորապես Լուի Արագոնի միջամտության շնորհիվ Փարաջանովն ազատ արձակվեց և շարունակեց ստեղծագործել, սակայն քանի որ նա Խորհրդային Միության սև ցուցակում էր, նրա արվեստի տարածումն ամեն կերպ խոչընդոտվում էր: 1982 թ.-ին նրան ձերբակալեցին երրորդ անգամ՝ այս անգամ մեղադրելով կոռուպցիայի մեջ: Մի տարի անց նա ազատ արձակվեց: 1980-ականների կեսերից քաղաքական ճնշումները մեղմացան, և Փարաջանովն ավելի ազատորեն ստեղծագործելու հնարավորություն ստացավ: Այդ շրջանի ստեղծագործություններից են «Սուրամի ամրոցի լեգենդը», «Աշուղ Ղարիբ», «Արաբեսկներ Փիրոսմանի թեմայով»: Կյանքի վերջին տարիներին Փարաջանովն աշխատում էր «Խոստովանանք» ինքնակենսագրական ֆիլմի վրա, սակայն այդպես էլ չհասցրեց ավարտին հասցնել այն: Նա վախճանվեց 1990 թ.-ին՝ քաղցկեղից: Ստորև կարող եք դիտել նրա ստեղծած կոլաժներն ու նկարները:



