Այսօր երկրային կյանքին հրաժեշտ տվեցին երկու փայլուն մտավորական, երկու տեսակ, քաղաքացի՝ Լեւոն Խեչոյանն ու Արմեն Մազմանյանը:
Վիշտս անամոք է, ցավս անսահման...
Բառեր չեմ գտնում, լացս գալիս է:
Լեւոն Խեչոյանի մասին գրել եմ անցյալ տարվա մայիսի 30-ին՝ armversion.com կայքում:
«Մայիսի 28-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով՝ Հանրապետության տոնի առթիվ պետական պարգևներ և կոչումներ են շնորհվել գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության ոլորտների մի խումբ ներկայացուցիչների: Հայրենիքին մատուցած ծառայությունների համար շքանշանի էր արժանացել գրող Լևոն Խեչոյանը, որը սակայն հրաժարվել էր դրանից՝ պատճառաբանելով, որ երբ երկրում այսպիսի ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակ է, երբ կա արտագաղթ, երբ ազատամարտիկները չդիմանալով սոցիալական ծանր վիճակին՝ նստացույց են անում, ինքը չի կարող ընդունել այդ շքանշանը:
Լևոն Խեչոյանի հետ մեզ ծանոթացրել է լուսահոգի Այդին Մորիկյանը:
Մեր մի քանի հանդիպումը բավական էր, որպեսզի իմ ընկալման մեջ ձևավորվեր Խեչոյանի հենց այսպիսի կերպար:
Ընդվզողի կերպար, որին, սակայն, խորթ են ավելորդ հռետորաբանությունը, աղմկարարությունը:
Խեչոյանն, անշուշտ, արժանի է շքանշանի, որովհետև իսկական մտավորական է, լավ արձակագիր:
Սակայն իսկական մտավորականն այն մարդն է, որը պարտավոր է երևույթները գնահատել անանձնական հարթության մեջ` ավելի մեծ մասշտաբով:
Հարցը նույնիսկ իշխանության որակի, քաղաքական համակրությունների կամ հակակրությունների մեջ չէ:
Երբ երկրում գնահատված չէ քաղաքացին, սոված և անպաշտպան է հայրենիքի պաշտպանը, իսկական մտավորականը չի կարող իրեն թույլ տալ` հաճոյանալ իշխանություններին կամ հաճոյախոսություններ լսել նույն այդ իշխանությունից:
Այս առումով` Լևոնի քայլը քաղաքացիական է ու հասկանալի:
Հայաստանում ձևավորվել է «մտավորականություն» կոչվող մի կաստա, որը չի խորշում ամեն առիթով քծնել իշխանությանը, հերթ է կանգնում` մեդալներ ստանալու, սազանդարություն անելու համար:
Այդ մտավորականություն կոչվածի խորքում ես որակ չեմ տեսնում, որովհետև այդ տիրույթում ամեն ինչ չափվում է քանակով:
Եվ ես շատ ուրախ եմ, որ անապատում երբեմն հանդիպում եմ օազիսների, որոնք գուցե չեն կարող փոխել անապատի միջավայրը, բայց դրանում հայտնվածներին ապրելու հույս են ներշնչում:
Ես ուրախ եմ, որ առիթ ունեմ ապրելու մի քաղաքում, որի իրական մշակույթը ձևավորում են Այդին Մորիկյանն ու Լևոն Խեչոյանը:
Սուրեն Սուրենյանց
...Այսօր ավելացնելու ոչինչ չունեմ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել