Ողջույն քարից ստատուս քամող հայ ազգ: Սկսում ենք բլոգոլորտի հերթական շաբաթվա ամփոփումն ու առանձնացնում շաբաթվա ընթացքում առավել աչքի ընկած և քննարկված թեմաները:
Ձեզ հետ լրիվ անկեղծ լինելու համար ասեմ, որ բլոգոլորտի այս շաբաթվա ամփոփումը միայնակ չեմ արել, այլ իմ ամենասիրելի ռադիոհաղորդավարուհիներից մեկի՝ Աստղիկ Հակոբյանի հետ, ով, տեսնելով թե որքան ենք զբաղված ադրբեջանցի հակերների ավիրածությունների հետևանքները վերացնելով, իր օգնությունն առաջարկեց. ինչի համար նրան անչափ շնորհակալ եմ:
Շաբաթվա բլոգային թոփ թեմաների առաջատարը ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն էր, ում մեղադրում են ոչ ավել ոչ պակաս, ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, փող լվանալու մեջ: Հենց շաբաթվա սկզբին ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոնը հաղորդագրություն տարածեց, որով հայտնում էր, որ «Սիվիլիթաս» հիմնադրամը, որի հիմնադիրը հանդիսանում է Օսկանյանը, խախտելով իր իսկ կանոնադրության և գործող օրենսդրության պահանջները 2011թ. ֆինանսավորման աղբյուրների, ֆինանսական տարում օգտագործված միջոցների, այդ թվում «Պոլիմեր Մատերիալս» և «Հանթսման Ինթերնեյշնլ» կորպորացիաների կողմից բարեգործական նպատակներով հատկացված մոտ 2.000.000 ԱՄՆ դոլար գումարի վերաբերյալ հաշվետվության չի ներկայացրել: Քրեական գործը հարուցվել էր դեռևս մայիսի 25-ին, բայց աղմուկ բարձրացավ հատկապես այն բանից հետո, երբ հարցաքննության կանչեցին հենց Վարդան Օսկանյանին: Ողջ շաբաթ համացանցում ակտիվ էր պատմության գլխավոր հերոսը, ով իր ֆեյսբուքյան էջում գրեց. «Գիտակցում եմ, որ սա միայն իմ պայքարը չէ, այլ հասարակության պայքարն է: Գիտակցում եմ նաև, որ այն կարող է դժվարին և երկարատև պայքար լինել, ուստի յուրաքանչյուր աջակցություն ինձ համար ոգեշնչման աղբյուր է»:
Սրան հաջորդեցին թեմայի շրջանակներում մի շարք սենսացիոն բացահայտումներ: Դրանցից մեկի հեղինակը բլոգեր Փիղն էր, ով իր ֆեյսբուքյան էջում գրեց. «Օսկանյանի հետ կապված ուղղակի արժեր նաև նշել, որ Սիվիլիթասին էտքան փող փոխանցող Հանթսման Բիլդինգը մոռմոնական" եկեղեցու" կառույցներից է (բավականին կռուտոյ աղանդներից, մեզ ավելի հայտնի է որպես Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցի»:
Ողջ շաբաթ բլոգերներն ու ֆեյսբուքցիները գրեցին, բողոքեցին ու անիծեցին Մարկ Ցուկենբերգին: Ֆեյսբուքն իրեն բավական տարօրինակ պահեց այս շաբաթ, իսկ մենք հերթական անգամ համոզվեցինք, որ առանց ֆսյսբուքի բլոգերները ոչ մի կերպ յոլա գնալ չեն կարողանում: Համենայն դեպս նրանց մի մասը բարկացել էր ֆեյսբուքի խափանված աշխատանքի պատճառով, բայց ներողամտորեն վերաբերեց իրողությանը: Չէ՞ որ գիտենք, որ ֆեյսբուքի հիմնադիը վերջերս է ամուսնացել և գնացել է ամուսնական ճամփորդության ու, ինչպես նկատել էին հայ բլոգերները Ցուկենբերգի գրասենյակում հաստատ օգտվել են շեֆի բացակայությունից:
