Kinoashkharh.am-ը գրում է.
Վիգեն Գալստյան – Մելիքի հետ ուզում էինք շարք անել. գնալ էդ մարդկանցից հարցազրույցներ վերցնել:
ԴիանաԿարդումյան –Նկատի ունես կինոյի մարդկա՞նց:
Վ.Գ. – Հա, ասենք, պատկերացնո՞ւմ ես, էն ժամանակ Յավուրյանը կար, մարդն ապրող լեգենդ է: Ոչ ոք չի նստել ու от и до քամել նրան: Էդ մարդը գնաց ու գնաց: Չնայած ինչ-որ բաներ նկարել են նրա մասին: Երբ սկսեցին DVD-ներ արտադրել, ինչ-որ շարքեր արեցին: ՄենակԱթոյանցի հետ արեցի 1,5 ժամանոց ինտերվյու: Լավն է Աթոյանցը:
Դ.Կ. – Շատ վառ պերսոնաժ է:
Վ.Գ. –Նա էն հայ օպերատորներից է, որ ոնց որ սլեսար լինի, բայց նա կինո է նկարում: Նրա լավագույն ֆիլմերում…
Դ.Կ. – 60-ակակնները նրա թույն շրջանն էր:
Վ.Գ. – Ու 70-ականներ, ասենք` «Զինվորն ու փիղը»: Շատ զիլ է նկարած:
Դ.Կ. – Բա «Ավդոյի ավտոն», էնպե~ս է նկարել, նրանից հետո մեր կինոյում էլ ո՞վ է կամերան էդպես շարժել:
Վ.Գ. –Էդ ֆիլմը լիամետրաժ է եղել, ու էդքան կտրտել են, կարճամետրաժ են սարքել, բայց էլի ֆիլմը չի կոտրվել:
Դ.Կ. – «Մարդն Օլիմպոսից» Աթոյանցն է՞ նկարել:
Վ.Գ. – Դիլդարյանը:
Դ.Կ. –Վերջերս եմ էդ ֆիլմը տեսել, մինչև հիմա տպավորված եմ: Ընդհանրապես Կեսայանցը մեր կինոյում մնաց այլմոլորակային, ոնց որ «Օլիմպոսի» հերոսը:
Վ.Գ. – Տեսնում ես, որ էն ժամանակ ռեժիսոր-օպերատոր համագործակցություն կար՝ Դովլաթյան-Յավուրյան, Կեսայանց-Աթոյանց…
Դ.Կ. –Մալյան-Իսրայելյան…
Վ.Գ. – Էս մարդիկ իրար հետ յուրահատուկ ձեռագիր են ստեղծել մեր կինոյում: Համագործակցություն ասելով` դա նկատի ունեմ: Հետո` 80-ականներին, դա հիմնականում կորավ-գնաց:
Դ.Կ. – Բայց 80-ականներին էլ լավ դեմքեր կային:
Վ.Գ. – Բայց ֆորմայի վրա էլ չէին աշխատում:
Դ.Կ. – Բա Սուրեն Բաբայա՞նը:
Վ.Գ. – Բաբայանն արդեն ուրիշ էր:
Դ.Կ. – Բաբայանը 70-ականների վերջին, 80-ականների սկզբին արդեն ազդեցիկ ռեժիսոր էր:
Վ.Գ. – Նրա կարճամետրաժը տեսել ե՞ս:
Դ.Կ. – Հիացած եմ «Արարաման 8-րդ օրը» ֆիլմով:
Վ.Գ. – Ես չեմ տեսել:
Դ.Կ. – Ունեմ էդ ֆիլմը, ուղղակի ցնցող է: Հիմիկվա ֆիլմերում 3D, հատուկ էֆեկտներ, տարբեր տեխնիկական միջոցներ են օգտագործում, որ տիեզերական, ոչ երկրային տպավորություն ստեղծեն: Բայց Բաբայանը սովորական դեղին անապատ է նկարել, ֆիքսել ծովի, ավազի և այլ ձայներ, խառնել Ուայետի (Andrew Wyeth) և Հոպերի (Edward Hopper) էսթետիկան, հետաքրքիր ձևով իրար է կապել ինտերիեր-էքստերիերները, ու անհայտ տիեզերական լանդշաֆտը պատրաստ է: Էնպիսի տիեզերական մթնոլորտ է ստացել: Հիմա ես չգիտեմ` նա իսկապես սիրում է Ուայետին, թե չէ, բայց կարևորը դա չէ: Հա, Զվյագինցեևի «Արտաքսումն» էլ է շատ ազդված Ուայետից: Առաջին անգամ որ նայում էի «Արարաման 8-րդ օրը», ինքս ինձ ասում էի` մի՞թե կարող է մարդու երկրորդ կարճամետրաժն էսպես ստացվել, իսկապես հանճարեղ է էդ ֆիլմը: Դրանից հետո նրանից ատոմային ռումբի պայթյուն պիտի լսվեր: Իհարկե, կա «Տասներեքերորդ առաքյալը», «Արյունը», նրա ու Միկա Դովլաթյանի համատեղ նկարած «Սիրամարգի Ճիչը», բայց էն խտացումը, որ կա էդ կարճամետրաժի մեջ, ես հետո էլ չեմ տեսել: Բաբայանն իր թեմաներով շատ տարբեր է մեր մնացած ռեժիսորներից:
