Առավոտ շուտ՝ գիշերահարամ...
Լավագույն գրականությունը, ֆիլմը, երաժշտությունը, նկարը դրանց մշտապես վերընթերցվելու, վերանայելու, վերալսելու, հետևապես մինչև վերջ չհասկացվելու կամ մանրամասն սիրվելու մեջ է...Ուրեմն մարդն էլ, իբրև այդ բոլոր երևույթների արարչահիմն կառույց, բացառված չէ իրահասցե տարընթերցումից, որովհետև այդ ամենը վերջնական իմացության նպատակը չէ, այլ արահետ դեպի Իմացության-Իմաստնաակունքը՝ որ է տիեզերափռեկ, երկնագո Աստված, Հոգի, Ճշմարտություն...
Եվ ուրեմն, այն, ինչ միանգամից հասկանում ես ու սիրում կամ ատում նույնիսկ, ամբողջը չէ, նախասիրություն է...Իսկ պարզվում է՝ մեր նախասիրությունները գերազանցում են մեր սիրո առարկաներին, մենք խոսում ենք սիրուց, բայց անփույթ ենք դրա կենսագործման համար, մենք ապրում ենք նախասիրություններով, բայց դրանք միշտ չէ, որ բխում են մեր սիրուց: Եվ, ընդհանրապես, սիրով չենք արթնանում, ապրում, խոսում, հարաբերվում, ուրեմն նախասիրությունն էլ բառակերպ է և ունայն, եթե սեր չի նախանշում...
Որովհետև սերը, այո, ամեն ինչի սկիզբն է, բայց դրանից մնացել է միայն դրա նախերգը՝ նույն գրականության, գեղարվեստական ու այլ էկրանավորումների, երաժշտության ու արվեստի այլ ճյուղերի սայթաքող ճեմերում, ճիգերում...