Հինգշաբթի օրը թերթերից մեկը փորփրել էր ֆեյսբուքյան խմբերն ու մի շատ հետաքրքիր բացահայտում էր արել, որը իմիջիայլոց բլոգոլորտում դեռ քննարկում են: Կինովավերագրող Վարդուհի Սիմոնյանի նախաձեռնությամբ «Ֆեսյբուք» սոցիալական ցանցում բացված ԵԼՔ խումբը ստորագրահավաք է սկսել ի պաշտպանություն գրող և պետական գործիչ Վանո Սիրադեղյանի: Նրանք շեշտում են, որ Վանո Սիրադեղյանը մեր ժամանակի մեծատաղանդ գրողն է: Օգտատեր, կապիտան Արթուր Եղիազարյանի հարցին, թե ի՞նչն եք պաշտպանում, վերադարձը՞, գրական ստեղծագործությունները՞, թե՞ այլ բան կա նախաձեռնության հեղինակը պատասխանել է. «Իր պետության մեջ առանց հետապնդումների ապրելու իրավունքն ենք պաշտպանում»: Սրանից հետո ֆեկսբուքցի Համլետ Կիրակոսյանը առանձնացրեց , իր խոսքերով վանոյացավով տառապողների 3 տեսակ. «Առաջին խմբում նրանից իրապես վախեցողներն են, ովքեր 98-ին պետական հեղաշրջում արեցին, տիրացան իշխանությանը, հակալեվոնական ու հակավանոյական օպերացիա կազմակերպեցին եւ շարունակում են մինչ օրս: 2.Մարդիկ, ովքեր այդ տարիների մասին իրենց տեսածով ու լսածով որոշակի պատկերացում ունեն, որն ունենալով որոշակի օբյեկտիվ հիմք, այնուամենայնիվ, մեծ մասամբ խարսխված է սուբյեկտիվ ու անձնական ընկալումների վրա: 3. Մարդիկ, ովքեր 1 կետի օպերացիայի արդյունքում՝ իրենց ուղեղներում ինչ-որ բան են ամբարել, բայց, թե իրենից ինչ է ներկայացնում այդ ամբարվածը, իրենք էլ չգիտեն, միայն անգիր արած թութակային բառեր ու նախադասություններ են շարում իրար կողքի»:
Հունիսի 15: Տոնական Երևան: Նշեցինք պետական խորհրդանիշերի օրը: Ում համար տոն, ում համար անվերջ ձգվող խցանում ու նյարդերի գերլարում: Կազմակերպված տոնական երթը խցանումների պատճառ դարձավ, ինչից և ամենաշատը բարկացել էին մեր քաղաքացիները: Նախ երթն անցկացվեց երեկոյան ժամը 19:00-ին` այդ ժամին մայրաքաղաքն ու հատկապես Կենտրոնը գերծանրաբեռնված է: Եվ հետո այդ օրը փակ էր Մյասնիկյան-Հերացի հատվածը ու կենտրոնում իսկական քաոս էր : Սակայն մինչ նյարդային երոկոն, շատերը համացանցում ակտիվ նշեցին տոնը, բազմաթիվ գրառումներ ու նկարներ նվիրելով հայերնիքի խորհրդանիշներին: Ճիշտ է դրանք բոլորը նման էին իրար, բայց ոգևորությունն ամեն դեպքում փոխանցվեց բոլորին: Եղան նաև մի փոքր խրատական գրառումներ,` նվիրված շատ ու շուտ ոգևորվողներին : Բլոգեր Chaykanek-ը գրել էր . «Եկե՛ք վերջ տանք ձևականություններին: Հայրենասեր չեն դառնում ֆեյսբուքի պատին դրոշի նկար և սրտաճմլիկ գրառումներ տեղադրելով: Հայրենասիրությունը չպետք է մեկնաբանել, չպետք է մեկնել....: Ուզում եմ հասկանանք վերջապես, թե ի՞նչ են իրենցից ներկայացնում մեր դրոշը, գերբը, օրհներգը: Երբևէ մտածել ե՞ք այն մասին, թե կկարողանաք արդյոք ուժ հավաքել և մեր Եռագույնը պահել համապատասխան բարձրության վրա... »:
Իսկ ահա շաբաթվա ավարտը ցանկալի էր բոլոր նրանց համար, ովքեր անհամբեր սպասում էին, թե երբ են հրապարակելու նոր նախարարների անունները: Բաղձալի ցուցակի հայտնվելուց րոպեներ անց կապի ու տրանսպորտի նախարարությունը հայտնվեց բոլորի ուշադրության կենտրունում, ավելի շուտ ոչ թե նախարորությունը այլ նորանշանակ նախարարը: «Սև էղավ մեր կապն ու տրանսպորտը»,- գրեց Դաբավոգն իր էջում: «Դոմինգոի համարը մեկնումեկը ունի՞, չեմ հիշում, որտեղ եմ գրել»,- րոպեներ անց բլոգերը դարձյալ նորանշանակ նախարարին հիշեց : «Որ ասում էի սևերը քաղաքում շատանում են, չէիք հավատում»-, իր հերթին գրեց բլոգեր խլուրդը: Իսկ ահա Արտակ Աղբալյանն անդրադարձավ կառավարության կազմին, առհասարակ և առանց անձնավորելու. «Հավատանք, որ փոխվենք» կարգախոսը կարծում եմ խմբագրման կարիք ունի, հաշվի առնելով, որ տարբեր մեթոդներով ու բոլորիս հայտնի ձևերով բավականին հավատացողներ եղան, իսկ փոխվողներ չկաին: Նոր կառավարության կազմը դրա վառ ապացույցը... Մի փոքր հեռատես որ լինեն, հաշվի առնելով առաջիկա ընտրությունները ճիշտ կլինի նոր կարգախոս որդեգրեն «ՓՈԽՎԵՆՔ ՈՐ ՀԱՎԱՏԱՆ»...
Ֆեյսբուքցի Կարեն Հարությունյանն էլ կառավարության նոր կազմից ոգեշնչված հանդես եկավ առաջարկությամբ, որը հաստատ կհետաքրքրի Երևանի գլխավոր դիզայներ Գագա Ամատունուն: Կարեն Հարություննյանն առաջարկում է մանուշակագույն ավտոբուսները սև ներկել`ի պատիվ տրանսպորտի նոր նախարար Գագիկ Բեգլարյանի: «Դրանով կոգևորենք նորընտիր նախարարին, ինչը կնպաստի նրա արդյունավետ աշխատանքին: Համ ավելի գեղեցիկ կլինի, համ էլ ազգային արժեքներին համապատասխան: Վերջապես բազմագույնը բազմազանություն է, ինչը հարիր չէ հայերին»-գրել էր Կարենը:
Եվ վերջում ամփոփելով շաբաթն ու հատկապես կապի ու տրանսպորտի նորանշանակ նախարարի անձի շուրջ ծավալված բոգային քննարկումները՝ ներկայացնենք բլոգոլորտի ամենապոետիկ հեղինակի՝ Օվանիտասի չափածոն՝
Թվերը, բայթերը, բիթերը
Նեղվելով են մալուխով հոսում,
Կարծական թերթերի հիթերը
Հերթական ցավոտ լուրն են գուժում.
Որ շինել են կապի տիրոջ մերը,
Տրանսպորտի մասին չեմ էլ ասում,
Ուր հարուստ պապիկի միլիոնները
Դեռ Երվանդ Զախարյան էր ծախսում։
Կովկասյան վագրիկի դափնիները
Առը հա, թե դառնան իրական.
Խիստ պակաս են երկրում Կնդոները,
Դոմինգոն է՛լ չի գա Հայաստան։