Վ.Գ. – Մի քիչ էլ Բունյուել կա նրա մեջ… Նրա վերջին ֆիլմը որ տեսա…
Դ.Կ. – «Մի նայիր հայելու՞ն» … «Ժանո՞ն»:
Վ.Գ. – Հա, «Ժանոն»: Նրա մեջ էդ աբսուրդային հումորը կա, որը մի քիչ Բունյուել հիշացրեց, իհարկե սա ուրիշ կարգի բան է, բայց կա էդ սյուռը, «Արյունում» էլ:
Դ.Կ. – Ես նրա ֆիլմերը տեսել եմ էկրանին, կինո «Մոսկվայում», կարծեմ 2000 թիվն էր: Բաբայանի և Միկա Դովլաթյանի ֆիլմերի ռետրոսպեկտիվն էր, բոլոր ֆիլմերը էկրանին գնացին: Մենք էլ առաջին կամ երկրոդ կուրսում էինք, Վիգեն Չալդրանյանը ստիպում էր, որ բոլոր ֆիլմերը անպայման նայենք:
Վ.Գ. – Իսկ Վիգեն Չալդրանյանը չէ՞ր ստիպում, որ աղոթեք:
Դ.Կ. – Աղոթքի չէր հասնում, բայց նրա շնորհիվ, կարող եմ ասել, ես էդ երկու ռեժիսորների ֆիլմերը տեսա:
Վ.Գ. – Չալդրանյանն ի՞նչ էր ձեզ ասում, ո՞նց էր դաս տալիս: Ինչ-որ դասախոսություն կարդում է՞ր, թե…
Դ.Կ. – Չէ, դասախոսություն չէր կարդում: Երբ եկավ, սկզբում հիացած էինք նրանով, նրա հմայքով, պահվածքով, օծանելիքի բույրով, հագուկապով… Մենք նրանից ահավոր ամաչում էինք` հանկարծ ու նրա որևէ հանձնարարությունը չկատարենք և այլն: Նրանք մեզ բառեր էին տալիս: Նա էր, Կարո Չալիկյանը և Իսկուդարյան Հակոբը: Իսկուդարյանն ավելի շատ դերասանի վարպետության հարցերով էր զբաղվում, էն երկուսը` ավելի ռեժիսուրայով: Ու անընդհատ մեզ բառեր էին տալիս, վերնագրեր: Որ սուտ չասեմ, շաբաթը առնվազն մի տեքստ գրում էինք: «Մարդն ընդվզում է Աստծո դեմ», «Սև և սպիտակ» էս պահին հիշում եմ էն, ինչ-որ գրել էի ու տպավորվել է, հետո մաքուր արտագրում էինք տետրակների մեջ: Մենք ամեն շաբաթ կուրսով հավաքվում էինք, մեր գրածները ընթերցում, սկսում էինք քննարկել և այլն: Շատ ոգևորող հանգամանք կար, էդ ժամանակ Չալիկյան Կարոն մի փոքրիկ լույսի շող էլ որ մեր բստրածի մեջ տեսնում էր, դա կոսմիկական մակարդակի բան էր սարքում: Մաեստրոն խորն ու նուրբ էր զգում, իսկ մենք ուղղակի ինտուիտիվ մակարդակի վրա էինք գրում: Բայց անընդհատ քեզ ոգևորում էին, որ դու լավ բան ես անում, ճիշտ ճանապարհի վրա ես: Հիմիկվա խելքով որ նայում եմ, մտածում եմ` գուցե մեզ պետք էր ավելի պարզ խնդիրներ տալ, որ տեսարան կառուցել սովորեինք, ավելի արհեստի կողմը ցույց տային: Նրանք եկան ու մեզնից միանգամից տիեզերական մակարդակի պատմություններ էին սպասում: Բայց երբ 17-18 տարեկան ես, ամեն դեպքում էդ կենսափորձը չունես, որ հասկանաս, թե նրանք քեզնից ինչ են ուզում: Նրանց պլանկան մեր հանդեպ շատ բարձր էր, ու շատ մեծ հավատ ունեին մեր նկատմամբ: Իհարկե, առաջին տարին էդպես էր, երկրորդ տարվանից արդեն սկսվեց ամեն ինչ քանդվել, քանդվեց, հետո Վիգենը գնաց, հետո Չալիկյանը, ու մենք մեր գլխի տերը մնացինք: Երբ զգացի, թե ինձ ինչ է դուր գալիս, նրանց գնալուց հետո եղավ: Մինչև էդ մենք շատ ուժեղ Չալդրանյանի ազդեցության տակ էինք, նրա աստվածային թեմաների, տիեզերական լույսի, էդ ամենով թաթախված էինք, բայց դա մերը չէր: Կոնկրետ ես գիտեմ` հիմա էն թեմաները, որոնց անդրադառնում եմ, երևի իրենց բնույթով ավելի կամերային են և մեզ թելադրված մասշտաբներին չեն հասնում, բայց եթե Վիգենը չգնար, ես էդ տարբերությունը չէի զգա:
Ես գտնում եմ, որ շատ ճիշտ էր, որ նա եկավ ու մեր մեջ ստեղծագործելու եռանդը կաթացրեց… Մենակ դա չի, օրինակ` Ազգային պատկերասրահ իմ ամենատպավորիչ այցերը կապված են Չալիկյանի հետ: Գնում էինք, կանգնում էինք ինչ-որ նկարի մոտ, ու խենթանալու աստիճան մեկնաբանում էր նկարը, էնպիսի շերտեր էր բացում, էնպիսի բաներ էր պատմում, որ մենք էշացած, բերաններս բաց լսում էինք: Էն ժամանակ հյուսիսային պողոտան դեռ չկար, հին փողոցներն ու տները կային, մաեստրոյի՝ Չալիկյանի հետ քայլում էինք հին երևանյան փողոցներով, մաեստրոն մեզ ճարտարապետություն էր բացատրում, ցույց էր տալիս պարսկական և ռուսական ճարտարապետության ազդեցությունները շենքերի վրա. «Սա ռուսական ստիլ է, սա պարսկական ստիլ է, տեսեք էս շենքի վրա ստիլերի ինչ միքս կա…»:
Կլասիկ երաժշտության ամենաէմոցիոնալ պահերը նույնպես Չալիկյանի հետ են կապված: Երբեք ափսոս չէր դասաժամը ծախսել դասական երաժշտության վրա, հետո երկար-բարակ խոսել լսածի մասին, հետո մաեստորն լսած գործից հատվածներ էր նվագում, բացատրում նրբությունները: Մաեստրոն վարակում էր, թաթախում էր արվեստով: Շատ, շատ էր լցնում… Ստիպում էին կարդալ, ոգևորում էին: Ինձ թվում է` էդ տարիքում դա շատ կարևոր էր: Քեզ թվում էր` դու շատ մեծ առաքելություն ունես, դու ընտրյալ էիր… Վիգենը բոլորիս ասում էր` դուք իմ ընտրյալներն եք, ինքը Քրիստոս էր, մենք էլ իր առաքյալները: Համարյա էդ կարգի հարաբերություններ էին: Շատ ծիսական էին էդ հարաբերությունները. ամեն առավոտ Վիգենը գալիս էր, բոլորիս գլուխները համբուրում էր, հետո մաեստրոն գալիս էր, միասին երգում էինք, բեմական շարժման դասի էինք գնում, գնում էինք մաեստրոյենց տուն, բորշչ էինք եփում, բայց դա բորշչ չէր, դա արվեստ էր…
Վ.Գ. – Հետաքրքիր է, օրինակ` Աթոյանցը որ պատմում էր իր դաս տալու մասին, էլի էդպիսի ընտանեկան միջավայր էր ստեղծում, աշակերտները գալիս էին իր տուն, ոնց որ իր աշակերտների պապիկը լիներ, քան դասատուն:
Դ.Կ. – Ես մաեստրոյի տանը քնում էի: Աբսուրդ է… Ասում էր՝ Աշտարակ մի գնա, էսօր իմ տանը մնա: Նա կողք կողքի երկու տուն ուներ, մեկի մեջ ես էի քնում, մյուսում՝ ինքը: Հետո առավոտյան միասին դասի էինք գնում: Մաեստրոն նաև մեր տուն էր գալիս, մամայիս եփած մուրաբաներն էր ուտում: Դա ինձ համար ցնցող էր, ես էդ տեսակ հարաբերություններ չէի տեսել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